Հուլիսի սկզբին որպես “Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ գրավոր հարցում էի մուտք արել Երևանի քաղաքապետարան: Մի քանի օր անց ինձ զանգահարեցին Տրանսպորտի վարչությունից և ասացին, որ իմ պահանջած տեղեկատվությունը մեծ ծավալի է, և ինչպես օրենքն է նախատեսում, ես պետք է վճարեմ փաստաթղթերի պատճենահանման գումարը: Հայտնեցի, որ պատրաստ եմ կատարել օրենքի պահանջը: Քաղաքապետարանն իմ դիմումը մակագրել էր “Երևանտրանս” ՓԲԸ-ին, ինձ էլ տեղեկացրել էին, որ պետք է այնտեղ վճարում կատարեմ և ստանամ իմ փնտրած տեղեկատվությունը, այն է` Երևանը սպասարկող երթուղային տաքսիների չվացուցակները, որը հնարավորություն կտա պարզել, թե հանրությանը սպասարկող տրանսպորտը որքանով է հետևում սահմանված ժամանակացույցին:
Երեք օր անց այցելեցի “Երևանտրանս” ՓԲԸ: Դիմումս տեղ էր հասել, սակայն մնացել էր գրանցամատյանում, քանի որ պատասխանատու պաշտոնյան այն չէր էլ վերցրել: Իմ ներկայությամբ ոմն Դադասյան, ով չներկայացավ, թե ինքն ով է, կարդած դիմումս, ապա ասաց, թե իրենք չեն պատասխանելու դիմումին: Ինձ էլ խորհուրդ տվեց զանգահարել քաղաքապետարան և նրանցից պահանջել տեղեկատվությունը, քանի որ դիմումս այնտեղ եմ մուտքագրել:
Զանգահարեցի քաղաքապետարան, ասացին, թե ինձ գրավոր պատասխան են ուղարկել փոստով, իսկ երբ պարզեցին, որ ես չեմ ստացել, ասացին, որ մոտենամ “Մեկ պատուհան” կոչվող բաժնին և այնտեղից ստանամ: Տրանսպորտի վարչության պետի ստորագրությամբ գրավոր պատասխանի բովանդակությունը նույնն էր, ինչ ինձ հեռախոսով էին ասել. “Դուք կարող եք դիմել “Երևանտրանս” ՓԲ ընկերությանը` 30-օրյա ժամկետում ստանալու պահանջվող տեղեկատվությունը”:
Զանգահարեցի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին, որպեսզի նրանից պարզեմ, թե նման իրավիճակում ես ումից կարող եմ տեղեկատվություն ստանալ: Ներկայացա որպես քաղաքացի Արման Ղարիբյան: Վարչության պետ Արթուր Գևորգյանը հենց սկզբից ոչ բարեհամբույր էր խոսում ինձ հետ: Նրա հետ մի քանի րոպե վիճելուց հետո, ի վերջո լսեցի, պատշաճ տոնով պատասխանը. քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կապ չունի “Մեկ պատուհան”-ում մուտքագրված դիմումների հետ:
Նյութ գրեցի այս ամբողջ պատմության մասին, բայց հրապարակեցի ոչ թե ԶԼՄ-ներում, այլ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ անձնական էջում: Այն մեծ քննարկումների առիթ դարձավ, իսկ մեկ օր անց իմացա, որ ինձ հետ ցանկանում է խոսել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:
Վերջինս տեղյակ լինելով, որ ես լրագրող եմ, խնդրին ծանոթանալուց հետո խոստացավ, որ կփորձի օգնել: Իսկ ընդամենը մեկ օր անց ինձ զանգահարեցին “Երեւանտրանս” ՓԲԸ-ից և հայտնեցին, որ իմ փնտրած տեղեկատվությունը պատրաստ է, կարող եմ գնալ վերցնել: Ի զարմանս ինձ, այդ նույն Դադասյանը բավականին բարեհամբույր էր դարձել իմ նկատմամբ: Տարօրինակ էր, բայց ինձնից պատճենահանման գումարն անգամ չվերցրին, թեև թե գրավոր հարցման մեջ, թե բանավոր զրույցի ժամանակ շեշտել էի, որ պատրաստ եմ կատարել”Տեղեկատվության ազատության մասին” օրենքի այդ պահանջը, քանի որ փնտրածս տեղեկատվությունը 10 էջից շատ ավելի էր:
Ցավալի է, բայց փաստ, հայաստանյան պաշտոնյանները դեռևս չեն կարողանում գիտակցել, որ քաղաքացին տեղեկատվություն ստանալու և տարածելու նույն իրավունքն ունի, ինչ լրագրողը: Նրանք լրագրողներին էլ մեծ սիրով չեն տրամադրում տեղեկատվությունը, պարզապես լրագրողները “զենք” ունեն նրանց դեմ` հրապարակայնությունը:
Բայց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս փուլում յուրաքանչյուր քաղաքացի որոշակի առումով լրագրող է, քանի որ կարող է իր խոսքը հրապարակային դարձնել սոցիալական ցանցերի միջոցով կամ որևէ ԶԼՄ նամակ ուղարկելու միջոցով: Այնպես որ պաշտոնյաները վաղ թե ուշ պետք է հաշտվեն այս իրողության հետ և ապահովեն քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Արման Ղարիբյան
Քաղաքացի-լրագրող