Հրապարակումներ

Հրապարակումներ

Զրպարտությունն ապաքրեականացվել է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Զրպարտությունն ապաքրեականացվել է

Լիանա Գալստյան

Սա փոփոխությունների դրական կողմն էր։ Մյուս կողմից, նոր օրենքով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները։

Եթե նախկինում մարդու պատիվը և արժանապատվությունը ենթակա էին քաղաքացիաիրավական և քրեաիրավական պաշտպանության, ապա այսուհետ փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանվում են միայն քաղաքացիական օրենսգրքով։

Այսինքն՝ վիրավորանքն ու զրպարտությունը այլևս չեն դիտվում որպես քրեորեն պատժելի արարքներ, ինչպես նաեւ դրանց դեպքում չի կիրառվում նաև ազատազրկումը որպես պատժատեսակ։ Սա կարևոր քայլ էր, քանի որ ինչպես միջազգային փաստաթղթերում, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, և տվյալ դեպքում, եթե ազատ արտահատվելու համար կարող է գործել ազատազրկում, սա բերում է նշված նորմերի խախտման։

Քաղաքացիական օրենսգրքի նոր 1087.1. հոդվածի 2-րդ կետով վիրավորանքը` «խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»։ Հաջորդ կետով սահմանվում է, որ «հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Իսկ 3-րդ կետով զրպարտությունը սահմանվում է որպես «անձի վերաբերյալ նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող եւ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների հրապարակային արտահայտություն»:

Այս դեպքում չտարբերակելով կարծիքը և գնահատողական դատողությունը և սա ևս համարելով վիրավորանք՝ կվտանգվի խոսքի ազատության իրավունքը։ Իսկ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք»։

Փոփոխությունների արդյունքում հնարավորություն է տրվում քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով նաև նրա մահից հետո։ Նոր օրենքի համաձայն՝ եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով։

Փոփոխություններով սահմանվում են նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգն ու պայմանները։ Վիրավորանքի համար դատարանը կարող է սահմանել փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի մինչև 1000- ապատիկի չափով, զրպարտության համար՝ մինչև 2000-ապատիկի չափով: Գումարի չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնելու կոնկրետ գործի առանձնահատկությունները:

Անդրադառնալով օրենքում կատարված փոփոխություններին՝ պետք է նշել, որ բարեփոխումներց բացի նկատելի են նաև որոշ բացթողումներ։ Օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների, ընդունված կարևոր կետերի, ինչպես նաև թերությունների մասին իրենց առաջարկություններով ու դիտողություններով հանդես եկան ոլորտի շատ մասնագետներ։ Առավել շատ քննարկումներ և կարծիքները ծավալվեցին վիրավորանքի եւ զրպարտության համար սահմանված փոխհատուցումների շուրջ: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը ևս, անդրադառնալով օրենքում կատարված փոփոխություններին, հանդես է եկել առաջարկություններով և դիտողություններով։ Իրավաբան Մովսես Հակոբյանը, նշելով, որ փոխհատուցման վճարները անհիմն մեծացված են և պետք է առնվազն կրկնակի անգամ նվազեցվեն, տալիս է նաև այդ առաջարկի հիմնավորումը, ըստ որի՝ «Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ զարգացող պետությունում, ինչպիսին է Հայաստանը, կայացման փուլում են գտնվում նաև Զանգվածային լրատվամիջոցները, որոնց կողմից նման տույժերի վճարումը կվտանգի նրանց առանց այն էլ դժվարին գոյությունը»։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ այս խնդրին բազում անգամ անդրադարձել են միջազգային տարբեր կառույցներ։ Մասնավորապես, Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ սանկցիաները չպետք է չափազանց մեծ լիեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու , տարածելու ազատությունների վրա։

Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ տուգանքի նման չափեր սահմանելով՝ լրագրողներին լռեցնել չեն կարող, բայց կարող են ճնշել լրատվամիջոցներին ՝ազդելով նրանց «գրպանի պարունակության» վրա։ Իսկ Խոսքի ազատության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ պատժաչափի համար նախատեսված գումարը բարձր է, բայց դա բերում է կոռուպցիոն ռիսկի ավելի շատ, քան լրագրողների դեմ ճնշումների։

Անկախ բոլոր այս կարծիքներից, օրենսգրքի փոփոխություններն արդեն ուժի մեջ են և գործում են։ Այն արդեն կիրառվել է որոշ լրատվամիջոցների դեմ։ Արդեն նկատվում է մտավախություն, որ տուգանքի նշված չափերը կարող են դառնալ բավականին հեշտ միջոց լրագրողներին ճնշելու և լռեցնելու համար։ Իսկ թե ինչքանով հատուցման չափերը արդարացված կլինեն, և թե արդյոք դա չի դառնա միջոց լրագրողներին և լրատվամիջոցներին պատժելու համար, ցույց կտա ժամանակը։

Skip to content