Հրապարակումներ

Հրապարակումներ

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը դեռ երկակի գործելու հնարավորություն է տալիս

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը դեռ երկակի գործելու հնարավորություն է տալիս

Հարցազրույց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի նիստի ժամանակ հաստատվեցին ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարությունները ընդունելու և տնօրինելու կարգն ու ժամկետները։ Կգործի արդյո՞ք կառավարության որոշումը՝ հաշվի առնելով, որ 2007թ-ից ընդունված և նույն քայլերը նախատեսող «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքը գրեթե չի գործել։

Շ.Դ.– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շատ ողջունեց այդ քայլը, որովհետև արդեն երեք տարվանից ավելի գործում էր օրենքը, բայց փաստացիորեն այդ կայքը չէր գործում։ Սկզբում այն ուներ www.lraber.am հասցեն, որը հետագայում գնեց Վարդան Տոնոյան անունով մի մարդ, ով բոլորովին էլ կապ չուներ այդ համակարգի հետ, և օրենքի կիրառումը դարձավ անհնարին: Այնուհետև ստեղծվեց www.azdarar.am-ը, որը միայն կառավարության վերջին որոշումից հետո արդեն պատրաստ է որպես տեխնիկապես հագեցած կայք, բայց դեռևս բաց չէ հանրության համար, քանի որ կատարվում են թարմացման աշխատանքներ։ Կարող եմ ասել, որ ստեղծվել է տեխնիկապես իրոք լավ աշխատող կայք, հիմա խնդիրը միայն այն է, որ այն, իսկապես, իր նպատակին ծառայի, որ ամենօրյա թարմացումներով տեղ գտնեն բոլոր պաշտոնական ծանուցումները, իսկ լրագրողների, հասարակական կազմակերպությունների ու այլ քաղաքացիների խնդիրը կլինի հսկել օրենքի կատարման ընթացքին… Շատ կարևոր է նաև, որ աղբյուրը մեկը կդառնա ու տարբեր տեսակի մրցութային, աճուրդային հայտարարությունները և նմանատիպ փաստաթղթերը օրենքի համաձայն կհայտնվեն այս կայքում…Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ իրավաբանական անձ, ով ունի էլեկտրոնային ստորագրություն, իր հայտարարությունները տպելու համար ոչ թե թերթերին կդիմի ու գումար կծախսի, այլ անվճար կհրապարակի։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համաձայն այս տարի առաջին անգամ կիրառվեց մաքսիմալ տուգանք՝ դատարանի կողմից պարտադրվեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Լևոն Սարգսյանին և Ռուբեն Հայրապետյանին զրպարտելու մեղադրանքով «Հայկական Ժամանակ» օրաթերթից յուրաքանչյուրի համար որպես փոխհատուցում գանձել 2 միլիոն 44.000 դրամ: Դուք դա դիտարկում եք որպես խոսքի ազատության սահմանափակու՞մ, թե՞ խոսքի անարխիան ճնշելու ձև։

Շ.Դ. – Դատարանի վճիռը ակնհայտորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, ըստ որի, յուրաքանչյուր սահմանափակում պետք է նախատեսված լինի օրենքով, ունենա օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավար հանրությանը։ Կարծես թե ունի օրինական նպատակ, այսինքն՝ ուղղված է պետական իշխանության 3 ներկայացուցիչների խախտված հեղինակության վերականգնմանը, բայց դա անհրաժեշտ չէ ժողովրդավար հանրությանը… Եթե լինեին սովորական քաղաքացիներ, ես միանշանակ կհամարեի, որ արդարացված վճիռ է կայացվել, բայց այս պարագայում նրանք իշխանության ներկայացուցիչներ են, և պետք է նրանց պաշտպանությունը ավելի փոքր լինի, քան սովորական քաղաքացիներինը… մենք չենք խնդրել նրանց, որ ընտրեն հանրային բեմահարթակի վրա մշտապես հանրության ուշադրության ներքո գտնվելու կարգավիճակը, այսինքն՝ նրանք ընտրել են և պետք է պատրաստ լինեն, որ իրենց հասցեին հնչի քննադատություն…Կարևոր է նաև այն, որ դատարանը ընդհանրապես չի կանչել հարցաքննության լրատվության աղբյուրին՝ հաշվի չառնելով, որ լրատվամիջոցը հրապարակումից հետո բացահայտեց լրատվության աղբյուրը, որը տվյալ դեպքում առանցքային նշանակություն կունենար։ Այսինքն՝ դատարանը զրկել է լրատվամիջոցին ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունից։ Բացի այդ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը ասում է, որ, եթե դա հանրության համար խիստ կարևոր տեղեկատվություն է, ապա նույնիսկ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, նույնիսկ որոշակի զրպարտչական բնույթի հրապարակումը թույլատրելի է, եթե դրանք ունեն հանրային մեծ հնչեղություն, իսկ այս դեպքում նման խնդիր կար, որովհետև առնչվում էր միանգամից 3 ԱԺ պատգամավորների հետ։ Եվ նաև կարևոր է նշել, որ, ինչպես ասաց իրավաբան Արա Ղազարյանը, դատարանների կողմից նման որոշումները ունենում են սառեցնող ազդեցություն լրատվամիջոցների ազատության վրա, այսինքն այլ լրատվամիջոցները կմտածեն, որ իրենց էլ կարող են տուգանել, և հանրության համար կարևոր հոդվածները չեն հրապարակի:

– 2003թ.-ից ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 8 տարիների ընթացքում ինչպե՞ս է կիրառվել, որո՞նք են դրական արդյունքները, և որո՞նք են այն բացերը, որոնք դեռ պետք է լրացվեն օրենքում կատարվելիք փոփոխությունների տեսքով։

Շ.Դ.– Այս օրենքը դրեց մի կարևոր գործընթացի սկիզբ. սկսեց ապահովել, որ իշխանությունները սկսեն մտածել հրապարակային աշխատանքի մասին և հրապարակայնությունը ապահովելու ձևերի մասին։ Այսինքն՝ մինչև օրենքի գոյությունը հատուկենտ պաշտոնյաներ երբևէ լսել էին այդ մասին, իսկ սա ավանդույթների ու գործընթացի սկիզբը դրեց, որը օրենքի և մեր կենտրոնի ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում: Այսօր դժվար թե գտնենք մի պաշտոնյա, որ գոնե տեղյակ չի, որ այդ օրենքը կա, և օր-օրի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր դիմում են օրենքի օգնությանը: Եթե խոսենք բացթողումների մասին, հիմնականում դրանք էլեկտրոնային տեղեկատվության մատչելիությանն են վերաբերում, այսինքն՝ դիմել, էլեկտրոնային հարցումներով և այդ ձևով պատասխան ստանալուն, կան խնդիրներ նաև տեղեկատվության դիմաց վճարումների հետ կապված, պատասխանատվության ապահովության: Դրա համար էլ մեր կենտրոնի նախաձեռնությամբ և ԱԺ-ի ու Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակեցինք օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որը այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգում է: Արդեն 1 տարի և 3 ամիս է օրակարգում է, չեմ կարող ասել պատճառները` ինչու՞ է ձգձգվում, բայց գիտեմ, որ այլընտրանք չունեն՝ կա՛մ պետք է հանեն օրակարգից, կա՛մ ընդունեն: Բայց երևի կընդունվի, քանի որ միշտ դրական կարծիք է ստացվել կառավարության կողմից: Փոփոխվելուց հետո կհստակեցվի նաև, թե ինչպես մարդիկ կկարողանան պետական պաշտոնյաներին, ովքեր հրաժարվել են տեղեկություններ տրամադրել, վարչական պատասխանատվության ենթարկել: Մեր կազմակերպությունը ընդամենը մեկ գործ է կարողացել շահել Արթուր Պողոսյան անունով դատավորի շնորհիվ, որի պատճառը այն չէ, որ դատավորները չեն ուզում, այլ այն, որ օրենքը լիարժեք հնարավորություն չի տալիս: Օրենքը այժմ երկակի գործելու հնարավորություն է տալիս կա՛մ պաշտպանել տեղեկատվության ազատությունը, կա՛մ պաշտպանել իշխանավորին:

– Ինչպիսի՞ն պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանը, Ձեր կարծիքով:

Շ.Դ. – Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի համարձակ ու անկախ իշխանություններից բոլոր առումներով, և իսկապես կարողանա մարդու իրավունքները դիտել ոչ թե խղճի ու կարեկցանքի տեսանկյունից, այլ մարդու իրավունքի տեսանկյունից:

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ո՞ր քայլերն եք վերջին տարիների ընթացքում համարում ձեռքբերումներ:

Շ.Դ.– Վերջապես տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կենտրոն հիմնադրվեց, որի շնորհիվ ստեղծվեց ինստիտուցիոնալ բազա, որը պետք է ապահովի պետական և համայնքային ծառայողների պարբերական ու մշտական ուսուցումները տեղեկատվության ազատության ոլորտում, այսինքն՝ ինչ պարտավորություններ ունեն նրանք այս բնագավառում, և ինչպես մենք օգնենք իրենց հասկանալ այդ պարտավորությունների կիրառումը: Ուսուցումները իրականացվում են Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն, և պաշտոնապես ուսուցումների իրականացումը լիազորվել է մեր հասարակական կազմակերպությանը: Արդեն 101 քաղծառայող է ուսուցանվել, նրանց բաժինը ավարտելուց հետո, կանցնենք համայնքային ծառայողներին: Մինչև 2012թ. 300 քաղծառայող և 400 համայնքային ծառայող կվերապատրաստվի: Մի կողմից ուսուցանում ենք ու մյուս կողմից էլ դատական գործերն ենք ուզում հարստացնել, այսինքն՝ ուզում ենք ասել` իմացա՞ք, էլ այսուհետ չեք կարող ասել՝ վա~յ չգիտեինք, խախտեցինք: Գիտելիքն ու տեղեկատվությունը ունեք, հետևաբար մենք նաև հսկելու ենք, որ դուք այդ ամեն ինչը ձեր աշխատանքում ևս իրականացնեք, ու որ ձախողեք, դիմելու ենք դատարան:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը` www.hra.am

Skip to content