Լիաննա Գալստյան
Դատավճռով թերթը պարտավորվեց պատգամավորների պատվին եւ արժանապատվությանը հասցրած վնասի համար նրանց վճարել ավելի քան 6 միլիոն դրամ եւ հերքել հրապարակված հոդվածը: «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում ասվում էր, որ Ազգային ժողովի 3 պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լեւոն Սարգսյանն առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի և փողերի լվացման՝ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործերին: Այս հոդվածում “Հայկական ժամանակը” նախապես չէր բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը (օրենքով այդ իրավունքն ուներ), միայն նշել էր , որ ըստ իրենց տեղեկությունների՝ նման ցուցակ է կազմվել։ Սակայն հետագայում, մինչ դատարանը կպահանջեր բացահայտել աղբյուրը, թերթը ինքնակամ բացահայտել է իր աղբյուրը, ով Մոսկվայում գործող “Միաբանություն” ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանն է:
«Հայկական ժամանակի» դեմ կայացրած դատարանի այս վճռին և նաև այն հարցին, թե սա ինչքանով է խախտում ազատ արտահայտվելու իրավունքը, անդրադարձան շատ լրատվամիջոցներ և ոլորտի մասնագետներ։ Oրաթերթի լրագրող Վահագ Հովակիմյանը նշում է, որ նման վճռով ոչ միայն արտահայտվելու իրավունքը, այլ նաև լրագրողի որպես լրագրող աշխատելու իրավունքն է խախտվել։ Իշխանությունը փորձել է “ճնշել ամենամեծ տպաքանակն ու ամենաուժեղ կռիվ տվողին”։
Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ նման միջոցներով լրագրողներին լռեցնել չեն կարող, քանի որ պաշտպանական շատ մեխանիզմներ կան խոսքի ազատ արտահայտվելու համար, և այս դեպքում իշխանության հեռահար նպատակները չեն գործի։ Ազատ արտահայտվելու իրավունքը ամրագրված է միջազգային շատ փաստաթղթերում։ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը, որը հռչակում է խոսքի ազատության իրավունքը, պաշտպանությունից բացի տալիս է նաև սահմանափակումներ, որոնք պետք է նախատեսված լինեն օրենքով, ունենան օրինական նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակության համար։
Անդրադառնալով վերը նշված գործին և 10-րդ հոդվածի պահանջներին՝ պետք է նշել, որ դատավճիռը բավարարում էր առաջին երկու պայմանները։ Սահմանափակումը նախատեսված էր օրենքով. (Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից): Օրենքը սահմանում է նաև վնասի փոխհատուցման կարգը, պայմանները և տուգանքի չափերը, որը տվյալ դեպքում կիրառվել է։
Բայց անդրադառնալով երրորդ կարևոր կետին, ապա դատարանի վճռով կիրառված սահմանափակումն անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությանը։
Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ այս գործի հետ կապված դատարանը հաշվի չի առել մի շարք կարևոր հանգամանքներ։ Նախ դատարանը հաշվի չի առել և չի կանչել լրատվության աղբյուրին, ինչը այս դեպքում կասկածի տակ է դնում դատավարության իրական նպատակը։ «Պետք է հնարավորություն տալ անձին պաշտպանվել, սա ոչ միայն արդար դատավարության սկզբունք է, այլ մտնում է 10-րդ հոդվածի տակ։ Լրագրողը առաջարկել է միջոց պաշտպանվելու համար, իսկ դատարանը մերժել է։ Դատարանը պարտավոր էր ստուգել աղբյուրին »,-ասում է իրավաբանը։
Անդրադառնալով մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածին՝ պետք է նշել, որ այս դեպքում դատարանը որոշում կայացնելիս պետք է հաշվի առներ մի շարք կարևոր սկզբունքներ ևս: Նախ քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները ավելի նվազ են պաշտպանված 10-րդ հոդվածով, քան այլ անձիք։ Հաջորդը հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրերի սկզբունքն է։ Վերը նշված գործով պետք է փաստել, որ տվյալ հրապարակումը հասարակական մեծ հետաքրքրություն էր ներկայացնում։ Մյուս կարևոր սկզբունքը՝ ողջամիտ տեղեկատվություն, կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը կարողանում է հաստատել, որ ողջամիտ կլիներ կարծել, որ ցանկացած անձ լինելով մեղադրյալի տեղը և գտնվելով ցանկացած այլ հան•ամանքներում, կտարածեր նույն տեղեկատվությունը այն նույն ձևով և տեսքով, ինչպես որ տարածել էր մեղադրյալը: Այս դեպքում դատարանը պետք է հաշվի առնի արտահայտվելու ազատության կարևորությունը հանրության հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների առնչությամբ, ինչպես նաև այդ հիմնախնդիրների վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն ստանալու հասարակության իրավունքը:
Հարկ է նկատել, որ դատարանը հաշվի չի առել այս կարևոր սկզբունքները։ Իրավաբան Արա Ղազարյանը նաև նշում է, որ Եվրոպական դատարան դիմելու դեպքում դատարանը ոչ միայն հաշվի է առնելու այս կարևոր սկզբունքների կիրառումը, այլ նաև անդրադառնալու է մի կարևոր հանգամանքի վրա ևս, որը կոչվում է «սառեցնող ազդեցություն» /chilling effect/։ “Դատը ինքնին կարող էր սառեցնող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների ազատության վրա։ Այսինքն դատարանը քննարկելու է, թե իրական նպատակը այդ մարդկանց խախտված իրավունքները վերականգնե՞լն է, թե՞ դա հեռահար նպատակ է հետապնդում՝ուղղված թերթի փակմանը”,- ասում է իրավաբանը։
Հավելենք, որ դատարանը դեռևս լրատվամիջոցին չի տրամադրել վճռի օրինակը, որից հետո մեկամսյա ժամկետում թերթը կարող է բողոքարկել։