Հռիփսիմե Հովհաննիսյան
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պետական և համայնքային ծառայողնորին բացատրում է` ինչպես վարվել պետական ատյաններ դիմող դժգոհ քաղաքացիների հետ, ինչպես մեղմացնել լարված դրությունը և ընդհանուր լեզու գտնել ցանկացած քաղաքացու հետ: Պաշտոնյաներն էլ լսում են բանախոսին, մասնակցում դասախոսությանն իրենց հարցերով և փոխանակվում իրար հետ մասնագիտական փորձով:
Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնը հիմնադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրո» հ/կ-ի եւ «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ-ի ջանքերով` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: «Փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվության ազատության խնդիրների մեծ մասը Հայաստանում պայմանվորված է պաշտոնյաների չիմացությամբ,-ասում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:-Պաշտոնյաները լավ չեն պատկերացնում տեղեկատվության ազատության օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս դասընթացների հիմնական նպատակներից է նրանց ցույց տալ, որ բաց եւ հրապարակային աշխատանքը օգուտ է ոչ միայն քաղաքացիներին, այլեւ հենց իրենց` պաշտոնյաներին եւ պետական կառույցներին»:
Դասընթացի բանախոսներից Գոռ Աբրահամայանը, ով կրթական կենտրոնում դասախոսություն է կարդում «կոմունիկացիայի կառուցվածք. դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները. քաղաքացիների սպասարկում» թեմայով, շատ է կարևորում այս ծրագրի իրականացումը Հայաստանում: Նա նկատել է` դասախոսություններն անցնում են անմիջական մթնոլորտում, քաղաքացիական ծառայողներն էլ ակտիվ մասնակցում են դասընթացին և ամբողջությամբ ներգրավված են ծրագրի իրականացման մեջ: «Կարևոր է, որ դասախոսություները տարվում են ոչ միայն տեղեկատվության տրամադրող, այլ նաև քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող պետական ծառայոների հետ»,- ասում է պարոն Աբրահամյանը:
Ինչպես ստանալ և տրամադրել տեղեկատվություն, որ դեպքերում կարող է պետական մարմինը մերժել տեղեկատվության տրաամդրումը, ինչպես բողոքել տեղեկատվությունը չստանալու դեպքում և որոնք են տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվության ձևերը: Այս մասին քաղաքացիական ծառայողների համար դասախոսություն է կարդում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի փորձագետ Գևորգ Հայրապետյանը, ով էլ փորձում է քննարկումների միջոցով նաև պարզել` որոնք են տեղեկատվությունը տրամադրելուն առնչվող հիմնախնդիրները: Դրանք գրառվում են` հետագայում ուսումնասիրելու և լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար: Իսկ դասընթացները շարունակվելու են դեռ մինչև 2012թ. ապրիլի 22-ը` կրթելով ավելի քան 700 քաղաքացիական ծառայող: Ոլորտի խնդիրների մասին շարունակելու են բանախոսել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյան, «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ-ի նախագահ Վաչե Քալաշյանը, ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի փորձագետ Սոնա Տռուզյանը, ՀՀ ԱԺ-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի փորձագետ Մարինե Հակոբյանը:
Դասախոսություններն անցնում են աշխույժ և ջերմ մթնոլորտում. այդ մասին հավաստում են քաղաքացիական ծառայողները: Կոտայքի մարզպետարանի Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էլզա Հովհաննիսյանը, ով կստանա Քաղաքացիական ծառայողի վկայանկան կարևորում է այս դասընթացները. «Թվում է, թե դասընթացի մատուցվող նյութի մասը մենք գիտենք, բայց հիմա այն մեզ մտածելու, մտքերի փոխանակության, այլ մարմինների ներկայացուցիչների հետ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն է տալիս: Այս դասընթացները ստիպում են նաև ավելի կարևորել գործը և մեծ պատասխանատվությամբ վերաբերել մեր աշխատանքին»: