Տեղեկատվության ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տրամադրելու հետ կապված հիմնական հարաբերությունները Հայաստանում կարգավորվում են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով: Սակայն կան մարմիններ, որոնք, հանդիսանալով տեղեկատվություն տնօրինող, առաջնորդվում են ոչ այնքան վերոնշյալ օրենքի դրույթներով, այլ տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերով: Այդպիսի մարմիններից է “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ը:
Հայաստանի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման հիմնական առանձնահատկությունը տեղեկատվության տրամադրման դիմաց գումարի գանձումն է, ինչպես նաեւ` տեղեկատվության տրամադրման համար սահմանված են այլ ժամկետներ` ի տարբերություն ՏԱ մասին օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի:
Նախ` ժամկետների մասին. Հայաստանի ազգային արխիվի կողմից տեղեկություն ստանալու համար սահմանված է, որ հարցումը պատասխանվում է 15 օրվա ընթացթում, բարդ և փնտրում պահանջող հարցումը`15-30 օրվա ընթացքում: Պատճառը արխիվի տնօրինության տակ գտնվող տեղեկատվության պատրաստման եւ տրամադրման բարդությունն է եւ ժամանակատարությունը: “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ի աշխատակիցների հավաստմամբ` հարցում ստանալուց անմիջապես հետո հարցումը գրանցվում է եւ առանց անհարկի ձգձգման պատասխանվում: Այն հարցին, թե ինչո՞ւ արխիվում չեն առաջնորդվում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը պատասխանեց, որ դիմողի գրավոր պահանջի առկայության դեպքում հարցումը պատասխանվում է կարճ ժամկետում` մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սակայն, ելնելով արխիվային տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունից` անգամ արխիվի ամբողջ անձնակազմի ուժերը չեն բավականացնի, որպեսզի բոլոր հարցումները պատասխանվեն 5-օրյա ժամկետում: Ուստի եւ սահմանված է ավելի երկար ժամկետ: Ամեն դեպքում նշենք, որ արխիվային տեղեկության տրամադրման համար, սահմանված է առավելագույնր 30-օրյա ժամկետը, ինչպես “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքում:
Արխիվի կողմից իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվության տրամադրման համար գումար գանձելու վերոնշյալ հիմնական առանձնահատկությունը հիմնված է “Արխիվային գործի մասին” ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի վրա` համաձայն որի` “Պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր` արխիվային փաստաթղթերի և դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման մասին”: Այսպիսով, օրենքը հնարավորություն է տալիս Արխիվին տեղեկատվության տրամադրումն իրականացնել վճարովի հիմունքներով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը արխիվային տեղեկատվության վճարովիության անհրաժեշտությունը պարզելու համար դիմեց “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանին: Պարոն Վիրաբյանը պարզաբանեց, որ ինչպես օրինակ ՀՀ ԿԱ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը ունի արտաբյուջետային ֆոնդ, որը համալրվում է նաեւ տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարներով, այնպես էլ Ազգային արխիվն ունի նման ֆոնդ: Իսկ քանի որ օրենքը թույլ է տալիս տեղեկատվության տրամադրման համար սահմանել վճարներ, ապա արխիվի արտաբյուջետային ֆոնդի համալրման աղբյուրներից մեկն էլ տեղեկատվության վճարովի տրամադրումն է: Ազգային արխիվի տնօրենը նշեց նաեւ, որ բյուջեից հատկացվող ֆինանսավորումը բավական չէ “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ի բոլոր կարիքների բավարարման համար. ՊՈԱԿ-ը ունի 40 շենք` Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան եւ Աշոցք, որոնցից 15-ը վերջին 5 տարիների ընթացքում վերանորոգվել են հենց արխիվի արտաբյուջետային ֆոնդի հաշվին:
Իսկ ի՞նչ անի քաղաքացին, եթե նա չունի վճարելու հնարավորություն, իսկ արխիվում առկա տեղեկատվությունը կարեւոր է քաղաքացու որեւէ հարց լուծելու համար: Ի պատասխան այս հարցին` արխիվի տնօրեն պարոն Վիրաբյանը նշեց, որ սոցիալ-իրավական բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ քաղաքացիներին տրամադրվում են բացարձակ անվճար: Բացառություն է միայն այն դեպքը, երբ քաղաքացին պահանջում է իր հարցումին պատասխանել կարճ ժամկետում` 1-ից 3 օրում: Այս դեպքում սահմանված է վճար, քանի որ նախ` յուրաքանչյուր տեղեկատվության տրամադրումը բավական ժամանակատար եւ դժվար աշխատանք է, ինչի հետեւանքով կարճ ժամկետում պատասխան պահանջելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում արխիվի ամբողջ անձնակազմի ուժերը կենտրոնացնել տվյալ հարցին պատասխանելու վրա, եւ երկրորդ` վերանշյալ պատճառով երկարաձգվում են մյուս հարցումներին պատասխանելու ժամկետները, ուստի, ըստ արխիվի տնօրենի` տրամաբանական է, որ նման պահանջի դեպքում քաղաքացին պետք է պատրաստ լինի նաեւ վճարել: Հակառակ դեպքում, քաղաքացին կարող է ավելի երկար` 15 օր սպասել եւ պատասխանը ստանալ անվճար:
Ներկայացնենք, թե արխիվային տեղեկատվության տրամադրման համար ինչ վճարներ են սահմանված. արխիվային տեղեկատվության տրամադրման համար գանձվող վճարումների չափերը սահմանված են “Հայաստանի ազգային արխիվ” ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի հուլիսի 28-ի թիվ 38-Լ հրամանով: Այս հրամանի 1-ին մասը սահմանում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արխիվային տեղեկատվության տրամադրման սակագները: Այսպիսով,
- սոցիալ-իրավական բնույթի հարցումների (աշխատանքային ստաժի, սոցիալական ապահովության վճարի, կրթության, պարգեւատրման, պատվավոր կոչումների, բանակում ծառայելու, պարտիզանական և դիմադրական շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամμարներում գտնվելու, բռնադատված լինելու) մասին արխիվային տեղեկանքի պատրաստումն անվճար է, իսկ նույն տեղեկությունը կարճ` 1-3-օրյա ժամկետում ստանալու համար սահմանված է 3000 դրամի չափով վճար,
- Աշխատավարձի չափի կամ կոլտնտեսականների աշխօրերի քանակի մասին արխիվային տեղեկանքի պատրաստումն անվճար է, կարճ ժամկետում կամ ռուսերեն լեզվով պատասխանելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար սահմանված է 500 դրամ, կարճ ժամկետում եւ ռուսերեն լեզվով պատասխանելու դեպքում` յուրաքանչյուր տարվա համար 750 դրամ վճար,
- Անշարժ գույքի (կալվածք, հողամաս, գործարան, տուն, բնակարան, ավտոտնակ եւ այլն) մասին արխիվային տեղեկանքի կամ քաղվածքի, վավերացված քսերոպատճենի պատրաստման համար սահմանված է 5000, բացասական պատասխանի դեպքում 1000, կարճ ժամկետում պատասխանելու դեպքում` համապատասխանաբար 10000 և 2000 դրամ վճար,
- Դիմողի մոտ առկա արխիվի կողմից տրված տեղեկանքի, քաղվածքի, վավերացված քսերոպատճենի վերապատրաստման համար (առկա փաստաթուղթը կցվում է դիմումին) սահմանված է 500 դրամի չափով վճար,
- Նոտարական գործարքների վերաբերյալ արխիվային տեղեկանքի, վավերացված պատճենի պատրաստման դեպքու անշարժ գույքի գործարքների վերաբերյալ տեղեկանք, պատճեն տրամադրելու համար սահմանված է 5000, կարճ ժամկետում պատասխանելու դեպքում` 10000 դրամ վճար,
- Նոտարական այլ գործարքների վերաբերյալ տեղեկանք, պատճեն տրամադրելու համար սահմանված է 3000, կարճ ժամկետում պատասխանելու դեպքում` 4500 դրամ վճար,
- Բնակարանի կամ հողամասի սեփականաշնորհման պահին գրանցված անձերի քանակի մասին արխիվային տեղեկանքի, վավերացված պատճենի պատրաստոման համար սահմանված է 1000 դրամի չափով վճար,
- Տնտեսական գրքերից միայն անձերի քանակի մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար սահմանված է 1000 դրամի չափով վճար,
- Կազմակերպության եւ բնակավայրի անվանափոխման որոշակի ժամանակահատվածի մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար սահմանված է 2000 դրամի չափով վճար,
- Պատմական տեղեկանք (կազմակերպության, հիմնարկի, ձեռնարկության, ուսումնագիտական հաստատության, բնակավայրի և այլնի վերաբերյալ սկսած ստեղծումից մինչև պահանջվող ժամանա կահատվածը) կազմվում է պայմանագրային հիմունքներով, բայց ոչ պակաս 15000 դրամից,
- Կենսագրական բնույթի արխիվային տեղեկանքի պատրաստման (ազգություն, ծննդյան, ամուսնության, մահվան, անվան փոփոխման վերաբերյալ) համար սահմանված է 5000, բացասական պատասխանի դեպքում`1000, կարճ ժամկետում պատասխանելու դեպքում համապատասխանաբար 7500 և 1500 դրամ վճար,
- Որդեգրման վերաμերյալ արխիվային տեղեկանքի պատրաստման համար սահմանված է 1000, կարճ ժամկետում պատասխանելու դեպքում 1500 դրամի չափով վճար,
- Ծագումնաբանական բնույթի տեղեկանք տրամադրվում եւ տոհմածառ կազմվում է պայմանագրային հիմունքներով, բայց ոչ պակաս 30000 դրամից,
- Իրավաբանական անձի (կանոնադրության) գրանցման եւ լուծարման, անհատ ձեռներեցությամբ զբաղվելու թույլտվության մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար սահմանված է 3000 դրամի չափով վճար:
Համաձայն արխիվի տնօրենի վերոնշյալ հրամանի` պաշտոնական գրության առկայության դեպքում արխիվային փաստաթղթերի օգտագործման հետ կապված ծառայությունները ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ մարմիններին, դատարաններին նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար մատուցվում են անվճար: Անվճար են պատասխանվում նաեւ աշխատավարձի չափի կամ կոլտնտեսականների աշխօրերի քանակի, ինչպես նաեւ կազմակերպության եւ բնակավայրի անվանափոխման որոշակի ժամանակահատվածի մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ ԱՊՀ երկրներից փոստով ստացված հարցումները:
Ըստ վերոնշյալ հրամանի` արխիվային տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարները կարող են զեղչվել. հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախի պաշտպանության մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, հաշմանդամներին կատարվում է 50 տոկոս զեղչ վկայականի պատճենի առկայության դեպքում: Մշակույթի կազմակերպություններին, (թանգարան, գրադարան և այլն), ԿՖՖ հավաքածուի փաստաթղթերը ոչ առևտրային նպատակով օգտագործող մշակութային միջոցառումների կազմակերպիչներին, հեղինակային իրավունքի սուբյեկտներին, ուսանողներին եւ ասպիրանտներին ծառայությունների մատուցման դեպքում նույնպես կարող են կատարվել զեղչեր, որոնց չափը յուրաքանչյու առանձին դեպքում սահմանում է Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը նշեց, որ արխիվային տեղեկություն ստանալու համար քաղաքացուն անհրաժեշտ է ընդամենը համապատասխան հարցումով ներկայանալ արխիվ եւ մուտքագրել հարցումը կամ էլ հարցումն ուղարկել փոստի միջոցով, ինչպես յուրաքանչյուր այլ մարմին դիմելիս: Վճարման անհրաժեշտության դեպքում, եթե քաղաքացին ներկայացել է արխիվ, ապա բնականաբար, արխիվի աշխատակիցները քաղաքացուն կտեղեկացնեն այդ մասին: Իսկ եթե վճարում կատարելու անհրաժեշտություն լինի այն դեպքում, երբ հարցումն ուղարկվել է փոստի միջոցով, ապա պատասխան գրությամբ քաղաքացուն տեղեկացվում է, որ հարցումը կպատասխանվի համապատասխան վճարումը կատարելուց եւ վճարման անդորրագիրն արխիվ ներկայացնելուց հետո:
Պարոն Վիրաբյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացին դիմում է արխիվ, սակայն պատասխան գրությունը վերցնել հրաժարվում է, օրինակ, երբ ճշտում է, որ պատասխանը բացասական է: Արդյունքում, կատարված ժամանակատար աշխատանքը դառնում է անիմաստ: Այս երեւույթի դեմ պայքարելու համար նախկինում գանձվում էր կանխավճար` անկախ այն բանից պատասխանը դրական է, թե բացասական: Նշենք, որ արխիվից տեղեկատվություն ստանաու համար նոր սակագներ սահմանելուց ընդամենը մեկ ամիս առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քաղաքացու համար տեղեկատվություն փնտրելիս դիմել էր Հայաստանի ազգային արխիվ եւ, չնայած արխիվի պատասխանը բացասական էր, այսինքն, փնտրվող փաստաթղթերն արխիվում առկա չէին, այնուամենայնիվ ԻԱԿ-ը ստիպված էր 2500 դրամի չափով կանխավճար վճարել: Սակայն այժմ քաղաքացին կանխավճար պետք է վճարի միայն մի դեպքում` ծագումնաբանական բնույթի տեղեկանք տրամադրման եւ տոհմածառ կազմելու դեպքում, քանի որ ի օգուտ քաղաքացիների` նոր հրամանով հանվել է նաեւ նախկինում գործող կանխավճար վճարելու պահանջը: