Գայանե Պապյան “Որպես փորձառու հաշվապահ` ինձ համար հեշտ է”,- ասում է տիկին Գոհարը, ով արդեն 20 տարի հաշվապահ է, աշխատում և աշխատանքային փորձով է համոզվել, որ հարկատուն ինքը պետք է հետաքրքրվի, փորփրի ու գտնի անհրաժեշտ տեղեկությունը: “Այդ ամենն իր ուսերի վրա է: Հարկայինին ինչ, կասի` ես հանել եմ օրենքը, դու պարտավոր էիր իմանալ”,- ասում է նա և որպես օրինակ բերում իր հետ պատահած բազմաթիվ դեպքերը, երբ վկա է եղել` ինչպես է հարկային ծառայողը հարկատուին ասում` իմանայիր, ո՞վ է մեղավոր: Օրենքը դուրս է եկել, հո չե՞նք պահել, գրախանութներում վաճառվել է, հեռուստատեսությամբ ասվել է, ինքդ հետաքրքրվեիր, ճիշտ աշխատեիր: “Ինչ-որ տեղ գուցե դա էլ կարելի է հասկանալ: Բայց եթե անկեղծ լինենք, իրենք էլ այդքան ինֆորմացիա չեն տալիս: Եթե պատահական մի հարկատու զանգի, ասի` այս հարցն ինչ ու ինչպես անեմ, բաց կթողնեն այդ հարցը: Ոչ թե մանրամասն կպատասխանեն, այլ թեթև ուղղություն կտան: Հասկացել է` ավելի լավ, չի հասկացել` օրենքում առկա վարչական տույժ-տուգանքներով ու ակտերով իրենք իրենց գործը կանեն”,- ցավով նշում է տիկին Գոհարը: Որպեսզի պարզենք, թե ինչ մեխանիզմներով են հարկային մարմինները հարկային դաշտի օրենսդրության և կատարված փոփոխությունների մասին տեղեկացնում հարկատուներին, նախ դիմեցինք ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Հարկային մարմինները վճարողներին հարկային փոփոխությունների, հարկային օրենսդրության, ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ ժամանակին և լիարժեք իրազեկում են հիմնականում հարկային տեսչություններում պատերին փակցվող հայտարարությունների միջոցով: Հարկային մարմիններ մեր կատարած այցերն ու հարկատուների հետ զրույցները ցույց տվեցին, թե որքանով է հարկային տեսչությունն իրականացնում տեղեկատվություն տալու իր գործառույթը: Հարկային պետական ծառայության Սպանդարյանի հարկային տեսչությունում պատերին տեղադրված ցուցատախտակներին փակցված են հայտարարություններ, կառավարության որոշումներ, տեղեկանքների օրինակներ, դիմումի ձևեր: Առաջին հայացքից տպավորիչ է, բայց իրականում դրանցից շատերն արդեն հնություն են: ՙԵրբ եկա, ժամանակ ունեի, որոշեցի կարդալ կպցրած հայտարարությունները. 2007-ի թղթեր են՚,- ասում է հարկատուներից մեկը: Տեսչության պետի տեղակալ Կարեն Սահակյանը հրաժարվեց պաշտոնական ինֆորմացիա տրամադրել` պատճառաբանելով, թե պետք է ստանալ վերադասի, վերադասն էլ իր հերթին իր վերադասի թույլտվությունը: “Այդ դեպքում Դուք պետք է սպասեք, իսկ թե ինչքան` չեմ կարող ասել”,- հոգատար զգուշացնում է պրն. Սահակյանը: Պարզվում է` պատերին փակցված և հանրային նշանակություն ունեցող ցուցանակները նկարելու համար այստեղ նույնպես անհրաժեշտ է վերդասների թույլտվությունը` անգամ, եթե դա արվում է հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Պետի տեղակալի կարծիքով` կարող եմ նկարել միայն սիրողական, ասենք` հեռախոսով, ինքս ինձ համար: Մի հարկ ներքև Մյասնիկյանի հարկային տեսչությունն է: Այստեղ եւս պատերին փակցված են դիմումի ձև, հայտերի օրինակներ, հուշաթերթիկներ, իրազեկման թերթեր, կառավարության որոշումներ, օրինակելի ձևեր, տեղեկանքների ձևեր, կարգեր… Բայց նախորդի պես սրանց մեծ մասը եւս թարմացման կարիք ունի: Այստեղ հարկատուներ Բաբկենն ու կինը սպասասրահում փաստաթղթեր են լրացնում: “Այս դաշտի մասին տեղեկատվություն բացարձակ չունենք: Արդեն 6 տարի է` աշխատում ենք, հիմա հանել են էս կասսաները` ՀԴՄ կտրոնների համար է (պարզաբանում է,- Գ. Պ.)”,- ասում է Բաբկենը: Հարցին, թե օրենքներին չեք ծանոթանալու, որ կարողանաք աշխատել, պատասխանում է. “Դե չգիտենք, ոնց որ առաջին դասարանցի”: Մեկ այլ հարկատու ասում է, որ հիմնականում գրախանութներից գնում է հարկային օրենսդրության մասին գրքեր, բայց փոփոխությունների մասին ուշ է իմանում: Պաշտոնական տեղեկագրերին քիչ է վստահում` “չգիտես մեջն ինչ է. առնե՞ս` չառնե՞ս: Կարող է բոլորովին էլ քեզ պետքական բաներ չլինեն: Ինտերնետ էլ չունեմ”: “Ապրիլի 15-ին էր փոխվել օրենքը, իսկ ես գիրքն առնում եմ հունվարի սկզբին` տարվա ամբողջ օրենքների համար, ու փոխվելուց տեղյակ չեմ եղել: Եթե ապրանք ես առնում ու վաճառում ես, գնման պահից մինչև վաճառքի պահը տուգանք են հաշվում, դրանից տեղյակ չէինք: Պետք է նախօրոք իմանայինք, որ եթե ապրանքը վաճառքի համար է, պետք է տեղում վճարումը կատարվի: ԱԱՀ հետաձգման մասին է խոսքը: Ահագին տուգանքներ հաշվարկեցին: Ասում ենք` գոնե կպցնեիք հարկայինի պատին, ասում են` դուք պետք է տեղյակ լինեիք, դա ձեր պարտականությունն է”,- գլխին եկածը պատմում է հաշվապահը: ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչությունում նախորդների համեմատ սակավամարդ է: Ֆոտոխցիկն այստեղ ֆիքսում է պատերին փակցված հայտերի (առաքումների գրանցման գիրք կնքելու և հաստատելու, Հասույթի գրանցման գիրք կնքելու և հաստատելու), դիմումների (դրամարկղի գիրք կնքելու և հաստատելու, պետին դիմում հղելու) օրինակները, “Ինչպես հաշվառվել` որպես հարկ վճարող. երեք պարզ քայլ” պաստառը: Գերակշռում են ՀԴՄ-ների մասին հայտարարություններն ու որոշումները: Ստացվում է` տարածքային հարկային մարմիններն այնքան էլ լավ չեն կատարում պատերին փակցվող հայտարարությունների միջոցով հարկատուներին տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությունը, մասնավորապես` կատարվող փոփոխությունների մասին ժամանակին և լիարժեք տեղեկատվություն չի տրամադրվում, իսկ Պետական եկամուտների կոմիտեն էլ վերահսկողություն չի իրականացնում, ”քանի որ փակցնելը գտնվում է տարածքային մարմինների պատասխանատվության ու ղեկավարման տակ”,- պարզաբանում են ՊԵԿ-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հարկային ոլորտի մասին տեղեկատվության լավ աղբյուր է ՊԵԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքը` http://www.taxservice.am: “Հիմնականում հարկայինի կայքից եմ օգտվում: Եթե ասեմ բավարար է, սուտ կլինի, բաներ կան, որ հասկանալի չեն, կարելի է ասել, դիտավորյալ է գրած, որ ոչինչ չհասկանաս: Փոփոխությոնները ժամանակին լինում են, սակայն միայն կայքը բավարար չէ”,- ասում է հարկատուներից մեկը: Ի տարբերություն տեսչություններում պատերին փակցվող հայտարարություններին, կայքն իսկապես կարող է տեղեկատվության բավարար աղբյուր լինել: Կայքի Հարկային ծառայություն, Հարկային օրենսդրություն, Հարկային բարեփոխումներ, Հարկային մարմնում հաշվառվելը, Հարկային տեղեկատվություն, Հարկային ձևեր և լրացման ցուցումներ, Վիճակագրություն, Իրավախախտումներ և պատասխանատվություն, Հայտարարություններ, Արխիվ, Հետադարձ կապ և այլ բաժիններն իրենց ենթաբաժիններով կարող են մեծապես նպաստել այս ոլորտի վերաբերյալ տեղեկատվության ու գիտելիքի ձեռքբերմանը: ՊԵԿ-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նաև տեղեկացրին, որ ՊԵԿ-ը մեկ տարվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում նախատեսում է բացել հարկատուների սպասարկման հինգ կենտրոն: “Այժմ արդեն գործում է Էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման խնդիրներով զբաղվող սպասարկման կենտրոն, առաջիկա օրերին կբացվի Արաբկիրի սպասարկման կենտրոնը: Կենտրոններում կաշխատեն բարձրակարգ մասնագետների խմբեր, որոնք հարկատուներին կտրամադրեն խորհրդատվություններ՝ նրանց հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ”,- վստահեցնում են վերոնշյալ բաժնից: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից հարկ վճարողը կարող է օգտվել տարբեր եղանակներով` այցելելով, զանգահարելով, էլեկտրոնային փոստի /նաև փոստի/ և ֆաքսի միջոցով: Իսկ եթե որոշ դեպքերում անհրաժեշտ տեղեկատվությունը հարկ վճարողին չի տրամադրվի տվյալ պահին, ապա պատասխանը կտրվի առավելագույնը 5 օրվա ընթացքում: ՊԵԿ-ը իրազեկման արդյունավետ եղանակ է համարում նաև մարզային այցերը: Բայց մարզերում այս խնդրի իրական պատկերը գիտեն միայն նրանք, ովքեր ապրում, աշխատում և հարկ են վճարում հենց մարզերում: Լոռու մարզի բնակիչ Լեռնիկն արդեն 15 տարի է` Թումանյանի տարածքային հարկային տեսչությունում է հարկեր մուծում` տարեկան մոտավոր 500 հազար դրամի չափով: Հարկային տեղեկատվություն ձեռք է բերում տեսուչներ միջոցով` բանավոր ասում են էլի: Բայց հաճախ են լինում դեպքեր, երբ օրենքը փոխվում է, և տեսուչները ուշ են տեղեկացնում: Օրենքը պարտավոր ես իմանալ, և չիմացությունը չի ազատում պարասխանատվությունից: “Բայց ամիսը 100 օրենք է փոխվում, այդքան օրենքն իմանալու համար օրենքի մասնագետն էլ լինես, հազիվ գլուխ հանես”, – դժգոհում է նա: Լեռնիկն ասում է, որ Թումանյանի տարածքային հարկային տեսչության պատերին հարկային օրենքների մասին որևէ տեղեկատվություն չկա, բացի հաշվետվությունների ներկայացման ժամկետների փոփոխությունների և նման բաների մասին հայտարարություններից: Տեղեկատվության պակասի հետևանքով մի քանի անգամ խնդիրներ են ծագել: “7-8 տարի առաջ ինձ ասացին, որ տարեկան հաշվետվության ժամանակ գնված ապրանքի 15 տոկոսի չափով պարտադիր հարկ պետք է մուծվեր, եթե շուկայից էր, ու փաստաթղթեր չկային: Իսկ այն ժամանակ փաստաթղթեր ընդհանրապես չէին լինում: Մեծ խնդրի մեջ ընկա. մի քանի հարյուր հազար դրամի հարկ էր առաջանում: Ասում եմ` ինձ տեղյակ պահեիք դեկտեմբերի 29-30-ին, ես հունվարի 1-ից կդադարեցնեի իմ գործունեությունը: Պատասխանեցին, որ ես պարտավոր էի իմանալ: Բայց ես որտեղից էի պարտավոր իմանալ դեկտեմբերի 28-ի հրամանագիրը”,- վրդովված պատմում է նա: Բազմաթիվ հարկատուների դժգոհությունները վկայում են այն մասին, որ հարկային դաշտի օրենսդրության և կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությունը հեռու է մարդկանց համար բավարար եւ մատչելի լինելուց: Իսկ պատասխանատուները, մոռանալով “Հարկային ծառայության մասին” օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, այն է` “հարկ վճարողներին ժամանակին և լիարժեք իրազեկել իրականացված հարկային փոփոխությունների, հարկային օրենսդրության, ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ”, համոզել ու համոզում են, թե հարկային տեղեկատվություն ձեռք բերելը միմիայն հարկատուների հոգսն ու խնդիրն է: