Հրապարակումներ

Հրապարակումներ

Այս վճռին մենք սպասել ենք 5.5 տարի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Այս վճռին մենք սպասել ենք 5.5 տարի


Հարցազրույց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ:


– Տիկին Դոյդոյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ դատական աննախադեպ վճռի առիթով: Այս վճիռը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ սպասելի:   

Շ. Դ.- Այս վճռին մենք սպասել ենք 5.5 տարի։ Երբ 2003 թվականին վարչական օրենսդրությամբ սահմանվեց պատասխանատվություն տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար, այդ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը փորձել է կյանքի կոչել այդ դրույթը, սակայն` ապարդյուն։ 30-ից ավել դատական գործեր ենք նախաձեռնել այդ օրից ի վեր, սակայն միայն 2009 թ.-ի հուլիսին Ելփինի գյուղապետարանի դեմ դատական գործով մեզ հաջողվեց 50 հազար դրամ վարչական տույժի ենթարկել տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենսդության պահանջները անհիմն մերժած պաշտոնյային։

– Դուք միշտ Ձեր հարցազրույցներում նշում էիք, որ երբ լուծվի պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, տեղեկատվության անհիմն մերժումները զգալիորեն կնվազեն: Ի՞նչ եք կարծում, Ելփինի նախադեպը որքանո՞վ զգաստացնող ազդեցություն կունենա պաշտոնյաների վրա` տեղեկատվություն տրամադրելու առումով:
Շ. Դ.- Այս նախադեպը նախեւառաջ կպայմանավորի առաջիկայում տեղեկատվության ազատության ոլորտում դատական պրակտիկայի զարգացման ուղին։ Մինչ այս դատարանները խուսափում էին վարչական պատասխանատվության մեր պահանջներին դրական լուծում տալ։ Սակայն համոզված եմ, որ դատավոր Արթուր Պողոսյանին հաջողվեց կոտրել այդ վախի ստերեոտիպը եւ նախապատվությունը տալ մարդու իրավունքներին։ Նման արդար եւ բանիմաց դատավորների շնորհիվ է վերջապես կայանալու մեր դատական համակարգը, առանց որի մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կոչերը ձախողման են դատապարտված։ Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ մինչեւ գաղտնի եւ փակ աշխատելու համար պաշտոնյաների անձնական գրպանին հարված չտրվի, նրանք չեն զգաստանա։ Այդ հարվածը վերջապես հասցված է եւ անպայմանորեն ունենալու է իր վճռորոշ դերը։

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դատական գործերն ուսումնասիրելիս հետաքրքիր պատկեր է ստացվում. Ձեր կենտրոնի հարցումներն անպատասխան են թողել այն համայնքապետերը, ովքեր հայտնվել են Վերահսկիչ պալատի հաշվետվությունների մեջ: Սա զուգադիպությո՞ւն է, թե՞ այդ գյուղապետերը տեղեկատվություն չեն տրամադրել` քողարկելու համար առկա կոռուպցիան:
Շ. Դ.- Եթե պաշտոնյան տեղեկատվությունը թաքցնում է, դա կարող է վկայել երկու բանի մասին՝ կամ տվյալ պաշտոնյան տեղյակ չէ եւ չունի համապատասխան գիտելիք այն մասին, որ հրապարակային աշխատելը եւ մարդկանց տեղեկատվություն տրամադրելն իր կարեւորագույն պարտականություններն են, կամ նա թաքցնում է իր կատարած ապօրինությունները։ Մեր փորձը ցույց է տվել, որ հիմնականում երկրորդ դեպքն առավել հաճախ է հանդիպում, երբ պաշտոնյաները տեղեկատվությունը չեն տրամադրում, քանի որ վախենում են՝ հայտնի դառնան իրենց կատարած չարաշահումներն ու յուրացումները, ինչը հետագայում բացահայտում է Վերահսկիչ պալատն իր ստուգումների արդյունքում։ Օրինակ, գյուղապետարաններից մեկում՝ Տալվորիկում, որի դեմ դատական գործ էինք հարուցել դեռեւս ապրիլին, ՀՀ վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հունիսի վերջին խոշոր չափերի յուրացումներ է հայտնաբերել։ Մենք դիմել էինք՝ խնդրելով տրամադրել գյուղապետարանի նախորդ տարվա բյուջեն եւ կատարման հաշվետվությունը եւ ավագանու կայացրած որոշումների պատճեները։ Բնականաբար, այս համայնքի ղեկավարը չէր կարող տալ նման տեղեկություններ, քանի որ մեզ համար ակնհայտ կդառնային այդ յուրացումները։

– “Երեւանի ներդրումային եւ կառուցապատման գրասենյակ” ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ այս ՊՈԱԿ-ի դեմ դատական գործընթաց էր սկսել ԻԱԿ-ը: Լուծարումը, ըստ Ձեզ, որեւէ կապ ունի՞ սկսված դատական գործընթացի հետ:
Շ. Դ.- Սա հենց իմ նշած երկրորդ դեպքի փայլուն օրինակ է։ Տեղեկատվությունը թաքցնում են կոռուպցիան չբացահայտելու համար։ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ից խնդրել էինք տրամադրել, թե որքան գումար է կազմել ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 և 2008թթ-ին եւ այլ ֆինանսական տեղեկություններ, ՊՈԱԿ-ը պատասխանել էր, թե դրանք առեւտրային գաղտնիք են։ Դիմեցինք դատարան։ Փաստորեն, այս տեղեկությունները մեզ չէին կարող տրամադրվել. դրանց գաղտնիությունը փորձում են հիմա էլ ամեն գնով պահպանել. նախ` աշխատանքից ազատվեց այդ ՊՈԱԿ-ի ղեկավարը, իսկ հետո արդեն դատական գործընթացում շտապեցին լուծարել ՊՈԱԿ-ը։ Սակայն գործընթացը դեռ շարունակվում է։ Վստահ եմ՝ մեզ դեռ կհաջողվի բացել այդ փաստաթղթերը եւ հանրությանը ցույց տալ պետական բյուջեի յուրացումների փաստեր։

-Սեւ ցուցակ, դատական գործընթացներ, վարչական պատասխանատվություն… Ի վերջո ո՞րն է այն մեխանիզմը, որով հնարավոր կլինի լիարժեքորեն ապահովել հրապարականությունն ու թափանցիկությունը:
Շ. Դ.- Ձեր նշած բոլոր մեխանիզմները հասարակական վերահսկողության տարրեր են։ Հասարակությունը պետք է լինի պահանջողի դերում, ոչ թե մեկ-երկու կազմակերպություններ կամ անհատներ։ Մինչեւ ներքեւից չգա պահանջը, որ կառավարությունը, ՏԻՄ-երը բաց ու հաշվետու աշխատեն մարդկանց առջեւ, երբեք իշխանությունները չեն ցանկանա հրապարակային աշխատել։

– Այսօր մշակվում է Տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փաթեթ: Կնշեի՞ք մի քանի հիմնարար խնդիրներ, որոնք օրենքը փոխելու անհրաժեշտություն առաջացրեցին:
Շ. Դ.- Առաջին կարեւորագույն օրենսդրական բացը ենթաօրենսդրական ակտերն են, որոնք Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված էր ընդունել, սակայն արդեն 6 տարի է՝ դրանք ընդունված չեն եւ խոչընդոտում են տեղեկություն ստանալու իրավունքի իրականացմանը։ Անհրաժեշտություն կա նաեւ ուժեղացնել եւ հստակեցնել վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, քանի որ փաստն այն է, որ 6 տարվա ընթացքում միայն վերջերս` հուլիսին, մեզ հաջողվեց վարչական պատասխանատվության ենթարկել “ՏԱ մասին” օրենքը խախտած պաշտոնյային։ Միաժամանակ նշեմ, որ որոշ էական հարցեր դուրս են մնում օրենքի կարգավորման շրջանակից։ Այդպիսի հարցերից են, օրինակ, էլեկտրոնային հարցումների ընդունման եւ ընթացք տալու պայմանները, տեղեկատվության տրամադրման համար վճարման կարգն ու պայմանները, տեղեկատվության պրոակտիվ հրապարակման ձեւերն ու պայմանները եւ այլն։ Սրանց սահմանումը էականորեն կբարելավի տեղեկատվության ազատության պրակտիկան Հայաստանում։ Օրենսդրական բարեփոխումները պետք է բացառապես իրականանան հանրային ակտիվ քննարկումների եւ մասնակցության շնորհիվ։ Սա է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի քաղաքականությունը։

Skip to content