Հրապարակումներ

Հրապարակումներ

Համայնքային կառավարում էլեկտրոնային միջոցներով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Համայնքային կառավարում էլեկտրոնային միջոցներով

Մինչեւ 2009թ.-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանի 217 տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին թղթաշրջանառությունը եւ հասարակության հետ կապն իրականացվելու է էլեկտրոնային ձեւով` “Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ” ծրագրով:

Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է` նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար:
Ծրագրի ներդրման առաջին փուլում նախատեսվել էր ներգրավել բոլոր քաղաքային, թաղային համայնքները եւ առավել խոշոր գյուղական համայնքները` յուրաքանչյուր մարզից որոշ քանակությամբ: Ի սկզբանե ծրագիրը պետք է շահագործվեր 60 համայնքում` 48 քաղաքապետարանում եւ 12 թաղապետարանում: Սրանք պետք է լիարժեքորեն ապահովված լինեին համակարգչային տեխնիկայով, ցանցային միջոցներով եւ վերապատրաստված աշխատակազմով: “Հետագայում որոշվեց ծրագրում ավելի շատ համայնք ներգրավել: Արդյունքում խոշոր քաղաքային համայնքների համար նախատեսված տեխնիկական միջոցները նվազեցին, բայց աճեց համայնքների թիվը”,- ասում է Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը:

Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնն էլ հենց իրականացնում է համակարգի ներդրումը եւ սպասարկումը` շահագործում է համակարգիչները, ստեղծում ցանցեր եւ վերապատրաստում համայնքների աշխատակիցներին: Համայնքներին անհրաժեշտ համակարգիչները ձեռք է բերում ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը “Պետական հատվածի արդիականացման ծրագրի” շրջանականերում:

“Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը” դեռեւս գործում է Ինտրանետ միջավայրում (Սա նույն ինտերնետ տեխնոլոգիաներով ցանց է, որտեղ տեղադրված են վեբ կայքեր, համպատասխան ծրագրային միջոցներ, սերվերներ: Սակայն սա ներքին ցանց է, որը գործում է կոնկրետ տվյալ քաղաքապետարանի, թաղապետարանի կամ գյուղական համայնքի շրջանակներում): “Ամեն ինչ ստեղծված է ինտերնետ տեխնոլոգիաների հիման վրա, եւ եթե տվյալ համայնքը հնարավորություն ունի կառույցի ներսում ունենալ Ինտերնետ, համակարգը կարող է հաջողությամբ գործել նաեւ Ինտերնետում”,- ասում է Գրիշա Խաչատրյանը: Ծրագիրը ստեղծողների հավաստմամբ` Ինտերնետին միանալու դեպքում համակարգն ավելի շատ խնդիրներ կարող է լուծել, ավելի արագ եւ արդյունավետ ճանապարհներով: Ինտերնետը համայնքների աշխատակիցներին հնարավորություն կտա չգտնվելով աշխատավայրում եւ նույնիսկ քաղաքում կատարել իրենց աշխատանքային գործառույթները` հանձնարարականներ տալ, հրամաններ կատարել, լուծել քաղաքացիներին հուզող տարաբնույթ հարցեր եւ այլն: Մյուս կողմից էլ քաղաքացիներն էլ կկարողանան դրսից եւ ամեն պահի հետեւել իրենց համայնքում կատարվող իրադարձություններին, քննարկվող եւ լուծվող հարցերին, ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը եւ այլն: Համակարգն Ինտերնետին միացնելու փորձ մինչ այժմ արվել է միայն Հրազդանի եւ Վարդենիսի քաղաքապետարաններում:

Այս պահին համակարգը գործում է ներքին ցանցում եւ բարձրացնում է ներքին աշխատանքների արդյունավետությունը` դրանք դարձնելով հնարավորինս արագ, տեսանելի եւ մատչելի, ինչպես նաեւ` առավել բարեհաճ պայմաններ ստեղծում տեղում քաղաքացիների սպասարկման համար:

“Պատահական չէ, որ մենք համակարգը ստեղծեցինք որպես հիբրիդ համակարգ` էլեկտրոնային կառավարություն եւ էլեկտրոնային կառավորում: Սա միասնական տեղեկատվական համակարգ է, քանի որ այստեղ բազմաթիվ ենթահամակարգեր կան, որոնք միասնաբար են աշխատում. Որեւէ աշխատակցի աշխատանքի արդյունքներից կարող է նաեւ մյուսն օգտվել: Համակարգի ներսում ամեն ինչ փոխկապակցված է”,- ասում է Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի նախագահը:

Փոխադարձ կապվածության հետ մեկտեղ այս համակարգը շատ ճկուն է. անհրաժեշտության դեպքում առանց որեւէ խնդիր առաջացնելու ծրագրի մեջ հնարավոր է ներդնել նոր ենթահամակարգ: Այդպիսին է, օրինակ, Գույքի կառավարման ենթահամակարգը: Այն գրեթե նոր է, բայց արդեն ամբողջությամբ ինտեգրվել է համակարգի մյուս բաղադրիչների մեջ:

“Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգն” ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում եւ հարստանում է յուրաքանչյուր պահի: Սրան նպաստող ամենամեծ հանգամանքն այն է, որ համակարգի կիրառման դեպքում համայնքի ներսում բոլոր աշխատանքերը կատարվում են էլեկտրոնային ձեւով, ինչն էլ անմիջապես արտացոլվում է համակարգի առաջ քաշած հարցերի, կատարված ուսումնասիրությունների, քննարկումների, դրանց արձանագրությունների, տրված հանձնարարականների, դրանց կատարողականների, քաղաքապետի կամ ավագանու որոշումների եւ այլ տեսքով: Այս ամենից բացի կա նաեւ նորությունների բաժին, որտեղ տեղ են գտնում համայնքային նորություններն ու իրադարձություններ:

Սակայն սա միայն տեղեկատվություն ստանալու հնարավորություն չէ: “Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի” միջոցով են կատարվում քաղաքացիների սպասարկման բոլոր ծառայությունները: Հենց այդ նպատակին է ծառայում, օրինակ, Դիլիջանի քաղաքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Գրասենյակի յուրաքանչյուր աշխատակից որոշակի գործառույթ է կատարում` կիրառելով այս համակարգը: Օրինակ` կա մեկը, ով քաղաքացիներին տրամադրում է բոլոր տեսակի տեղեկանքները: Աշխատակիցներից մեկն էլ, օգտվելով քաղաքացիների ընդունելությունների համակարգից, այցելուներին գրանցում է ընդունելության համար: Ի դեպ, ընդունելությունների կարգը բավականին հեշտացվել է. Համակարգն ավտոմատ ձեւով նախապես հաստատված ժամանակացույցով նշանակում է ընդունելության օրը: Սպասարկման գրասենյակի աշխատակիցը գրանցում է քաղաքացու տվյալները` դրանք վերցնելով բնակչության ռեգիստրից, որը եւս նախապես ներդրված է ծրագրի մեջ: Ցանկության դեպքում նշվում է նաեւ քննարկվող հարցը: Ընդունելության օրը քաղաքապետը հնրավորություն ունի նախապես տեսնելու, թե, ո±վ է եկել ընդունելության եւ ի±նչ հարցով: Ընդունելությունից հետո արձանագրողը համակարգում նշում է քաղաքացու հարցի պատասխանը: Անհրաժեշտության դեպքում տրվում է կատարման հանձնարարականը եւ համապատասխան պաշտոնյան անմիջապես ստանում է նամակ դրա վերաբերյալ:

Բացի աշխատակիցների ունեցած համակարգիչներից, Քաղաքացիների սպասարկման կենտրոնում կա եւս մեկ համակարգիչ, որից ցանկացած պահի կարող է օգտվել յուրաքանչյուր այցելու, առանց միջնորդության դիմում, հարցում կամ նամակ գրել որեւէ պաշտոնյայի, պատասխան ստանալ, փնտրել եւ գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, տպել տեղադրված տպիչով եւ հեռանալ:

Սպասարկման կենտրոնի աշխատակիցների միջոցով է նաեւ կատարվում բոլոր մտից եւ ելից փաստաթղթաշրջանառությունը: Նույն սկզբունքով րոպեների ընթացքում համակարգ է մուտքագրվում քաղաքացու տվյալները, նրա հարցման, դիմումի, կամ նամակի հակիրճ բովանդակությունը: Եթե կան կից փաստաթղթեր եւ օրիգինալ նամակ, դրանք սկան են արվում եւ կցվում նամակին: Նշվում է նաեւ այն պաշտոնյան, ում ուղղված է քաղաքացու հարցումը: Այն պահին, հենց որ աշխատակիցը սեղմում է համակարգի “հիշել” կոճակը, քաղաքապետը կամ իրավասու այլ անձինք անմիջապես նամակ են ստանում քաղաքացու հարցման պարունակությամբ: Համայնքային փաստաթղթաշրջանառությունը եւս կատարվում է համակարգի միջոցով: Եվ վերջում, երբ արդեն պատրաստ է քաղաքացու հարցման պատասխանը, այն նույն սպասարկման կենտրոնի միջոցով համապատասխան ժամկետներում տրվում է հասցեատիրոջը:

Քաղաքացու հարցման պատասխանը պետք է տրամադրվի առավելագույնը 5 օրվա ընթացքում: Եվ երբ մոտենում է վերջնաժամկետը, համապատասխան պաշտոնյայի մոտ, ով պետք է զբաղվեր հարցի լուծմամբ, տվյալ հարցի կողքին տեղադրված կոճակը կարմրում է` հիշեցնելով, որ հարցը պետք է պատասխանվի: Վերահսկումը կատարվում է ավտոմատ` համակարգի միջոցով: “Յուրաքանչյուր համայնքում որեւէ աշխատակից, հիմնականում, աշխատակազմի քարտուղարը վերահսկում է կատարողականները եւ թույլ չի տալիս, որ կարմիր գույները շատ լինեն”,- ասում է Գրիշա Խաչատրյանը:

Աշխատակիցների վերապատրաստումն իրականացնող Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի նախագահի խոսքերով` յուրաքանչյուր համայնքում ի սկզբանե նախատեսվում էր ուսուցանել եւ վերապատրաստել մեկ համակարգի կառավարիչ, մեկ բյուջետավարման մասնագետ, մեկ գործավար եւ մեկ կադրերի բաժնի աշխատակից: “Բայց երբ գնում ենք համայնք եւ սկսում աշխատել, պարզվում է, որ վերապատրաստման կարիք գրեթե բոլորն ունեն, քանի որ այս համակարգը բոլորին է վերաբերում: Եթե, օրինակ, բնակչության ռեգիստր չվարեն, տեղեկանքներ չեն կարող տալ, եթե բյուջեն չվարեն, մուտքերն ու ելքերը չեն կարող վերահսկել, ծախսեր կատարել եւ այլն”,- ասում է Գրիշա Խաչատրյանը: Կադրերի ուսուցումը եւ վերապատրաստում կատարվում է եւ տեղում` համայնքներում, եւ Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնում: Մինչ այժմ կենտրոնի մասնագետները վերապատրաստել են մոտ 1000 աշխատակից:

ՀՀ տարածքային կառավարման մարմիններում “Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի” ներդրման աշխատանքները սկսվել են մոտ երեք տարի առաջ: Ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար մինչ սույն թվականի հոկտեմբերի 1-ը, համակարգը կներդրվի եւս 20 համայնքներում:

Skip to content