ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Երեւանի թաղապետերը նախընտրում են քննադատվել,
քան օրենքով աշխատել
“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը վերաբերում է տեղեկությունների մատչելիության եւ հրապարակայնության ապահովմանը, ըստ որի, տեղեկություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ պետք է հրապարակի իր գործունեությանն առնչվող տեղեկություններն ու դրանցում կատարված փոփոխությունները: Հատկապես համայնքապետերը պարտադիր պետք է հրապարակեն հանրության համար իրականացվող աշխատանքները եւ ծառայությունները, համայնքի բյուջեն, հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անուն-ազգանունը, կրթությունը մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, հասարակական միջոցառումների ծրագրերը նաեւ համայնքի ղեկավարի ու ավագանու կայացրած որոշումները եւ այլն: Նշված տեղեկությունները հանրության սեփականությունը պետք է դարձնեն այլ գերատեսչություններ նույնպես, սակայն անդրադառնանք Երեւան քաղաքի մի քանի թաղային համայնքներում ու հատկապես թաղապետարանների վարչական շենքերում փակցված տեղեկատվական թերթիկներին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) աշխատակիցները սույն թվականի փետրվարի 11-18-ը այցելելով թաղապետարանների շենքեր, ականատես են եղել հետեւյալ իրողությանը: Օրինակ, Կենտրոն թաղապետարանի հայտարարությունների ցուցանակին օրենքով պահանջվելիք եւ ոչ մի տեղեկատվություն հրապարակված չէր: Փակցված էր մի քանի պայմանագրերի օրինակներ, բնապահպանական ցուցահանդեսին վերաբերող աֆիշա, ինչպես նաեւ կրթության դերը` ժողովրդավարական, սոցիալական արդար ու սոլիդար պետականության զարգացման համար խորագիրը կրող ՄԻԺԻ-ի կազմակերպած քաղաքացիական կոնֆերանսների ժամանակացույցը: Պարզվում է` Կենտրոնի թաղապետը սիրով անդրադառնում է այլ կազմակերպությունների ժողովրդավարական թեմաներով միջոցառումներին, սակայն այդչափ սիրով էլ անտեսում է, որ իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունը հրապարակելը նույնպես ժողովրդավարության տարրերից է:
Նույնպիսի “ժողովրդավարական” ժեստ է ցույց տվել նաեւ Էրեբունու թաղապետը` փակցնելով համայնքային ծառայության գլխավոր պաշտոններին վերաբերող հարցաշար, ՀՀ Սահմանադրությունից հոդվածներ ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող օրենսդրությունը: Այս համայնքում նույնիսկ ափսոսել են ցուցանակ կախել եւ պատի վրա փակցված 39 էջանոց այդ “ինֆորմացիայի” մեջ հ/կ-ի աշխատակիցները չեն գտել եւ ոչ մի տող, որը վերաբերեր զուտ Էրեբունի համայնքին: Փոխարենը չեն զլացել եւ փոխթաղապետերի համար նախատեսված երրորդ հարկի լվացարանի հարեւանությամբ մեծ-մեծ տառերով գրել են` “լվացարանը մաքուր պահեք”:
Ավելի “հարուստ” էր Շենգավիթի թաղապետարանի ցուցանակը: Այստեղ հիշել են բոլորին` որբերից մինչեւ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց, ցուցանակում կար նաեւ հարկերի եւ տուրքերի մասին գրառումներ, պայմանագրերի օրինակներ եւ այլն: Մանրամասն ներկայացրել էին այն ցանկը, թե երեխաներին մանկատուն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հարազատները ինչ փաստաթղթեր ներկայացնեն: Շենգավիթը նույնպես բացառություն չէր եւ այս թաղապետարանում էլ հարկ չեն համարել հաշվետու լինել իրենց ընտրողների առջեւ` չհրապարակելով թաղապետարանի շենքում կայացված եւ ոչ մի որոշում:
Դեռեւս դեկտեմբեր ամսվա վերջին, Արաբկիր համայնքի ավագանին հաստատել էր այս տարվա համայնքային բյուջեն, սակայն երկու ամիս անց էլ արաբկիրցին տեղյակ չէ, թե իր գրպանի հաշվին գոյացած բյուջեն ի՞նչ ուղղվածություն ունի, ինչպիսի՞ խնդիրներ են լուծվելու համայնքում եւ այդ գումարները որտե՞ղ են դատարկվելու:
Թաղապետարանի շենքի ցուցանակում հրապարակված տեղեկատվությունն, ըստ ԻԱԿ-ի, ավելի շատ վերաբերվել է թաղապետարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերություններին, քան համայնքի խնդիրներին: Օրինակ, ցուցանակում տեղադրված է եղել թաղապետարանի կառուցվածքի, աշխատանքային կանոնակարգի մասին գրություն, իսկ բնակիչների համար` էլցանցերի, գազամատակարարման, ջրամատակարարմանը վերաբերող հայտարարություններ, թաղապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարը (28-44-13), ինչպեն նաեւ թաղապետ Ալբերտ Երիցյանի այս կամ այն առիթով արված շնորհավորանքը` ուղղված թաղապետարանի որեւէ աշխատակցին:
Չափից դուրս աղքատիկ է Դավթաշենի թաղապետարանի ցուցանակը, կարելի է ասել, այնտեղ ոչ մի օգտակար բան չի գտնվել, բացի “ծխելը խստիվ արգելվում է” եւ Կարմիր Խաչի “Օգնենք երեխաներին” հայտարարություններից:
Տեղական տուրքերին վերաբեվող ավագանու որոշումներ, գույքահարկի արտոնություններ, թաղապետարանին պատկանող մշակութային խմբակների եւ այլ հայտարարություններ է փակցված Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանում: Այստեղ էլ բյուջեի մասին ոչ մի խոսք չկա:
Կարող ենք եզրակացնել, որ վերը նշված որեւէ թաղապետ իր լիազորությունները պատշաճ չէր կատարել եւ չէր փակցրել ավագանու եւ թաղապետի որոշումները, իհարկե որոշ չափով հրապարակային է եղել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը, սակայն հիմնական փաստաթղթերը, որը պետք է քաղաքացիների համար հրապարակվեր, այդպես էլ չի արվել: Այս անմխիթար վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ իրավասու պաշտոնյա, ասենք Դավթաշենի թաղապետին “չհասկացնի”, որ “ծխելը արգելվում է” հայտարարությունը տեղեկատվություն հրապարակել չի նշանակում եւ ամենեւին էլ կապ չունի օրենքի պահանջի հետ: