Հրապարակումներ

Հրապարակումներ

Տեղեկատվության ազատության հանձնակատար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության հանձնակատար

Ներածություն

Տեղեկատվության ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի բացակայության պայմաններում մարդու համար էապես կդժվարանա նաև այլ իրավունքների իրականացումը: Կարևորելով տեղեկություն ստանալու իրավունքը՝ ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, ընդունվել են տեղեկատվության ազատության վերաբերյալ իրավական ակտեր, ՏԱ իրավունքն ամրագրվել է սահմանադրություններում, միջազգային իրավական ակտերում: Սակայն, միայն իրավունքի ամրագրումը բավարար չէ իրավունքի իրականացման համար, անհրաժեշտ է նաև պաշտպանել ամրագրված իրավունքը:

Իրավունքի պաշտպանության մեխանիզմներից մեկը դատական համակարգն է: Սակայն դատարան դիմելը թանկ հաճույք է, ծախսատար և ժամանակատար, հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք տեղեկատվության հետ: Մինչև դատական քննության ավարտը տեղեկատվությունը հնանում է և այլևս պիտանի չէ: Ուստի, դատական պաշտպանության պրակտիկայի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել և ակտիվացնել նաև պաշտպանության մյուս ձևերը, մասնավորապես, այնպիսի արդյունավետ մեխանիզմ, ինչպիսին տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտն է:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության լավագույն երաշխիքը տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտն է: Տեղեկատվության ազատության բողոքներն ուսումնասիրելու նպատակով հատուկ նման մարմիններ են ստեղծվել Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր: Նույնիսկ կան երկրներ, որտեղ այս իրավունքի դատական պաշտպանություն ընդհանրապես չի գործում, իսկ ՏԱ հանձնակատարը հռչակվում է որպես տեղեկատվության ազատության բողոքարկման միակ և վերջնական մարմին:

Տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտը համեմատաբար նոր գաղափար է: Օրինակ, Ավստրալիայում ՏԱ հանձնակատարի ինստիտուտը գործում է 2010թ.-ից, Գերմանիայում հանձնակատարը ստանձնել է ՏԱ ոլորտի պաշտպանությունը 2006թ.-ից, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Սլովենիայում և Մակեդոնիայում ՏԱ հանձնակատարի ինստիտուտը գործում է 2005թ.-ից, Սերբիայում՝ 2004թ.-ից և այլն:

Այս հոդվածում կանդրադառնանք ՏԱ հանձնակատարի ինստիտուտին՝ տարբեր երկրների ՏԱ հանձնակատարների ինստիտուտների ստեղծման և գործունեության ձևերի օրինակների հիման վրա վերհանելով ՏԱ հանձնակատարի ինստիտուտի համար ունիվերսալ ընդհանրությունները, ինչպես նաև՝ առանձնահատկությունները:

ՏԱ հանձնակատարի դերն ու նշանակությունը

ՏԱ հարցերով հանձնակատարը պետական մարմին է՝ լիովին անկախ կառավարությունից, որի հիմնական նպատակը ՏԱ օրենսդրության կիրառումն է։
ՏԱ հանձնակատարի ինստիտուտի հիմնական նպատակները ներառում են նաև տեղեկատվության ազատության իրավունքի խթանումը և ՏԱ իրավունքի խախտումների բողոքարկումը: Հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը։

ՏԱ հանձնակատարի ստեղծումը կարող է ծառայել ՏԱ իրավունքի պաշտպանությանը` ՏԱ օրենսդրության կիրառման և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների բողոքարկման գործընթացներում չարաշահումները բացառելու միջոցով: Միևնույն ժամանակ հասարակությունը կարիք ունի իմանալու, թե ինչպես է գործում ՏԱ իր իրավունքը, ինչպես պետք է դիմել տեղեկություն ստանալու համար, տեղեկություն ստանալու ինչ ընթացակարգ գոյություն ունի և վերջապես, ինչպես բողոքարկել իրենց ՏԱ իրավունքի խախտումները: Կարևոր է նաև, որպեսզի հասարակությունն իմանա, թե օրենքով նախատեսված ՏԱ սահմանափակումների հիման վրա որ տեղեկատվության տրամադրումն է ենթակա մերժման, որպեսզի հիմնավոր մերժումները չհանգեցնեն պետական մարմինների հանդեպ վստահության նվազման:

ՏԱ հանձնակատար ունենալու անհրաժեշտության երկրորդ հիմնավորումը ՏԱ իրավունքի խախտումների անկախ վերանայումն է: Որպես գործունեության հիմնական նպատակ` ՏԱ հանձնակատարը պետք է ընդունի և քննի ՏԱ իրավունքի խախտման վերաբերյալ բողոքները, ունենա նաև խախտումները բողոքարկելու իրավասություն` անկախ այն բանից, թե ինչպիսի խախտման մասին է խոսքը` անօրինական մերժում, լուռ մերժում, թե ՏԱ իրավունքի այլ խախտում:

ՏԱ հանձնակատարի ինստիտուտի հիմնադրման մեկ այլ պատճառ է ՏԱ իրավունքի կիրառման պրակտիկայի մասին տեղեկատվության հավաքագրումը` վիճակագրություն այն մասին, թե քանի հարցում է ներկայացվել տեղեկություն տնօրինողներին, քանիսն են պատասխան ստացել, ինչ ժամկետներում, հիմնականում ինչ խնդիներ են բարձրացվել հարցումների միջոցով և այլն: Այս տվյալներից յուրաքանչյուրն էլ իր հերթին կարող է ուղեցույց լինել ՏԱ իրավունքի առավել արդյունավետ իրականացման համար:

Սրանք էին ՏԱ հանձնակատարի ինստիտուտ ունենալու անհրաժեշտության հիմնական, բայց ոչ սպառիչ պատճառները, ուստի դրանցից յուրաքանչյուրն ունի իր ենթապատճառները և ենթադրում է ՏԱ հանձնակատարի նշանակությանը համահունչ այլ գործառույթներ:

ՏԱ հանձնակատարի ինստիտուտի նշանակությանը համակողմանիորեն անդրադարձել է տեղեկատվության ազատության իրավունքով զբաղվող Access Info Europe կազմակերպության գործադիր տնօրեն Հելեն Դերբիշերը` “ՏԱ հանձնակատարները և վերահսկողության այլ մարմիններն ու մեխանիզմները” հոդվածում :

 ՏԱ հանձնակատարի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների տարբերությունը

Այս երկու կառույցների միջև տարբերությունը հստակ է, քանի որ տարբեր են նրանց լիազորությունները։ Օմբուցմենը մարդու իրավունքների պաշպանն է և գործում է միայն այն դեպքում, երբ կա մարդու իրավունքի խախտում։ Նա մշտապես գործում է հօգուտ մարդու իրավունքների։ Մինչդեռ ՏԱ հանձնակատարը չեզոք մարմին է։ Նրան դիմում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետական մարմինները պաշտոնական խորհրդատվություն ստանալու նպատակով` ինչպես կիրառել ՏԱ մասին ակտը։ Հանձնակատարը բանավոր կամ գրավոր կարծիք է տալիս` ինչպես վարվել։ Հանձնակատարի կարգավիճակի և հեղինակության շնորհիվ պետական մարմինները հաշվի են նստում իր կարծիքի հետ։
Ինչպես նաև, զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մարդու իրավունքների պաշտպանը որպես կանոն ունի գործունեության բավական լայն շրջանակներ, որոնք ներառում են մարդու տարբեր իրավունքների պաշտպանությունը, ուստի տեղեկատվության ազատության իրավունքին մարդու իրավունքների պաշտպանը չի կարող առանձնացված ժամանակ և միջոցներ հատկացնել: Այդպիսի երկրների վառ օրինակներ են Բոսնիան, Սլովակիան, Պերուն, որտեղ օմբուցմենը այդքան էլ չի հաջողում ՏԱ իրավունքի ապահովման ոլորտում:

Այսպես, մի երկրում օմբուցմենը լայնորեն զբաղվում է ՏԱ իրավունքի պաշտպանությամբ, սակայն չի ունենում բավարար ժամանակ զբաղվելու այդ իրավունքի կիրառման ապահովման համար դրական պրակտիկայի ձևավորմամբ, քանի որ չունի այդ ոլորտում այնպիսի մոնիտորինգ անելու իրավասություն կամ հնարավորություն, ինչպիսին վիճակագրական տվյալներ հավաքագրել է: Մեկ այլ երկրում հակառակ պատկերն է, երբ օմբուցմենը հնարավորություն չունի գործնականում զբաղվելու ՏԱ իրավունքի ապահովմամբ: Որոշ երկրներում էլ ՏԱ իրավունքը ստորադասվում է մարդու այլ հիմնարար իրավունքներին այն առումով, որ օմբուցմենը նախ մարդու այլ իրավունքներով է զբաղվում` պատշաճ ուշադրություն չկարողանալով դարձնել ՏԱ իրավունքի պաշտպանությանը:

Այս պատճառով է, որ միջազգային փորձագետները խստորեն խորհուրդ են տալիս ՏԱ իրավունքի պաշտպանության, ապահովման և վերահսկողության խնդիրները չդնել օմբուցմենի կամ նմանատիպ այլ մարմնի վրա:

 ՏԱ հանձնակատարի հիմնական գործառույթները և պարտականությունները

2008թ. ԻԱԿ և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի փորձագետներն ուսումնասիրել են ՏԱ հարցերով հանձնակատարների միջազգային պրակտիկան և ուսումնասիրության մեջ վեր են հանել նաև ՏԱ հանձնակատարի գործառույթները և պարտականությունները: Այսպես, ՏԱ հանձնակատարի գործառույթների ընդհանրացված պատկերը հետևյալն է.

  • Վերանայել ՏԱ հարցումների վերաբերյալ պետական մարմիների որոշումները (դիմելու դեպքում) և, անհրաժեշտության դեպքում, նոր, պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնել,
  • Իրականացնել հարկադրական գործունեություն (իրավական սանկցիա) այն պաշտոնատար անձանց հանդեպ, ովքեր արհամարհում կամ հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները հրապարակայնության ապահովման ոլորտում,
  • Ստուգել տարբեր մարմինների գործունեությունը տեղեկատվության ազատության բնագավառում,
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն և աջակցություն դիմող քաղաքացիներին, ինչպես նաև պետական մարմիններին այս կամ այն փաստաթղթի տրամադրման ենթակա լինելու վերաբերյալ,
  • Պատրաստել և հրապարակել ՏԱ-ի իրավիճակը գնահատող տարեկան զեկույց,
  • Հավաքել ՏԱ հարցումների և որոշումների վիճակագրական տվյալներ,
  • Գովազդել ՏԱ օրենքը բնակչության շրջանում,
  • Մշակել և հրապարակել ՏԱ օրենքի կատարման ուղեցույցներ,
  • Տրամադրել ՏԱ հարցումների հետ կապված տեղեկություններ, խորհրդատվություն և աջակցություն (ներազդելու գործառույթ)՝
    – ՏԱ հարցման ցանկացած փուլում,
    – Դիմողի, գերատեսչության կամ երրորդ կողմի խնդրանքով,
  • Տրամադրել խորհրդատվություն ՏԱ օրենքի վերաբերյալ օրենսդրական քաղաքականության հարցում,
  • Ներկայացնել գործող ՏԱ օրենսդրության փոփոխությունների և լրամշակումների առաջարկություններ, ինչպես նաև առաջարկություններ ՏԱ ոլորտում այս կամ այն անհրաժեշտ իրավական ակտերն ընդունելու վերաբերյալ,
  • Ապահովել պաշտոնական տեղեկությունների մատչելիությունը, բացի այն դեպքերից, երբ կան տեղեկությունները չհրապարակելու հիմնավոր պատճառներ (օրինակ՝ պետական անվտանգության նկատառումներ),
  • Կրթական գործառույթ (երկրի ողջ տարածքում պետական մարմինների և ՏԻՄ ներկայացուցիչների համար կազմակերպել ուսուցումներ):

Պարտականություններն են.

  • Ապահովել, որ համապատասխան մարմինները տեղեկացված լինեն ՏԱ օրենքով նախատեսված իրենց պարտականությունների մասին,
  • Ապահովել, որ հանրության ներկայացուցիչները տեղեկացված լինեն ՏԱ օրենքի և իրենց իրավունքների մասին,
  • Աջակցություն տրամադրել հանրության ներկայացուցիչներին և պետական մարմիններին՝ ՏԱ օրենքի հետ կապված հարցերում,
  • Խորհրդարանին առաջարկել, թե ինչ օրենսդրական կամ վարչական փոփոխություններ են անհրաժեշտ ՏԱ օրենքի նպատակներին հասնելու համար։
ՏԱ Հանձնակատարի ինստիտուտի ձևավորման կարգը

Այժմ մի քանի Եվրոպական երկրների փորձի հիման վրա ներկայացնենք ՏԱ հանձնակատարի ձևավորման մոդելները:

Հունգարիայում Անհատական տվյալների պաշտպանության և տեղեկատովության ազատության հանձնակատարին առաջարկում է նախագահը, և նշանակում է խորհրդարանը: Ճիշտ հակառակ մոդելն է Իռլանդիայում, որի ՏԱ հանձնակատարին առաջարկում է խորհրդարանը, նշանակում՝ նախագահը: Մակեդոնիայում հանձնակատարին առաջարկում է կառավարությունը, նշանակում՝ խորհրդարանը: Խորհրդարանի առաջարկով ՏԱ հանձնակատարին Շոտլանդիայում նշանակում է միապետը (թագուհին/թագավորը):

Սերբիայի ՏԱ հանձնակատարին նշանակում է ազգային ժողովը, Միացյալ թագավորությունում` միապետը (թագուհին/թագավորը), Կանադայի հանձնակատարին նույնպես նշանակում է խորհրդարանը: Առանձնանում է Ֆրանսիայի մոդելը, որտեղ ՏԱ հանձնակատարին նշանակում է Բարձրագույն վերաքննիչ դատարանը:

Առանձնանում է նաև Հնդկաստանի ՏԱ հանձնակատարի մոդելը. այստեղ ՏԱ հանձնակատարը կառավարությանն առընթեր մարմին է:

Ինչպես նշվեց, ներկայացված երկրների մեծ մասում ՏԱ հանձնակատարը նշանակվում է ոչ թե մի մարմնի կողմից միանձնյա, այլ իշխանության մի ճյուղի կողմից` մյուսի առաջարկով: Սա ՏԱ հանձնակատարի անկախության ապահովման միջոցներից մեկն է: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր դեպքում ՏԱ հանձնակատարի նշանակման հարցում մեծ դերակատաություն ունի օրենսդիր մարմինը` խորհրդարանը (ազգային ժողովը): Սա նույնպես ՏԱ հանձնակատարի անկախության ապահովման միջոց է, երբ հնարավորինս բացառվում է գործադիր իշխանության վարչական լծակների միջոցով հանձնակատարի անկախության հնարավոր սահմանափակումը:

Արդյունքում, տրամաբանական է, որ ՏԱ հանձնակատարները հիմնականում հաշվետու են իրենց երկրների խորհրդարաններին: Նախ, մի կողմից ՏԱ հանձնակատարը հաշվետու պետք է լինի հենց այն մարմնին, որը նշանակում է իրեն, մյուս կողմից` միայն օրենսդիրին հաշվետու լինելը անկախության ևս մի երաշխիք է: Նշենք, որ ուսումնասիրված երկրների հիմնական մասում ՏԱ հանձնակատարը հաշվետու է խորհրդարանների առջև, օրինակ՝ Սերբիայում, Կանադայում, Մակեդոնիայում, Հունգարիայում, Իռլանդիայում, Միացյալ թագավորությունում:

Հարկ է արձանագրել, որ օրենսդիր մարմնին ՏԱ հանձնակատարի ներկայացվող հաշվետվությունը չի վերաբերում միայն հանձնակատարի գործառույթների իրականացմանը: Հանձնակատարը երկրի խորհրդարանին ներկայացնում է նաև ֆինանսական հաշվետվություն:

Չնայած օրեսդիր մարմինների առջև հաշվետու լինելու պարտականությանը` ՏԱ հանձնակատար ունեցող ուսումնասիրված երկրների մեծ մասում հանձնակատարը համարվում է անկախ գործող մարմին, և դա հաստատվում է իրավական ակտով:

Նշենք նաև, որ անգամ այն երկրներում, որտեղ ՏԱ հանձնակատարին նշանակում է մի մարմին, ապա այդ դեպքում նույնպես նախապատվությունը չի տրվում գործադիր իշխանությանը կամ երկրի ղեկավարին: Այդ դեպքերում հիմնականում ՏԱ հանձնակատարին նշանակելու իրավասությունը պատկանում է խորհրդարանին (Ֆրանսիայում` դատական իշխանությանը, ինչը նույնպես այլընտրանք է վարչական լծակներ ունեցող գործադիրին կամ երկրի ղեկավարին):

Ֆինանսավորումը

ՏԱ հանձնակատարի ինստիտուտը պետք է ունենա նաև ֆինանսական անկախություն իր լիազորությունները պատշաճ կատարելու համար։ Մի քանի երկրների օրինակների հիման վրա ներկայացնենք ՏԱ հանձնակատարի ինստիտուտի ֆինանսավորման միջազգային պրակտիկան:

Այսպես, Իռլանդիայում ՏԱ հանձնակատարի ֆինանսավորման չափը (բյուջեն) առաջարկում է Ֆինանսների նախարարությունը, և հաստատում է Իռլանդիայի խորհրդարանը: Երկրի խորհրդարանն է հաստատում նաև Հունգարիայի ՏԱ հանձնակատարի բյուջեն, որը ներառված է պետական բյուջեում` առանձին տողով: Սերբիայի ՏԱ հանձնակատարի բյուջեն նույնպես հաստատում է խորհրդարանը` կառավարության ներկայացմամբ: Մակեդոնիայի ՏԱ հանձնակատարի բյուջեն նույնպես կազմում է պետական բյուջեի մաս, իսկ պետական բյուջեն ներկայացնում է կառավարությունը, հաստատում՝ խորհրդարանը: Նշենք, որ դեռևս պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում Մակեդոնիայի ՏԱ հանձնակատարը կառավարությանը (ֆինանսների նախարարությանը) առաջարկ է ներկայացնում իր բյուջեի չափի մասին: Միացյալ թագավորության ՏԱ հանձնակատարը ֆինանսավորվում է արդարադատության նախարարության կողմից, իսկ ֆինանսավորման չափը սահմանում է խորհրդարանը: Նշենք, որ Միացյալ թագավորության ՏԱ հանձնակատարը ներկայացնում է, թե ինչ չափի ֆինանսավորում է իրեն անհրաժեշտ, և նրա առաջարկած ֆինանսավորումը կամ կարող է ամբողջությամբ հաստատվել, կամ` մասնակի:

Այսպիսով, ինչպես նշվեց օրինակներում, մեծամասամբ ՏԱ հանձնակատարի ինստիտուտի բյուջեն որպես կանոն ներկայացվում է գործադիր իշխանության մարմնի կողմից և հաստատվում է օրենսդիրի կողմից: Այս դեպքում մի կողմից գործում է պետական բյուջեի հաստատման` շատ երկրներում ընդունված մոդելը, մյուս կողմից, ՏԱ հանձնակատարի ֆինանսավորման ձևը նմանվում է ՏԱ հանձնակատարին նշանակելու ձևին` գործադիրի ներկայացմանբ օրենսդիրի կողմից: Նույն պատճառաբանությամբ, ինչ հանձնակատարի նշանակման դեպքում, այս մոդելը կարող է ապահովել ՏԱ հանձնակատարի առավել մեծ անկախություն: Նշենք նաև, որ, որպես կանոն, ՏԱ հանձնակատարի բյուջեի չափը որոշվում է հիմնված հենց հանձնակատարի ներկայացրած առաջարկության վրա:

ՏԱ հանձնակատարի որոշումները

ՏԱ հանձնակատարի ինստիտուտը քննարկելիս անհրաժեշտ է արձանագրել, որ այս ինստիտուտի լիարժեք կայացման համար կարևոր նշանակություն ունեն նրա որոշումների իրավական ուժը: Կարևոր է, որ ՏԱ հանձնակատարի որոշումները, կապված ՏԱ իրավունքի խախտումների, այդ թվում՝ տեղեկություն ստանալու հարցումները անօրինական մերժելու հետ, չանտեսվեն պետական կառավարման մարմինների կողմից: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ՏԱ հանձնակատարի որոշումներն ունենան պարտադիր բնույթ: Օրինակ, երբ իր որոշմամբ ՏԱ հանձնակատարը հաստատում է ՏԱ իրավունքի խախտումը, գտնում է, որ տեղեկություն տնօրինողը անհիմն մերժել է տեղեկատվության տրամադրումը, այդ որոշման ուժով (ՏԱ հանձնակատարի հանձնարարությամբ) պետք է տեղեկություն տնօրինողը վերացնի խախտումը, տրամադրի նախապես մերժած տեղեկությունները:

Ներկայացնենք, թե եվրոպական մի քանի երկրներում ինչ բնույթ ունեն ՏԱ հանձնակատարի որոշումները: Այսպես, օրինակ, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Սլովենիայի և Միացյալ թագավորության ՏԱ հանձնակատարների որոշումներն ունեն պարտադիր բնույթ պետական մարմինների համար: Բացառություն է Հունգարիայի ՏԱ հանձնակատարը, որի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Սակայն, Հունգարիայի ՏԱ հանձնակատարն ունի այլ լիազորություններ, որոնք լրացնում են նրա որոշումների խորհրդատվական բնույթը: Մասնավորապես, հանձնակատարն իրավունք ունի դիմելու պետական մարմնին և և պահանջելու 30-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն, թե պետական մարմինն ինչ միջոցառումներ է իրականացրել հանձնակատարի խորհրդատվական բնույթի որոշման մեջ նշված խախտումները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, Հունգարիայի ՏԱ հանձնակատարը կարող է նախաձեռնել կարգապահական վարույթ խախտում թույլ տված պետական մարմնի դեմ, իր մտահոգություններով դիմել դատախազին, ինչպես նաև՝ խնդրել երկրի խորհրդարանին քննել գործը (խախտումը):

Ինչպես նշվեց, վերոնշյալ մնացած երկրներում ՏԱ հանձնակատարի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, իսկ եթե պետական մարմինը չի կատարում հանձնակատարի որոշումը, ապա հանձնակատարը կարող է որոշակի գործողությունների դիմել: Օրինակ, Միացյալ թագավորության և Մակեդոնիայի ՏԱ հանձնակատարները կարող են դատական գործընթաց նախաձեռնել իրենց որոշումները չկատարած պետական մարմնի դեմ, Սերբիայի հանձնակատարը կարող է դիմել Մշակույթի և տեղեկատվության նախարարությանը` որն էլ իր հերթին դատական գործ կարող է նախաձեռնել:

Իռլանդիայի ՏԱ հանձնակատարի որոշումները չկատարելը դիտարկվում է որպես հանձնակատարի գործունեությանը խոչըդոտել և համարվում է իրավախախտում (զանցանք, հանցանք): Իռլանդիայի ՏԱ հանձնակատարը նաև իրավունք ունի դիմելու դատարան: Առանձնանում է Սլովենիայի ՏԱ հանձնակատարը, ով իրավունք ունի տուգանել այն պետական մարմիններին, որոնք չեն կատարել իր որոշումները:

Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը և հիմնվելով միջազգային պրակտիկայի վրա` կարելի է արձանագրել, որ ՏԱ հանձնակատարի որոշումները պետք է ունենան պարտադիր բնույթ` ՏԱ իավունքի զարգացման և խթանման, ինչպես նաև՝ ՏԱ ոլորտում խախտումները և չարաշահումները բացառելու նպատակով:

Տարբեր երկրների ՏԱ հանձնակատարները

Անդրադառնանք տարբեր երկրների ՏԱ հանձնակատարի ինստիտուտներին: Հիմնականում կարելի է առանձնացնել ՏԱ հանձնակատարի ինստիտուտի՝ Ավստրալիայի, Կանադայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Միացյալ Թագավորության մոդելները, իսկ եվրոպական այլ երկրների ՏԱ հանձնակատարների ինստիտուտները ընդհանուր առմամբ նույնական են:

Կանադայի տեղեկատվության ազատության հանձնակատարն անկախ օմբուցմեն է (ստեղծվել է 1983թ.-ին), որը նշանակվում է Կանադայի խորհրդարանի կողմից և հաշվետու է անմիջականորեն խորհրդարանին: Կանադայի ՏԱ հանձնակատարը քննում է անձանց դիմում-բողոքները, ովքեր գտնում են, որ խախտվել է Կանադայի ՏԱ մասին օրենքով սահմանված՝ տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը:

ՏԱ հանձնակատարի աշխատանքն ապահովում է հանձնակատարի գրասենյակը: Մասնավորապես, Կանադայի ՏԱ հանձնակատարի գրասենյակը իրականացնում է հետազոտություններ և վեճերի քննություններ ՏԱ ոլորտում առկա բողոքները լուծելու համար, մշտադիտարկում է իրականացնում, թե ինչպես են դաշնային մարմինները կիրառում Կանադայի ՏԱ մասին օրենքը, ներկայացնում է ՏԱ հանձնակատարին դատարանում, մատուցում է իրավական խորհրդատվություն:

Հանձնակատարը վերահսկում է ՏԱ ոլորտում Կանադայի ֆեդերալ կառավարության իրականացրած պրակտիկան: Նա խրախուսում և օժանդակում է դաշնային մարմիններին ընդունել տեղեկատվության մատչելիության ապահովման այնպիսի մոտեցումներ, որոնք համահունչ են Կանադայի ՏԱ մասին օրենքի սկզբունքներին:

ՏԱ հանձնակատարը արտադատական կարգով լուծում է տեղեկատվության ազատության ոլորտում առաջացած վեճերը՝ դատարանին դիմելով միայն այն դեպքում, երբ խախտվում է անձի ՏԱ իրավունքը և ապացուցվում է, որ վեճի լուծումն արտադատական կարգով հնարավոր չէ:

Ավստրալիայի տեղեկատվության ազատության հանձնակատարի գրասենյակն անկախ կառավարական մարմին է, որը ստեղծվել է Ավստրալիայի ՏԱ հանձնակատարի մասին իրավական ակտի հիման վրա 2010թ.-ին (մինչ այդ Ավստրալիայում գործել է Գաղտնիության հանձնակատարի ինստիտուտը): Ավստրալիայի ՏԱ հանձնակատարի հիմնական գործառույթներն առնչվում են տեղեկատվության ազատության իրավունքին, տեղեկատվության գաղտնիությանը, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականությանը: Ավստրալիայի ՏԱ հանձնակատարի գրասենյակն ունի 3 հիմնական գործառույթ.

  1. Ապահովել պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը, ներառյալ՝ Ավստրալիայի ՏԱ մասին օրենքով սահմանված՝ անձանց՝ փաստաթղթերի հասանելիության իրավունքը,
  2. Ապահովել Գաղտնիության մասին Ավստրալիայի օրենքին համապատասխան՝ անհատի անձնական տեղեկությունների պաշտպանությունը,
  3. Ավստրալիայի կառավարությանը խորհրդատվություն տրամադրել տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման քաղաքականության վերաբերյալ:

Գերմանիայի տեղեկատվության ազատության և անհատական տվյալների պաշտպանության հանձնակատարը դաշնային հանձնակատար է, ով, ինչպես հուշում է պաշտոնի անվանումը, ինչպես անհատական տվյալների պաշտպանության, այնպես էլ տեղեկատվության ազատության (2006թ.-ից) հանձնակատար է:

Մինչև 2006թ.-ը Գերմանիայի տեղեկատվության ազատության և անհատական տվյալների պաշտպանության հանձնակատարը կոչվում էր Անհատական տվյալների պաշտպանության դաշնային հանձնակատար:

Հանձնակատարն անկախ վերահսկող մարմին է, որը դիտարկում է անհատական տվյալների պաշտպանության վիճակը դաշնային մարմիններում, կազմակերպություններում, հեռահաղորդակցության և փոստային ծառայություններում: Արդյունքում, հանձնակատարը ներկայացնում է կիսամյակային զեկույցներ:

Գերմանիայի ՏԱ և անհատական տվյալների պաշտպանության հանձնակատարը առաջադրվում է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից և ընտրվում Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից: Գերմանական հանձնակատարի առանձնահատկություններից է, որ թեև ենթադրվում է, որ պետք է հանրային պաշտոնյա լիներ, սակայն իրականում պաշտոնն առավել նման է քաղաքացիական ծառայողի պաշտոնի: Գերմանիայում հանձնակատարը պաշտոնավարում է 5 տարի՝ վերընտրվելու հնարավորությամբ:

Հնդկաստանում տեղեկատվության ազատության կենտրոնական հանձնակատարը ստեղծվել է 2005թ.-ին ՏԱ մասին Հնդկաստանի օրենքի համաձայն: Այն Հնդկաստանի կառավարությանն առընթեր լիազոր մարմին է, որը գործում է այն անհատներից ստացված բողոքների հիման վրա։

Հնդկաստանի ՏԱ կենտրոնական հանձնակատարը ընդունում և քննում է յուրաքանչյուրի բողոքը, ով տեղեկատվություն է խնդրել ՏԱ մասին Հնդկաստանի օրենքի համաձայն և մերժում է ստացել, կամ այլ կերպ խախտվել է տեղեկատվության ազատության նրանց իրավունքը, օրինակ՝ արգելվել է ներկայացնել տեղեկություն ստանալու հարցում կամ տեղեկության տրամադրման համար պահանջվել է չափազանցված գումար:

Իռլանդիայի ՏԱ հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1998թ.-ին Տեղեկատվության ազատության մասին Իռլանդիայի օրենքի համաձայն: Տեղեկատվության ազատության հանձնակատարի հիմնական գործառույթն այն է, որ նա կարող է վերանայել պետական մարմինների այն որոշումները, որոնք առնչվում են տեղեկատվության ազատության իրավունքին, տեղեկություն ստանալու հարցումներին: Իռլանդիայի ՏԱ հանձնակատարի առանձնահատկությունն այն է, որ նա ի պաշտոնե նաև մարդու իրավունքների պաշտպանն է՝ օմբուցմենը:

Միացյալ թագավորությունում տեղեկատվության ազատության հանձնակատարը (որպես այդպիսին գործում է 2000թ.-ից՝ ՏԱ մասին իրավական ակտի ընդունումից հետո, իսկ մինչ այդ եղել է Անհատական տվյալների պաշտպանության հանձնակատար) ոչ գերատեսչական պետական մարմին է, որը ֆինանսավորվում է Արդարադատության նախարարության կողմից և անմիջականորեն հաշվետու է Միացյալ թագավորության խորհրդարանին: Միացյալ թագավորությունում ՏԱ հանձնակատարը անկախ վերահսկող մարմին է, որը հետևում է Անհատական տվյալների պաշտպանության մասին, Տեղեկատվության ազատության մասին օրենքների, ինչպես նաև՝ Գաղտնիության և էլեկտրոնային հաղորդակցության մասին և բնապահպանական տեղեկատվության մասին կարգերի (դիրեկտիվաների) պահպանմանը Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, մասնավորապես՝ նաև Շոտլանդիայում (Շոտլանդիայում այդ երկրի ՏԱ մասին օրենքի ապահովման ոլորտը գտնվում է Շոտլանդիայի ՏԱ հանձնակատարի իրավասության տակ):

Միացյալ թագավորության ՏԱ հանձնակատարի գրասենյակի առաքելությունն է պաշտպանել տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը, նպաստելով պետական մարմինների հրապարակայնությունը և տվյալների գաղտնիության ապահովմանը ֆիզիկական անձանց համար: Հանձնակատարի որոշումների նկատմամբ հսկողություն իրականացնում են դատարանները և տեղեկատվական տրիբունալը:

Նշենք, որ Եվրոմիության կազմում գտնվող գրեթե բոլոր պետություններն էլ ունեն ՏԱ հանձնակատարի կամ դրան համարժեք պաշտոններ, որոնք ստեղծվել են ԵՄ 95/46 հանձնարարականի համաձայն (անհատական տվյալների մշակման և դրանց մատչելիության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության մասին) իրենց առանձնահատկություններով հանդերձ հիմնականում նման են ՏԱ հանձնակատարի վերոնշյալ մոդելներից որևէ մեկին: Ներկայացնենք նաև դրանցից մի քանիսը:

Մակեդոնիայի Հանրային տեղեկատվության մատչելիության պաշտպանության հանձնակատարի գրասենյակն անկախ գործող մարմին է, որը ստեղծվել է 2005թ.-ին: Այն իր աշխատանքների կատարման համար հաշվետու է միայն Մակեդոնիայի խորհրդարանին, որին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հանրային տեղեկատվության մատչելիության մասին Մակեդոնիայի օրենքի կիրառման ապահովման համար: Այդ նպատակի իրականացման համար հանձնակատարի գրասենյակը կազմակերպում է ուսուցումներ այն պաշտոնյաների համար, ովքեր անմիջականորեն պատասխանատու են Հանրային տեղեկատվության մատչելիության մասին Մակեդոնիայի օրենքի և տեղեկատվություն տնօրինող մարմիններին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմելու մասին իրավական ակտի կիրառման համար: Հատկանշական է, որ Մակեդոնիայի՝ Հանրային տեղեկատվության մատչելիության պաշտպանության հանձնակատարի գրասենյակի գործունեությունը խթանելու, արդյունավետ դարձնելու նպատակով հանձնակատարին տրամադրվել է եթերաժամանակ Մակեդոնիայի հանրային հեռուստաընկերության եթերում:

Սլովենիայի ՏԱ հանձնակատարն իր գործունեությունը ծավալում է Անհատական տվյալների պաշտպանության մասին, Հանրային տեղեկատվության մատչելիության մասին և Հանրային ԶԼՄ-ների մասին օրենքների շրջանակներում: ՏԱ հանձնակատարի ինստիտուտը Սլովենիայում գործում է 2005թ.-ից:

Տեղեկատվության մատչելիության ոլորտում Սլովենիայի ՏԱ հանձնակատարի հիմնական գործառույթներն են.

  1. Կայացնել որոշում տեղեկություն տնօրինող մարմինների այն որոշումների բողոքարկման վերաբերյալ, որոնցով մերժվել են տեղեկություն ստանալու հարցումները, կամ խախտվել է հանրային տեղեկատվության մատչելիության կամ վերաօգտագործման (օգտագործման) իրավունքը,
  2. Իրականացնել հսկողություն հանրային տեղեկատվության մատչելիության վերաբերյալ իրավական ակտերի իրականացման նկատմամբ:

Սերբիայի Հանրային նշանակության տեղեկատվության և անհատական տվյալների պաշտպանության հանձնակատարը գործում է 2004թ.-ից Հանրային տեղեկատվության մատչելիության մասին և Անհատական տվյալների պաշտպանության մասին Սերբիայի օրենքների շրջանակներում:

Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում Սերբիայի հանձնակատարը դիտարկում է իրականացնում, թե ինչպես են պաշտոնյաներն իրականացնում Հանրային տեղեկատվության մատչելիության մասին օրենքով սահմանված իրենց իրավունքները և այդ մասին զեկույց է ներկայացնում հասարակությանը և Սերբիայի ազգային ժողովին, նախաձեռնում է փոփոխություններ և լրացումներ ՏԱ ոլորտը կարգավորող իրավական ակտերում, Պետական մարմիններին ներկայացնում է առաջարկություններ՝ ՏԱ ոլորտում իրենց աշխատանքը բարելավելու համար, պետական մարմինների աշխատակիցների համար իրականացնում է ՏԱ իրավունքի վերաբերյալ վերապատրաստումներ, դիտարկում է ՏԱ իրավունքի խախտման վերաբերյալ պետական մարմինների որոշումների դեմ բերված բողոքները, իրականացնում է ՏԱ ոլորտի մասին հանրային իրազեկում, ինչպես նաև կարող է նախաձեռնել վարույթ (դիմել համապատասխան դատարանին կամ մարմնին) այս կամ այն իրավական ակտի սահմանադրականության և օրինականության վերաբերյալ:

Թայլանդում ևս գործում է Տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտը: Հասարակության համար պաշտոնական փաստաթղթերի մատչելիությունն ապահովելը Թայլանդի ՏԱ հանձնակատարի 4 նպատակներից միայն մեկն է: Հանձնակատարը նաև կոչված է զարգացնել ժողովրդավարական կառավարություն՝ պետական կառավարմանը հասարակության մասնակցություն ապահովելու միջոցով, ապահովել պետական կառավարման առավելագույն թափանցիկություն՝ քաղաքացիական ծառայության ինստիտուտի բարեփոխումների միջոցով, տեղեկատվական համակարգերի կառավարման միջոցով զարգացնել մրցակցություն (մրցակցային կառավարում):

Այս նպատակների իրականացման համար Թայլանդի ՏԱ պաշտոնական հանձնակատարն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնց բնույթի մասին խոսում է Թայլանդի ՏԱ պաշտոնական հանձնակատարի ինստիտուտի կառուցվածքը՝ բաժինները, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է իր անվանմանը համապատասխան գործառույթները.

  1. Քաղաքականության և վերլուծությունների բաժին,
  2. Քննարկման և որոշումների բաժին,
  3. Բողոքների և իրավական խորհրդատվության բաժին,
  4. ՏԱ իրավունքի խթանման և հրատարակչական բաժին,
  5. Տեղեկատվական համակարգի զարգացման բաժին,
  6. Ընդհանուր վարչական աշխատակազմ և Քարտուղարություն:

Կայմանյան կզղիները նույնպես ունեն տեղեկատվության ազատության հանձնակատար: ՏԱ հանձնակատարի գրասենյակն անկախ մարմին է, որը վերահսկում է, որպեսզի պետական մարմինների աշխատանքը համապատասխանի Տեղեկատվության ազատության մասին Կայմանյան կղզիների օրենքին: Յուրաքանչյուր անհատ, ում պետական մարմինները մերժել են տրամադրել տեղեկատվություն, կամ ով գտնում է, որ տեղեկություն ստանալու իր հարցումը չի քննարկվել, կարող է բողոքարկել պետական մարմնի գործողությունը ՏԱ հանձնակատարին, ով իրավասու է վերանայել այդ գործողությունը, համեմատել ՏԱ մասին օրենքի հետ և կայացնել որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման: Հանձնակատարը պատասխանատու է նաև ՏԱ իրավունքի և օրենքի մասին հանրային իրազեկման, ինչպես նաև ՏԱ մասին օրենքի շրջանակներում քաղաքացիների իրավունքների և պետական մարմինների պարտականությունների կատարման իրականացման համար:

Բացի վերոնշյալը, Կայմանյան կղզիների ՏԱ հանձնակատարն իրավունք ունի նաև.

  1. Ընդունել, քննել ՏԱ մասին օրենքի կարգավորման ոլորտին վերաբերող դիմումները և կայացնել դրանց հետ կապված որոշումներ,
  2. Դիտարկել և զեկուցել, թե որքանով են պետական մարմիններն իրականացնում ՏԱ մասին օրենքով սահմանված իրենց պարտականությունները,
  3. Առաջարկություներ ներկայացնել բարեփոխումների վերաբերյալ ինչպես ընդհանուր բնույթին, այպես էլ ուղղված կոնկրետ պետական մարմնին,
  4. Դիմել համապատասխան մարմիններին, երբ իր գործունեության ընթացքում պարզվում է, որ քրեական հանցագործություն է կատարվել,
  5. Հրապարակայնացնել ՏԱ մասին օրենքի պահանջները և այդ օրենքով սահմանված՝ անհատի իրավունքները:
Հայաստանի Հանրապետություն

Արդեն 9 տարի է՝ գործում է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը: Ընդունվելով 2003թ.-ի սեպտեմբերի 23-ին (ուժի մեջ է մտել 2003թ.-ի նոյեմբերի 15-ին)՝ որպես իրավական ակտ այն համարվել է Եվրոպայի՝ ՏԱ ոլորտի վերաբերյալ 10 լավագույն օրենքներից մեկը, տեղեկատվության ազատության մասին աշխարհի լավագույն օրենքներից մեկը: Սակայն օրենքի ընդունումից ի վեր ՏԱ պրակտիկան ցույց է տալիս, որ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառումը հեռու է բավարարից:

Ոլորտի լավագույն օրենքներից մեկն ունեցող երկիրը դեռևս չունի տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար պատասխանատու պաշտոնյա՝ ՏԱ հանձնակատար:

Նշենք, որ ՏԱ հանձնակատար ունենալու պահանջն անուղղակիորեն սահմանված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքում: Այսպես, ՏԱ մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ “Տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան”: Այսպիսով, բողոքարկման երկու հնարավոր տարբերակ կա՝ դատարան և լիազորված պետական կառավարման մարմին: Դատարանները արդարադատություն իրականացնող մարմիններ են և գործում են դատավարական օրենսդրության հիման վրա, իրականացնում են դատական իշխանությունը, իսկ լիազորված պետական կառավարման մարմինը հենց ՏԱ հանձնակատարի ինստիտուտն է, որը Հայաստանում ներդրված չէ: Հենց ՏԱ հանձնակատարն էլ պետք է հանդիսանար օրենքում նշված՝ ՏԱ իրավունքի խախտումների բողոքարկման արտադատական մարմին՝ լիազորված պետական կառավարման մարմին:

Մինչ օրս, տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի իրականացման, օրենքի կիրառման ապահովման պարտականությունն իրենց վրա են վերցրել հասարակական կազմակերպությունները, մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը Հայասատանում տեղեկատվության ազատության իրավունքի ոլորտում մասնագիտացած միակ հասարակական կազմակերպությունն է: Անխոս, ՏԱ իրավունքի զարգացման և պաշտպանության գործում մեծ դեր են ունեցել և ունեն նաև ՀՀ-ում գործող այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ:

Անցած 9 տարիների ընթացքում դատական պրակտիկա ձևավորելու, բազմաթիվ ուսուցումներ իրականացնելու, քաղաքացիներին և կազմակերպություններին խորհրդատվությամբ ապահովելու միջոցով ԻԱԿ-ը և հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկատվության ազատության իրավունքի կիրառումը բարձրացրել են նոր մակարդակի, լուծել տեղեկատվության ազատության ոլորտում առկա բազում խնդիրներ: Սակայն, շատ խնդիրներ էլ մնում են չլուծված: Ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նաև ՏԱ իրավունքի կիրառումն ապահովելու պետական հոգածություն, ուստի իրական ժամանակն է, որպեսզի այսուհետ նաև պետությունը հետևի այս հիմնարար իրավունքի պաշտպանությանը և կիրառմանը՝ տեղեկատվության ազատության հանձնակատարի միջոցով:

Skip to content