Շուշան Դոյդոյան
Աշխարհի ավելի քան 68 երկիր ունի Տեղեկատվության ազատության մասին օրենք, որոնց մեծ մասը՝ 26-ը, օրենքն ընդունել է 1989 թվականին Բեռլինի պատի փլուզումից հետո: Այսօր այս երկրների թվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
Աշխարհի ավելի քան 68 երկիր ունի Տեղեկատվության ազատության մասին օրենք, որոնց մեծ մասը՝ 26-ը, օրենքն ընդունել է 1989 թվականին Բեռլինի պատի փլուզումից հետո: Այսօր այս երկրների թվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:
2003 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի ընդունումը Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպությունների կոալիցիայի եւ պառլամենտի երկու տարվա արդյունավետ համագործակցության եւ աշխատանքի արդյունք էր: Միջազգային փորձագետների կարծիքով՝ ընդունված օրենքն իսկապես առաջավոր է եւ ապահովում է պետական մարմինների թափանցիկ եւ պատասխանատու գործունեությունը, ինչպես նաեւ յուրաքանչյուրի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը:
Թեեւ ՀՀ Սահմանդրությունը երաշխավորում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, բայց ներկա օրենսդրությունը այս խնդիրը չի կարգավորում: Գործնականում մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարվում է ամեն քայլափոխի: Հայաստանում պետական մարմինների գործունեության թափանցիկությունն առավել լավ պատկերացնելու համար բերենք միայն մեկ օրինակ: 2003թ.ի հունիս-հուլիս ամիսներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 100 գրավոր հարցում է ուղղել պետական եւ տեղական ինքնակառավարման 18 մարմինների: 50 հարցումին ընդհանրապես չեն պատասխանել, 14 դիմում մերժվել է: Տրվել է միայն 36 պատասխան, որից 6-ը՝ ոչ լիարժեք:
Այսպիսով, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումը պայմանավորված է տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացմամբ: Այն մարդկանց տեղյակ լինելու իրավունք եւ հնարավորություն է տալիս՝ միաժամանակ սահմանելով պետական մարմինների պատասխանատվության մեխանիզմները։
Օրենքի հիմնական նպատակներն են.Սահմանել տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքի իրականացման հստակ մեխանիզմ:
-
Սահմանել պետական մարմիններից եւ կազմակերպություններից, ինչպես նաեւ հանրային նշանակության մարմիններից տեղեկություններ պահանջելու եւ ստանալու կարգը: Նաեւ մարմինների կողմից մարդկանց տեղեկություն ստանալու դիմումները բավարարելու կարգը:
-
Սահմանել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմ:
Հայաստանի Օրենքը 3 կարեւորագույն առանձնահատկություն ունի: Ավանդաբար տեղակ լինելու իրավունքը կապվում է պետական մարմիններից տեղեկություն ստանալու խնդրի հետ: Աստիճանաբար, սակայն, պետությունը մի շարք կարեւոր ոլորտների (էներգետիկա, տրանսպորտ, կապ, ջրամատակարարում եւ այլն) շահագործումն ու կառավարումը փոխանցում է մասնավոր սեկտորին: Սակայն սրանով այս ոլորտներին առնչվող տեղեկատվությունն ամենեւին չի կորցնում իր կարեւորությունն ու անհրաժեշտությունը հասարակության համար: Այդ իսկ պատճառով օրենքի հեղինակները գնացել են համարձակ ճանապարհով՝ օրենքը տարածելով նաեւ հանրային նշանակության մասնավոր ընկերությունների վրա: Դրանք են՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները: Նման փորձ աշխարհում գոյություն ուներ միայն Հարավային Աֆրիկայում, որի համար եւ այս երկրի «Տեղեկատվության մատչելիության աջակցութան մասին» օրենքը աշխարհում լավագույնն է համարվում:
Երկրորդ կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ օրենքը թեւեւ սահմանում է հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները, սակայն միաժամանակ պաշտպանության տակ է առնում գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք թույլ տված պաշտոնյաներին եւ բացառում է նրանց պատասխանատվությունը, եթե այդ տեղեկատվության հրապարակմամբ կարող են կանխվել հասարակությանը սպառնացող վտանգը, մարդկանց անվտանությանն ու առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող աղետները, մի խոսքով՝ գաղտնիքի հրապարկումն օգուտ է բերում հասարակությանը:
Եւ վերջապես, Օրենքի մյուս առանձնահատկությունն այն է, որ այն սահմանում է տեղեկատվություն տնօրինողի կողմից անհապաղ կամ առնվազն տարին մեկ անգամ պարտադիր հրապարակման տեղեկությունների ցանկ: Այդպիսի տեղեկություններ են, օրինակ, հանրության համար իրականացվող աշխատանքներն ու ծառայությունները, բյուջեները, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, մարմնի/կազմակերպության կողմից տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տրամադրման կարգը, տվյալ մարմնի՝ շրջակա միջավայրի վրա ներգործությունը եւ այլն:
Հստակ սահմանվում են տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերն ու կարգը՝ չինովնիկներին զրկելով կամայականորեն գործելու հնարավորությունից: Նշենք նաեւ, որ մերժումն արդարացնելու բեռը դրվում է պետական մարմնի, պաշտոնյայի վրա: Գրավոր հարցումով պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողը 5-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաեւ բողոքարկման կարգը:
Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու, կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։ Նախատեսվում է բողոքարկման երկու կարգ՝ դատական եւ վերադասության կարգով։ Առայժմ գոյություն ունի տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար միայն քրեական պատասխանատություն: 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական նոր օրենսգրքի 148 հոդվածը «Անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը» թեւե ոչ լիարժեք, այնուամենայնիվ, կարեւոր լծակ է ապահովում տեղեկություն ստանալու իրավունքը խախտող պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու համար: «Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին եւ օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով»:
«ՏԱ» օրենքի ընդունմանը զուգահեռ ԱԺ-ն ընդունեց նաեւ Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով լրացումներ կատարվեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, որի համաձայն լրագրողներին տեղեկատվություն տրամադրելուց ապօրինի հրաժարվող պաշտոնյան կտուգանվի նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ կրկնակի: Այսպիսով, քրեական պատասխանատվությանը ավելացավ նաեւ վարչականը:
Բայց սրանից հետո օրենսդրությունում պատասխանատվության հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել: Օրենքի հեղինակների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքով տեղեկություն ստանալու իրավունքի իրականացման անկախ երաշխավոր կարող է լինել միայն մարդու իրավունքների պաշտպանը՝ Օմբուցմենը: Իր առջեւ դրված լայն լիազորությունները արդյունավետ կատարելու համար մարդու իրավունքների պաշտպանը պետք է զերծ մնա քաղաքական ու տնտեսական ցանկացած ճնշումներից, ուստի պետք է քաղաքական եւ ֆինանսական իրական անկախություն ունենա: