Նաիրա Հովհաննիսյան Տեղեկագիր 2 «ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը սահմանում է՝ «Պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին: Պաշտոնատար անձը կամ մարմինը, ում հասցեագրված է հարցումը կամ առաջարկությունը, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավոր պատասխանել պատգամավորին»: Շուրջ մեկ տասնյակ ԱԺ պատգամավորների շրջանում անցկացված մեր հարցումը ցույց տվեց, որ տարբեր պետական ատյաններին ուղղած նրանց նամակներին եւս կարող են հիմնավոր ու «ըստ էության» կամ ընդհանրապես չպատասխանել՝ խախտելով «ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքները: Մինչդեռ շատ ավելի անպաշտպան քաղաքացիները հենց իրենց ընտրյալների օգնությանն են դիմում, երբ այս կամ այն ատյանից բավարար պատասխան չեն ստանում: Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ ԱԺ պատգամավորների նկատմամբ պետական այրերն ավելի ուշադիր են, եւ նրանց դիմումներին օրենքի պահանջներին համապատասխան չպատասխանելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում: Այլ խնդիր է, որ պատգամավորների արծարծած հարցերը դիմումատուի համար հաճախ հաճախ դրական լուծում չեն ստանում, թեեւ պատասխան ստանում են, այն էլ՝ օրենքով սահմանված ժամկետներում (15 օրից մեկ ամիս): Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին ԱԺ պատգամավորներ Խորեն Սարգսյանն ու Մանուկ Գասպարյանը: Վերջինիս վկայությամբ՝ իր դիմումների 90%-ը դրական լուծում չի ստանում: Ի դեպ՝ որոշ պատգամավորներ նախընտրում են պաշտոնյաների հետ հեռախոսով լուծել խնդիրները: ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը մասնավորապես նկատեց, որ ինքը պաշտոնյաներից պատասխան չստանալու առումով խնդիրներ չունի, քանի որ որպես հանձնաժողովի նախագահ «սուպեր» հեռախոսակապ ունի, ինչն ապահովում է անմիջական կապը բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Իսկ ԱԺ պատգամավոր Սերգո Երիցյանը հեռախոսով հարցեր լուծելը արդյունավետ չի համարում, քանի որ գրավոր դիմումը պատասխան է պարտավորեցնում: Ըստ պատգամավորի հարկ է որոշում ընդունել այն մասին, որ ԱԺ ամբիոնից արված պատգամավորների բանավոր հայտարարությունները եւս պետական պաշտոնյաները ընդունեն որպես պաշտոնական դիմում եւ դրանց նույնպես հրատապ ընթացք տան: Այլապես, երբ նամակով դիմում ես եւ սպասում պատասխանի, հաճախ ուշ է լինում: ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց, որ տարեկան մոտ 300-400 նամակ է ուղղում տարբեր ատյաններ՝ թե՛ որպես հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես իր ընտրատարածքի բնակչությանն օգնելու պարտավորություն ունեցող պատգամավոր: Պրն Քոչարյանի հավաստմամբ՝ այդ նամակների «ճնշող մեծամասնությանը ժամանակին պատասխանում են»: Սակայն նաեւ նկատեց՝ «Իհարկե, շատ անգամ պատասխանը չի բավարարում, շատ անգամ երեւում է խուսանավելու, հարցի էությունից խուսափելու ցանկությունը»: Այնուամենայնիվ, լինում են նաեւ հատուկենտ դեպքեր, երբ նամակին ընդհանրապես չեն պատասխանում: Նման մի քանի դեպք ներկայացրեց պատգամավորը: Դեռեւս օգոստոսի 10-ին Շավարշ Քոչարյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ մի քաղաքացու բողոքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով: Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակիչը պատգամավորին բողոքել է, որ իր պատշգամբի վրա, առանց իր կարծիքը հարցնելու, մետաղյա ծածկ են կառուցել, քանի որ պատշգամբի տակ ինչ-որ օբյեկտ են տեղադրել: Մետաղյա ծածկը ամռանը տաքանում է, տոթը տեղափոխվում է սենյակներ, բացի այդ՝ ծածկի վրա աղբ է կուտակվում, ինչը հակասանիտարական է: Ի դեպ՝ քաղաքացին ունի նաեւ բազմաթիվ տեղեկանքներ այն մասին, որ այդ կառույցն ապօրինի է եւ սանիտարական նորմերին չի համապատասխանում: Քաղաքացին դիմել է տարբեր ատյաններ, նույնիսկ դատարան, բայց՝ անարդյունք: Մինչ օրս պրն Քոչարյանը քաղաքապետից չի ստացել նամակի պատասխանը եւ սա համարում է արտառոց դեպք: Մյուս դեպքում պատգամավորը պատասխան չի ստացել Կրթության եւ գիտության նախարարությունից եւ դարձյալ քաղաքապետից: Այս անգամ հարկ է եղել մի քանի անգամ դիմել հիշյալ գերատեսչություններին եւ միշտ, ըստ Շ. Քոչարյանի, տրվել են «ոչ ըստ էության» պատասխաններ, իսկ վերջին նամակին, գրված 2000թ. հուլիսի 13-ին, ընդհանրապես չեն պատասխանել: Խնդիրը 2000թ. դպրոցի մի շրջանավարտի անօրինական կերպով ոսկե մեդալից զրկելուն է առնչվում, ինչի հետեւանքով նա մեկ քննությամբ բուհ ընդունվելու արտոնությունից զրկվել է եւ ընդունվել վճարովի համակարգ՝ լինելով անվճարունակ: Քոչարյանի կարծիքով՝ մտահոգիչն այն է, որ նման ապօրինություններ կոծկելը, չքննարկելը կարող է նման դեպքերի կրկնության պատճառ դառնալ: Ըստ հանձնաժողովի նախագահի, նման եզակի դեպքերը չհաշված, բուհերի ռեկտորները, Կրթության եւ գիտության նախարարությունը միշտ էլ բարեխիղճ պատասխանում են հանձնաժողովի դիմումներին: Քոչարյանի գնահատմամբ քաղաքացիների դիմումներին պատասխանելու մեր համակարգը «ուղղված չէ ըստ էության պատասխանելու դիմումատուի նույնիսկ արդարացի, հիմնավորված պահանջներին»: Ձեւական առումով օրենքի պահանջները կատարվում են, սակայն շատ քիչ է լինում, որ բողոքն արդարացի լուծում ստանա: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, մոտավոր հաշվարկներով, ամիսը մոտ 10-15 նամակ է հղում այս կամ այն գերատեսչությանը՝ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Ինչպես խմբակցությունում տեղեկացրին, այդ նամակներին հիմնականում ժամանակին ու հիմնավոր պատասխանում են: Սակայն լինում են նաեւ բացառություններ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը 2001թ. հունիսի 26-ի գրությամբ՝ հասցեագրված ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանին, խնդրել էր տրամադրել մի շարք տեղականքներ: Թվով 6 տեղեկանքները վերաբերում էին վերջին մի քանի տարիների սոցապ վճարներին: Դրանք խմբակցությանն անհրաժեշտ էին օրենսդրական գործունեության համար: Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունը օրենքի նախագիծ էր ներկայացրել՝ «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Դրանով մասնավորապես նախատեսվում էին բարձրացնել կենսաթոշակները: Սոցապ վճարումների մասին տվյալները խմբակցությանն անհրաժեշտ էին՝ հաշվարկելու, թե ինչ ներուժ կա եւ դրա հիման վրա հնարավո՞ր է բարձրացնել կենսաթոշակները: Սակայն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը պահանջվող 6 տեղեկանքից միայն 4-ն է ուղարկել: Մյուս 2-ը չի ուղարկել եւ, պատճառը ճշտելու խմբակցության փորձերին ի պատասխան, տեղեկացրել է, թե դրանք տրամադրելը շատ աշխատատար գործ է, մի ամբողջ վարչություն պետք է դրա վրա աշխատի: Հուլիսի 18-ին խմբակցությունը նոր նամակով խնդրել է Հիմնադրամին՝ ուղարկել մյուս երկու տեղեկանքները եւս: Սակայն նամակը մնացել է անպատասխան : ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ոչ լիարժեք պատասխան է ստացել նաեւ ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին այս տարվա օգոստոսի 3-ին ուղղած իր նամակին: Դրանով, ի թիվս այլ տեղեկանքների, խմբակցությունը խնդրել էր էլեկտրոնային փոստով կամ համակարգչային կրիչով (քանի որ պահանջվող տեղեկությունը ծավալուն է եղել) փոխանցել 2001թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առողջարանային բուժման ուղեգրեր ստացած հաշմանդամների անվանական տվյալների բազան՝ ըստ առանձին առողջարանների: Խմբակցությունը ցանկացել է ճշտել, թե որքանո՞վ նպատակային են օգտագործվում պետբյուջեից հատկացվող միջոցները: Սակայն սոցապ նախարարի նամակն այդ հարցի պատասխանն այդպես էլ չի տվել: ԱԺ պատգամավորի գրությանը ըստ էության եւ հիմնավոր չպատասխանելու մի թարմ օրինակ ներկայացրեց ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Ընդառաջելով Կոմիտաս փողոցի մի խումբ բնակիչների (37 մարդ) խնդրանքին՝ պատգամավորը 10.09.2001թ. նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ Արաբկիրի թաղապետ Ֆելիքս Յայլոյանին: Ներկայացնելով բնակիչների բողոքը, ըստ որի` նրանց շենքի կանգառի շինության տակ տեղադրվում է եւս մի կրպակ, որը լիովին փակում է ամբողջ կանգառը, եւ, բացի այդ, պատուհաններից ննջասենյակներ այլեւս լույս չի ընկնում, Հայկ Բաբուխանյանը վերոնշյալ պաշտոնյաներին խնդրել է «ուսումնասիրել կրպակի տեղադրման նպատակահարմարությունը եւ հարցը հնարավորինս լուծել հօգուտ բնակիչների»: Ստացված պատասխանները պրն Բաբուխանյանին չեն բավարարել: Մոտ 20 օր է անհրաժեշտ եղել քաղաքապետարանին՝ հարցին պատասխանելու համար: Ճարտարապետական բաժնի պետ Տ. Խուրշուդյանի պատասխանում ասվում է, որ կրպակը տեղադրվում է քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ առեւտրի ու սպասարկումների վարչությունների հետ հաստատված սխեմայով եւ Արաբկիրի թաղապետարանի որոշմամբ ու հաստատված նախագծով: Իսկ Արաբկիրի համայնքապետի տեղակալ Ֆ. Սարգսյանի պատասխանում ասվում է, որ նշված տեղում «տեղադրվել է ծաղկի վաճառքի կրպակ՝ պահպանելով դիմացի շենքից 24 մետր հեռավորություն»: Մինչդեռ սա Հայկ Բաբուխանյանը որակում է որպես «ակնհայտ կեղծիք»՝ ասելով, որ իրականում կրպակը շատ ավելի մոտ է գտնվում շենքին: Պրն Բաբուխանյանը այս մասին հայտնել է նաեւ քաղաքապետին եւ Արաբկիրի թաղապետին գրած նոր նամակում՝ հայտնելով, որ տրված պատասխանները իրեն չեն բավարարում, նորից է խնդրում հարցն ուսումնասիրել ու կարգավորել: Նաեւ նշում է, որ մինչեւ բողոքին ընթացք են տալիս, շինարարությունը շարունակվում է, եւ բնակիչները կանգնում են փաստի առաջ: Տրամադրելով այս հարցի առնչությամբ փաստաթղթերը՝ ՍԻՄ-ի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Պողոսյանը նկատեց, որ նման պատասխաններ իրենք հաճախ են ստանում: ՍԻՄ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը եւս մի քանի առիթներով դիմել է քաղաքապետարան եւ, ըստ Արմեն Պողոսյանի, հատկապես այս օղակից իրենք կամ պատասխան չեն ստանում, կամ դրանք լինում են ոչ ըստ էության, թեեւ նշեց նաեւ, որ նոր քաղաքապետի օրոք որոշ դրական տեղաշարժ նկատվում է: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը հաճախ իր ստացած նամակները ուղարկում է այն ատյան, որից բողոքում են դիմումատուները: Ինչպես պարոն Պողոսյանը նկատեց, սա եւս օրենքի կոպիտ խախտում է: Դիմումներին պատասխանելու մասին հարցումներին ի պատասխան` ԱԺ պատգամավորները նկատում էին, որ իրենք քիչ թե շատ պաշտպանված են այդ առումով եւ խորհուրդ են տալիս հասարակ քաղաքացիների շրջանում նման հարցում անցկացնել։ Դժվար է չհամաձայնել նրանց այն գնահատականին, որ այդ դեպքում հարցման արդյունքները շատ ավելի տխուր կլինեն: