Հրապարակումներ

Հրապարակումներ

2019թ․-ին տեղեկություն ստանալու հարցումների կեսից ավելին ուղարկվել են էլեկտրոնային եղանակով․ ԻԱԿ-ն ամփոփում է ՏԱ հարցումների վիճակագրությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

2019թ․-ին տեղեկություն ստանալու հարցումների կեսից ավելին ուղարկվել են էլեկտրոնային եղանակով․ ԻԱԿ-ն ամփոփում է ՏԱ հարցումների վիճակագրությունը

2018 թվականին պետական կառավարման մարմինների ստացված հարցումների 16%-ն է ստացվել էլեկտրոնային եղանակով, իսկ 2019-ին էլեկտրոնային եղանակով են ստացվել հարցումների կեսից ավելին՝ 54%-ը։

Պետական մարմինները տարին առնվազն մեկ անգամ պարտավոր են հրապարակել ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի: Ստացված հարցումների մասին ամենամյա վիճակագրությունը պետական մարմինները պարտավոր են հրապարակել իրենց պաշտոնական կայքերում:

Օրենքի այս պահանջի կատարումը ստուգելու նպատակով 2020թ.-ի հունվարի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 29 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել 2018-2019թթ.-ի ընթացքում ստացված հարցումների վիճակագրությունը: ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել նաև տեղեկություններ, թե դիմողներից քանիսն է եղել լրագրող։

Ուղարկված հարցումները բաշխված են հետևյալ կերպ.

Վարչապետի, նախագահի և ԱԺ աշխատակազմեր – 3 հարցում,
ՀՀ նախարարություններ – 12 հարցում,
ՀՀ Կառավարությանը/Վարչապետին առընթեր մարմիններ – 13 հարցում,
Երևանի քաղաքապետարան – 1 հարցում:

29 հարցումներից անպատասխան է մնացել մեկը՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հարցումը, իսկ Պաշտպանության նախարարության տրամադրած պատասխանը թերի է, քանի որ պարունակում է միայն լրագրողների կողմից ստացված հարցումների վիճակագրությունը:

Ըստ տրամադրված պաշտոնական պատասխանների՝ 2018 թվականին պետական կառավարման 27 մարմին ստացել է 28,273 հարցում, իսկ 2019 թվականին՝ 20,558։ Կարևոր է հաշվի առնել, որ 2018 թ․-ի հարցումների ընդհանուր թվում ներառված են ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարության դիմումներն ու հարցումները միասին, քանի որ այս գերատեսչությունները 2018թ․-ին չեն իրականացրել հարցումների առանձնացված հաշվառում (Արդարադատության նախարարությունը՝ 8451 գրություն և Էկոնոմիկայի նախարարությունը՝ 8456)։ 2019 թվականից երկու նախարարություններն էլ տեղեկություն ստանալու հարցումների առանձնացված հաշվառում են իրականացնում։ Ստացվում է, որ 2018-2019 թվականների թվաբանական պատկերը գրեթե նույնական է։

Ե´վ 2018-ին, և´ 2019-ին ամենից շատ հարցումներ ստացել է Վարչապետի աշխատակազմը՝ համապատասխանաբար 3737 և 6045 հարցում։ Ամենից քիչ հարցումներ ստացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը. 2 տարիների ընթացքում կառույցը ստացել է 4 հարցում, որից 2-ը լրագրողներից:

2019-ին նախարարություններից ամենաշատ հարցում ստացել է Առողջապահության նախարարությունը՝ 2120, իսկ ամենաքիչ հարցում ստացել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 49:

ԻԱԿ-ը ճշտել է նաև, թե հարցումների որ մասն է ստացվել էլեկտրոնային եղանակով։ Հաշվի առնելով այն, որ Ազգային անվտանգության ծառայությունը և Պաշտպանության նախարարությունը էլեկտրոնային եղանակով ուղարկված հարցումների մասին թվաբանական տվյալներ չեն ներկայացրել, ուստի 26 պետական մարմիններից ստացված էլեկտրոնային հարցումների տվյալները բաշխվել են հատևյալ կերպ՝ 2018 թվականին ստացված հարցումներից 4507-ը կամ 16%-ն է ստացվել էլեկտրոնային եղանակով, այնինչ 2019-ին էլեկտրոնային եղանակով են ստացվել հարցումների կեսից ավելին՝ 54%-ը (10730)։

Ամենից շատ էլեկտրոնային հարցում ստացել է ՀՀ Կառավարությունը․ Վարչապետի աշխատակազմի պատասխանի համաձայն՝ էլեկտրոնային են գերատեսչության ստացած հարցումների շուրջ 70%-ը։ Երկրորդ տեղում ըստ էլեկտրոնային հարցումների քանակի Կադաստրի կոմիտեն է․ այս մարմինը էլեկտրոնային եղանակով է ստացել 2018 թ․-ի հարցումների 49% և 2019 թ․-ի 31%-ը։ Թվաբանական այս պատկերը ցույց է տալիս էլեկտրոնային ծառայությունների տարածման և տեղեկատվության հարցում ուղարկելու նոր մշակույթի ամրապնդման մասին։

ԻԱԿ–ը ճշտել է նաև, թե ստացված հարցումներից քանիսն են ուղարկել լրագրողները: Սակայն կառույցներից 3-ը չեն ներկայացրել լրագրողների կողմից ուղարկված հարցումների առանձնացված թիվը՝ (Կադաստրի կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե և Առողջապահության նախարարություն): 2018 թվականին լրատվամիջոցներից/լրագրողներից պետական կառույցները ստացել են 1542 (ընդհանուր հարցումների 6.5%), իսկ 2019-ին՝ 2207 տեղեկություն ստանալու հարցում (կամ ընդհանուր հարցումների 17%ը):

ԻԱԿ-ը խնդրել էր ներկայացնել նաև վերահասցեագրված և մերժված հարցումների մասին թվաբանական տվյալներ։ Ըստ 26 գերատեսչությունների պատասխանների՝ 2018 թ․-ին վերահասցեագրվել է 978 հարցում (5 %) մերժվել` 156 (0.8 %) հարցում։ 2019 թվականին վերահասցեագրված հարցումների թիվը 570 է (3 %), մերժվածներինը՝ 136 (0.7%):

ԻԱԿ-ը ստուգել է նաև, թե որ մարմիններն են պատշաճ կատարել օրենքի պահանջը և հրապարակել վիճակագրությունը իրենց պաշտոնական կայքերում: ԻԱԿ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ նախարարություններից միայն Արդարադատության նախարարությունն է, որ կայքում տեղադրել է թարմացված և օրենքի պահանջներին հնարավորինս համապատասխան վիճակագրություն։ Եվս երկու նախարարություն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունները տվյալներով մոտ են օրենքի պահանջներին։ Մնացած նախարարություններում վիճակագրությունը կամ թարմ չէ, կամ ներկայացված բովանդակությունը խիստ մակերեսային է։ Երեք նախարարություններում վիճակագրությունը, եթե անգամ կա, ապա այցելուի համար շատ դժվար է գտնել կայքում (Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարություններ)։

Ստացված պատասխանները թույլ են տալիս եզրակացնել հետևյալը․

  • Պետական մարմիններում տեղեկատվություն ստանալու հարցումների մասին տվյալների գրանցման, դասակարգման և պահպանման մեկ ընդհանուր ձևաչափ գոյություն չունի. գերատեսչություններից յուրաքանչյուրն իրականացնում է այն ըստ իր հայեցողության կամ պատկերացման:
  • Պետական մարմիններում չկա տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության մշակման և հանրայնացման մեկ ընդհանուր ձևաչափ, ինչը անհնար է դարձնում առկա տվյալների զգալի մասի համադրումը և միասնական արդյունքի ամփոփումը:
  • Պետական կառույցների մի մասը տեղեկություն ստանալու հարցումների առանձնացված վիճակագրություն չի վարում, կամ վարում են առանձին աշխատակիցների կողմից՝ ըստ տեխնիկական հնարավորությունների։ Օրենքով պահանջված վիճակագրություն ներկայացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ գերատեսչությունները չեն մշակել։
  • Չնայած իրավական մեխանիզմների առկայությանը՝ գերատեսչությունների հիմնական մասը շարունակում է հարցումների մասին վիճակագրությունը կազմել և հանրայնացնել ըստ իր հայեցողության՝ այս կամ այն պատճառով բաց թողնելով օրենքով ամրագրված պարտադիր պահանջների մի մասը։
Skip to content