ՀՀ պետական կառավարման մարմինները փաստաթղթեր չեն գաղտնազերծում։ Սա են վկայում գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ ԻԱԿ-ի հարցումները ուղղված բոլոր նախարարութուններին։ Պարզվում է՝ վերջին 3 տարում միայն մեկ նախարարություն է գաղտնազերծել որևէ փաստաթուղթ։
2016թ.-ի հունիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին` պարզելու, թե արդյոք տվյալ նախարարությունը 2015թ.-ին գաղտնազերծել է գաղտնի փաստաթղթեր։ Նախարարություններից 2-ը՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները պատասխան չեն տրամադրել:
Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ նախորդ տարի՝ 2015թ.-ին ՀՀ նախարարություններից ոչ մեկը որևէ փաստաթուղթ չի գաղտնազերծել: Նախորդ տարիների հարցումների արդյունքը գրեթե նույնն է եղել. 2014թ.-ին ընթացքում ևս ՀՀ նախարարություններից ոչ մեկը որևէ փաստաթուղթ չի գաղտնազերծել, իսկ 2013թ.-ին ԱԳՆ-ն միակն էր, որ գաղտնազերծել էր 3 փաստաթուղթ: (տես այս մասին նյութը՝ Փաստաթղթերը գաղտնագրվում են, և դրանց մասին մոռանում են մեկընդմիշտ):
Մինչդեռ, “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն և համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաև, գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ:
Այսպիսով, առնվազն ՀՀ անկախության 24 տարիներից վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի պետք է գաղտնազերծվեն նախորդ 10 տարիների ընթացքում գաղտնի մնացած “Գաղտնի” գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները:
ԻԱԿ-ի հարցումների արդյունքները խիստ խնդրահարույց են, որոնք թույլ են տալիս եզրահանգել, որ ո՛չ գաղտնիքի պահպանման ժամկետները լրանալու, ո՛չ էլ նշված օրենքով սահմանված հիմքերով պետական կառավարման մարմինները փաստաթղթեր չեն գաղտնազերծում: