Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2006թ. փետրվարի 16-ին Երեւանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ հանրային նշանակության մարմինների ու հասարակայնության հետ կապերի լրատվության պատասխանատուների մասնակցությամբ: |
Իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանն ընդգծեց այս մարմինների` որպես տեղեկատվություն տնօրինողների բաց եւ հրապարակային աշխատելու կարեւորությունն ու առաջարկեց ձեռնարկել կոնկրետ քայլեր` տեղեկատվության մատչելիությունն ապահովելու համար:
ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց թե ԱԺ-ում ինչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվել “ՏԱ” մասին ՀՀ օրենքի կիրառման համար, իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն էլ նախարարության օրինակով ներկայացրեց “ՏԱ” մասին ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի առաջարկությամբ 22 մասնակիցները պայմանավորվեցին իրենց գերատեսչությունների ընդունարաններում տեղադրել ԻԱ կենտրոնի պատրաստած “12 հարց ու պատասխան տեղեկություն ստանալու մասին” գրքույկը, ինչը կօգնի այցելուներին լիարժեք օգտվել իրենց` տեղեկություն ստանալու իրավունքից:
2006թ.-ի ընթացքում ԻԱ կենտրոնը նման աշխատանքային քննարկումներ նախատեսում է կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում: