Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 15-ին եւ 16-ին Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկումներ` «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով:
Մայիսի 15-ին Եղեգնաձորում 32 պաշտոնյաների հետ ԻԱ կենտրոնի փորձագետները քննարկեցին մարզում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան, ներկայացրին քաղաքացուն հետաքրքրող տեղեկություններին պատասխանելու կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ` մերժման օրինական հիմքերը: Քննարկմանը ներկա գյուղական համայնքների ղեկավարներից շատերը զարմանքով ընդունեցին ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանի այն հայտարարությունը, որ բնակիչների հետ առերես հանդիպելուց բացի ավագանու նիստերի ժամկետի, վայրի եւ օրակարգի մասին ազդարարող տեղեկությունները պարտադիր պետք է փակցվեն ցուցատախտակներին: Մ. Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաեւ օրենքում ամրագրված պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը:
Մայիսի 16-ին Սյունիքի մարզում նմանատիպ քննարկմանը մասնակից մարզպետարանի, քաղաքապետարանների եւ գյուղապետարանների 35 աշխատակիցների մեծ մասը մարզում «ՏԱ մասին» օրենքի ոչ լիարժեք գործելը պայմանավորեց բնակիչների պասիվությամբ: Սրան ի պատասխան ՍԴ փորձագետ Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ պետք է ՏԻՄ-երն իրենք նախահարձակ լինեն` կատարելով օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Կապանի «Սոսի» հեռուստաընկերության եթերով ԻԱ կենտրոնի փորձագետները, պատասխանելով հեռուստադիտողներին հուզող հարցերին, ներկայացրին «ՏԱ մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, դրանցից օգտվելու հմտությունները, տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձեւը, ինչը կօգնի նրանց լիարժեք օգտագործել տեղեկություն ստանալու իրենց իրավունքը:;