Հրապարակումներ

Հրապարակումներ

Կամայականությունների թակարդ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կամայականությունների թակարդ

Սոնա Տրուզյան Տեղեկագիր 9 Պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալու պրոբլեմին հիմնականում բախվում են լրագրողները, որոնց մասնագիտական առաքելությունն է հանրությանը իրազեկելը: Ընդ որում, տեղեկատվություն ստանալու հարցում լրագրողներին սահմանափակում է ոչ այնքան գործող օրենսդրությունը, որքան արհեստական խոչընդոտներ են ստեղծում մասնավորապես միջին էշելոնի չինովնիկները եւ հատկապես մամլո ծառայության պատասխանատուները: Փորձը ցույց է տալիս, որ տեղեկություններ ստանալը ավելի մատչելի է այն հաստատություններում, որտեղ լրատվական ծառայություններն իսպառ բացակայում են՝ մասնակի բացառություններով: Ըստ տեղեկատվության մատչելության եթե փորձենք դասակարգել դատաիրավական համակարգի ատյանները, ապա կստանանք հետեւյալ պատկերը. Արդարադատության նախարարություն Դատարաններ Արդարադատության խորհուրդ Ազգային անվտանգության ծառայություն Ոստիկանություն Դատախազություն Վերոնշյալ հաստատությունների համեմատությամբ արդարադատության նախարարությունը թերեւս այն մասնակի բացառություներից է, որի հետ ամենօրյա աշխատանքի ընթացքում ստիպված չես լինում հաղթահարել մամլո ծառայության պատասխանատուի քմահաճույքները: Ճիշտ է, տեղեկատվության տրամադրումն այս նախարարությունում կատարվում է բացառապես մամլո քարտուղարի միջոցով, այդուհանդերձ, տեղեկատվություն ստանալ հաջողվում է, եւ բանավոր ու գրավոր հարցումներն անպատասխան չեն մնում: Իսկ հարցումների բովանդակությունը խիստ բազմաժանր է՝ կալանավայր գնալու թույլտվություն ստանալուց սկսած մինչեւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակման մասին դատարանների որոշումների վիճակագրություն։ Տեղեկատվության մատչելիությունը ապահովելու ուղղությամբ (թերություններով հանդերձ) միտումը առկա է: Համենայնդեպս փաստ է, որ ի պատասխան «Երկիրի» հարցման, տրամադրվել է նաեւ, օրինակ, մեղադրյալների նկատմամբ իբրեւ խափանման միջոց կալանքը ընտրելու մասին նախաքննական մարմինների միջնորդությունների քննարկման վիճակագրությունը, կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի աշխատանքային նախագծի պատճենը, թույլատրվել է մուտք գործել տարբեր քրեակատարողական հիմնարկներ: Ընդ որում, եթե մինչեւ 2001 թվականը, երբ կալանավայրերը գտնվում էին ներքին գործերի նախարարության համակարգում, գաղութ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար պահանջվում էր մի քանի ամիս, եթե, իհարկե գրավոր համապատասխան դիմումին ընդհանրապես տրվում էր դրական պատասխան, ապա 2001 թվականի դեկտեմբերից սկսած վերը նշված հաստատությունները տեղափոխվել են արդարադատության նախարարության ենթակայության տակ, առավելագույնը 10 օրվա ընթացքում գրավոր դիմումին տրվում է պատասխան: Եվ որ ամենակարեւորն է՝ թույլատրվում է կալանավորների կամ դատապարտյալների հետ զրուցել առանց հսկիչների ներկայության, ինչն առավել անկաշկանդ է դարձնում զրույցը: Բայց, ինչպես ասում են, գյուղ չկա, որտեղ շուն չլինի եւ այս առումով բացառություն չէ նաեւ արդարադատության նախարարությունը։ Խնդիրն այն է, որ շուտով կբոլորի մեկ տարին, ինչ նախարարության ենթակայության տակ է անցել նաեւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ վերանվանված նախկին ազգային անվտանգության մեկուսարանը, սակայն այստեղ լրագրողների մուտքը շարունակում է մնալ նույնքան դժվար, որքան նախկինում էր: Լրագրողների վերջին տարիների համառության շնորհիվ առաջխաղացում է արձանագրվել նաեւ դատավարությունների լուսաբանման հարցում եւ հաջողվել է հասնել նրան, որ այսօր արդեն, ըստ էության, անարգել կարողանում են լուսաբանել թերեւս բոլոր քրեական գործերի դատավարությունները, ավելին՝ լուսանկարել, տեսաձայնագրել: Ավելին, դատարանները հանդես են գալիս նաեւ լրագրողի պաշտպանի դերում՝ չբավարարելով այս կամ այն լրատվամիջոցը ներկայացնող լրագրողին դատաքննությունը լուսաբանելու իրավունքից զրկելու մասին միջնորդությունները: Օրինակ, սույն տողերի հեղինակին երկու անգամ փորձ է արվել դատարանի որոշմամբ զրկել դատաքննությունը դատարանի դահլիճից լուսաբանելու իրավունքից. նիստերի դահլիճից հեռացնելու մասին միջնորդություն էր հարուցել այսօր հետախուզման մեջ գտնվող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր Ռազմիկ Թովմասյան), իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն ավելի հեռուն էր գնացել եւ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից (Սամվել Ուզունյանի նախագահությամբ), պահանջել ընդհանրապես հավատարմագրումից զրկել, այդ թվում «Գոլոս Արմենիի» լրագրող Ալեքսանդր Թովմասյանին: Երկու դեպքում էլ դատարանները միջնորդություններն ընդունել են որպես հայտարարություն՝ հրաժարվելով դրանք քննարկման առարկա դարձնել: Ի դեպ, նույնպիսի վերաբերմունք դրսեւորեց նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (Սարիբեկ Արամյանի նախագահությամբ), Տիգրան Նաղդալյանի սպանության գործով եւ լրագրողներին թույլատրեց տեսաձայնագրել նիստը, թեեւ 4 ամբաստանյալների պաշտպան Լուսնթագ Բադալյանը դեմ էր դրան: Սակայն լրագրողների նկատմամբ այսօրինակ բարյացակամ վերաբերմունքը խիստ հարաբերական է, եւ պրակտիկայում հանդիպում են նաեւ ճիշտ հակառակ դեպքերը: Օրինակ, Ներքին զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյանի ոտքերին կրակելու մեջ մեղադրվող Հրանտ Պապիկյանի գործը լսող Ավան եւ Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորը սեփական նախաձեռնությամբ միանգամից երեք լրագրողի հեռացրեց նիստերի դահլիճից: Բացի այդ, վերջին շրջանում լրագրողներին թույլատրվում է ուսումնասիրել քրեական գործի նյութերը, եթե, իհարկե, արդեն գոյություն ունի տվյալ գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Սակայն, նկատենք, որ այս մոտեցումը եւս ոչ բոլոր դատարաններում է գործում. շատ կարեւոր է, թե ով է տվյալ դատարանի նախագահը: Օրինակ, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Տարիել Մանուկյանին դիմել էինք Աջափնյակի թաղապետի ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմնակիցների միջեւ 1999 թ. հուլիսի 11-ին տեղի ունեցած զինված ընդհարման առիթով հարուցված քրեական գործի նյութերին եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռին ծանոթանալու խնդրանքով, ինչը բավարարվել էր: Ցավոք, նույնը չի կարելի ասել Արմավիրի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչ Սարգսյանի մասին, որի վարույթում մի սպանության փաստով լսված գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չընձեռվեց անգամ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հենրիկ Դանիելյանին հասցեագրված գրավոր դիմումը բավարարվելուց հետո, թեեւ այդ գործով եւս կար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Այսուհանդերձ, կա հարցերի որոշակի շրջանակ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ գործնականում ընդհանրապես հնարավոր չէ ստանալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է դատարանների նախագահների խորհրդի որոշումներին, որոնց պատճենները պաշտոնապես ստանալը նույնքան անհույս գործ է, որքան պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պատճենները, թեեւ նախագահների խորհուրդն ունի լրատվական ծառայություն: Բացի այդ, դատավորները բավական դժկամությամբ են վերաբերվում նաեւ իրենց էթիկայի կանոններին առնչվող հարցերին եւ օրինակ լրագրող Սոնա Մաշուրյանի փորձերը՝ պարզել դրանք, հետեւապես նաեւ դրանց վերաբերյալ հոդված պատրաստել «Երկիր» շաբաթաթերթի համար անհաջողության մատնվեցին: Ասել է թե՝ ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրելու հարցում դատական համակարգում միասնական մոտեցում գոյություն չունի. տարբեր դատարաններ ցուցաբերում են տարբեր վերաբերմունք, երբեմն հակասական: Անհամեմատ փակ են գործում արդարադատության խորհուրդն ու ազգային անվտանգության ծառայությունը: Արդարադատության խորհուրդը ի թիվս այլ հարցերի յոթ փեղկի տակ է պահում օրինակ դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների հիմքը, հասարակությունը գործնականում չի կարող տեղեկանալ, թե այս կամ այն դատավորը ինչի համար է ենթարկվում կարգապահական պատասխանատվության, թեեւ դա անմիջականորեն վերաբերում է իրենց շահերին: Այդուամենայնիվ, հաջողվում է տեղեկանալ գոնե հարուցված վարույթների եւ կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորների քանակի մասին, կամ՝ թե դատարաններն առավելապես քրեադատավարական ինչպիսի խախտումներ են թույլ տալիս եւ անգամ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանից ստանալ այդ ուսումնասիրություններն ամփոփող տեղեկանքի պատճենը: Մինչդեռ, ազգային անվտանգության ծառայությունից գործնականում ոչինչ հնարավոր չէ ճշտել: Ճիշտ է, սույն ծառայությունն ունի մամուլի բաժին, սակայն վերջինիս աշխատանքը սահմանափակվում է հանցավոր խմբի կամ լրտեսների բացահայտման վերաբերյալ երբեմն-երբեմն մամլո հաղորդագրություններ տարածելով: Նշված մամլո կենտրոնը որպես կանոն տեղյակ չէ ոչնչից, այդ թվում՝ այս կամ այն քրեական գործի նախաքննության ավարտի եւ դատարան ուղարկվելու մասին: Օրինակ, 2002 թվականի օգոստոսին հաղորդագրություն տարածվեց, որ բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող ՀՀ քաղաքացիների մի խումբ, որից մի քանի ամիս անց ոչ պաշտոնական աղբյուրներից իմացանք, որ նախաքննությունն ավարտվել է, եւ գործն արդեն ուղարկվել է դատարան: Տեղեկատվությունը ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից ճշտելու բոլոր փորձերը արդյունք չտվեցին: Միակ պատասխանը, որ այստեղից ստացանք, հետեւյալն էր. «Տեղյակ չենք, իսկ եթե այդպիսի բան լիներ, կիմանայինք»: Բայց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից հաջողվեց ճշտել, որ գործը ոչ միայն ուղարկվել է դատարան, այլ անգամ այն մակագրվել է կոնկրետ դատավորի, ավելին՝ հայտնի են նաեւ մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազների անունները… Նշված երկու ատյանների՝ արդարադատության խորհրդի ու ազգային անվտանգության ծառայության համեմատությամբ ոստիկանությունն ու դատախազությունը, իհարկե, գործում են անհամեմատ թափանցիկ: Սակայն այս թափանցիկությունը հասանելի չէ բոլոր լրատվամիջոցներին: Ճիշտ է, ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժինը տարեկան տարածում է ընդամենը երկու, երեք, գուցե 5 մամլո հաղորդագրություն, բայց այն ուղարկում է բոլոր լրատվամիջոցներին, իսկ արդարադատության խորհուրդը ընդհանրապես որեւէ հաղորդագրություն չի տարածում, այսինքն՝ խտրականություն չեն դնում լրատվամիջոցների միջեւ, ինչը չի կարելի ասել ոստիկանության եւ դատախազության մասին: Ոստիկանությունն, ընդհանրապես, տեղեկատվության առյուծի բաժինը տարածելու իրավունքը վերապահել է «02» հաղորդաշարին, որով հեռարձակված տեղեկատվությունն անգամ անհասանելի է մյուս լրատվամիջոցներին, հատկապես երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով ձերբակալված անձանց տեսաձայնագրառված ցուցմունքներին։ Թեեւ դրանք դադարում են նախաքննական գաղտնիք լինել այն պահից, երբ հեռարձակվում են հեռուստատեսությամբ: (Էլ չենք խոսում այն մասին, որ «02» հաղորդաշարը անպատիժ շարունակաբար ոտնահարում է անմեղության կանխավարկածը):Իսկ դատախազությունը գործում է ըստ տրամադրության։ Տարածքային դատախազություններից տեղեկատվություն ճշտելը ավելի դյուրին գործ է, քան ՀՀ դատախազությունից, թեեւ վերջինս ունի մամլո քարտուղար: Ճշմարտության դեմ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ ցանկության դեպքում ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարը կարողանում է լինել բավական բարյացակամ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սակայն նրա այդ ցանկությունը խիստ անկանխատեսելի է եւ արտահայտվում է ըստ նախասիրությունների: Ավելին, անգամ հաղորդագրություններն է տարածում ըստ այդ նախասիրությունների: Իբրեւ օրինակ մատնանշենք նման խտրական վերաբերմունքի թերեւս ամենաթարմ օրինակը, որն արձանագրվել է 2003 թվականի սեպտեմբերին. ՀՀ դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ծրագրված մահափորձը բացահայտելու եւ ըստ այդմ այն խափանելու մասին: Ինչպես նախկինում՝ այս հաղորդագրությունը եւս «Երկիրին» չտրամադրվեց, իսկ երբ փորձեցինք ճշտել պատճառը՝ ՀՀ դատախազի մամլո քարտուղար Գ. Ամբարյանից ստացանք հետեւյալ պատասխանը՝ «վերցրեք լրատվական գործակալություններից, մենք նրանց ուղարկում ենք»: Սա առաջին եւ համոզված ենք վերջին դեպքը չէ, ուստիեւ ստիպված ենք լինում ՀՀ դատախազության վարույթում գտնվող գործերի վերաբերյալ տեղեկություններն իմանալ ոչ պաշտոնական աղբյուրների օգնությամբ: Ավելացնենք, միայն, որ լրատվամիջոցների միջեւ այդօրինակ խտրական վերաբերմունք դրսեւորելով օրենքի եւ իրավունքի կիրառմանը ապահովելու կոչում ունեցող Ոստիկանության եւ դատախազության լրատվական ծառայությունները ոչ միայն խախտում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ 13 հանձնարարականը՝ ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ լրատվամիջոցների կողմից քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մասին: Դրա 5-րդ սկզբունքը մասնավորապես սահմանում է. «Երբ դատական եւ իրավապահ մարմինները իրենք են որոշել ընթացքի մեջ գտնվող քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին, ապա այդպիսի տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանց խտրականության…»:

Skip to content