Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։
Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին․
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ 4 մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն) գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպություններ։
Խրախուսվում է ՔՀԿ հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների անունից դիմումների ներկայացումը։
Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։
Ինչպե՞ս մասնակցել դասընթացին․
Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝
- Լրացնել առցանց ձևաթուղթը,
- hpaytyan@publicjournalism.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը (նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության – կազմակերպության անվանումը»):
Որո՞նք են ընտրության չափորոշիչները․
Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից` հետևյալ չափորոշիչներին համապատասխան․
- Դիմորդ կազմակերպության առնչությունը տեղեկատվական գործընթացներին։
- Որքանո՞վ է կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։
- Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպությունն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։
- Դիմորդի ինքնակենսագրականը։
Դասընթացի հայտարարության ժամկետները․
- Դասընթացին դիմելու վերջնաժամկետ՝ 2022 թ․ հունվարի 23
- Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետ՝ 2022 թ․ հունվարի 28
- Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետ՝ 2022 թ․ հունվարի 31
- Դասընթացի անցկացման օրեր՝ 2022 թ․ փետրվարի 10-11
ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի ծախսերը։
Թերի, ոչ հայատառ լրացված հայտի և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում դիմորդի հայտը չի դիտարկվելու մրցույթում։
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԼԱ հաղորդակցության և ծրագրերի համակարգող Հասմիկ Փայտյանին՝ hpaytyan@publicjournalism.am էլ․ փոստի հասցեի միջոցով։
————————————————
Հանրային լրագրության ակումբը երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ, ՔՀԿ-ներ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։
Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։ Շատ հաճախ կեղծ լուրերի թիրախում են հայտնվում ՔՀԿ-ներ, որոնք գործունեություն են իրականացնում համայնքային զարգացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և բազմաթիվ այլ ոլորտներում։
Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։
Այս նախագիծը կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանց, որոնց հետ հնարավոր է հետագա համագործակցություն այլ նախագծերի շրջանակներում։
* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։