Հունվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված և դեռևս կատարման ենթակա բաղադրիչներով, նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները և հետագա համագործակցության ձևաչափի ընտրությանը վերաբերող հարցերը: Այնուհետև, կողմերի միջև հաջորդել է ակտիվ քննարկում ներկայացված հարցերի վերաբերյալ:
Խոսելով նախորդ տարի Տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումների մասին՝ պարոն Քրմոյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով քաղհասարակության առաջարկը, նախագիծը հանվել է քննարկումից:
Անդրադառնալով նոր ռազմավարության տեսլականին՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է 3 հիմնական կետ՝ կանխարգելման բլոկ, որը ներառելու է պետություն-մասնավոր համագործակցության կանոնակարգում և պետական համակարգում համատարած էլեկտրոնային գործիքակազմի ներդրում՝ բացառելով կոռուպցին ռիսկերը, իրավապահ բլոկ, որը ներկայանալու է կոռուպցիոն հանցագործությունների քննման անկախ և արդյունավետ համակարգով, ինչպես նաև կրթության ու հանրային իրազեկվածության բլոկ, որը ներառելու է հակակոռուպցիոն համատարած հանրային իրազեկման քարոզարշավ:
մանրամասն տես՝ ՀՀ արդարադատության պաշտոնական կայքում