2017թ.-ի մարտի 16-ին ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ջերմուկի քաղաքապետարանի անգործությունը, քանի որ վերջինս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չէր պատասխանել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանը: Դատարանն իր վճռով հաստատեց, որ անկախ հետագայում տեղեկությունը տրամադրած լինելու հանգամանքից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում այն չտրամադրելը ոչ իրավաչափ է:
Նշենք, որ Ջերմուկի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի՝ 2014թ.-ի նոյեմբերի 5-ի տեղեկություն ստանալու գրավոր հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տեղեկություններ Ջերմուկի քաղաքապետի գործուղումների եւ Ջերմուկ քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Արդյունքում, ԻԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան վիճարկելով Ջերմուկի քաղաքապետարանի անգործությունը եւ խնդրլով դատարանից պարտավորեցնել քաղաքապետարանին տրամադրել պահանջվող տեղեկությունները եւ հատուցել անգործության հետեւանքով ԻԱԿ-ին պատճառած վնասը: Հայցը դատարան ներկայացնելուց հետո Ջերմուկի քաղաքապետարանը ԻԱԿ-ին տրամադրել էր պահանջված տեղեկությունները, ուստի այդ մասով հայցի պահանջը մերժվել է: