2003թ.-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն` տեղեկություն տնօրինողի կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրումը իրականացվում է կառավարության սահմանած կարգով: Սակայն կառավարության կողմից նման կարգ սահմանված չէր:
Մեր գործընկերների բազմաթիվ հարցադրումներն այս կապակցությամբ որոշակիացան, երբ անցյալ տարվանից սկսած՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ենթաօրենսդրական ակտի մշակման գործընթացը։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», լրագրողական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ մշակեց եւ հանրային քննարկման դրեց այդ կարգը: Ի դեպ, «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» անվանումն ունեցող ՀՀ կառավարության որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն՝ վերջնական ընդունման:
ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը լավատես է, երբ հարցը վերաբերում է այս կարգի ընդունումից հետո լրագրողների եւ քաղաքացիների համար տեղեկատվություն փնտրելու գործընթացի կարգավորման խնդրին: Ըստ նրա, կբարեփոխվի նախ էլեկտրոնային տարբերակով հարցում ներկայացնելու եւ պատասխան ստանալու գործընթացը։ Հարցում կուղարկվի էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական կայքերի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից։
«Կարգը, սահմանելով հարցումների գրանցման կարգը` նշել է ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաեւ էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից առցանց տվյալ մարմին ուղարկված հարցումները: Սա դրական մեծ առաջընթաց կարձանագրի տեղեկատվության ազատության ոլորտում՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու միջոցները, տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ փոխհարաբերությունները կդարձնի առավել արդյունավետ եւ պարզ», որոշման մեջ արձանագրել են տեղեկատվական ոլորտը կարգավորողները։
Ընթացքի մեջ է ՏԱ պատասխանատուների աշխատանքի կարգավորման գործընթացը նույնպես։ Համաձայն կարգի, հստակ սահմանվել է, թե ո՞վ է յուրաքանչյուր մարմնում «տեղեկատվություն տնօրինողը», ո՞վ է ՏԱ պատասխանատու անձը: Համաձայն կարգի` տեղեկատվություն տնօրինողի կողմից տեղեկության ազատության ապահովման համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը կամ տեղեկատվություն տնօրինողի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը: Առկա քաոսը կդյուրացնի քաղաքացիներ-լրագրողներ կապը տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ: Որեւէ մեկը չի «ցրի» քաղաքացուն, լրագրողին, թե ո՞վ է ի պաշտոնե պատասխանատու լինելու տեղեկատվության ազատության համար:
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս), համաձայն սահմանված կարգի, կտեղադրվեն տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում` գլխավոր էջի ակնհայտ տեսանելի մասում: Ինչ վերաբերում է վիճահարույց պատասխաններին, ապա այս կարգը սահմանել է «հստակ պահանջ տեղեկատվություն ստանալու հարցմանը տրվող պատասխանի բովանդակության ամբողջականության վերաբերյալ»։ Որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի սպառիչ եւ որոշակի` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում տեղեկատվություն տնօրինողը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի եւ լիարժեք պատասխանները:
Ռուզան Մինասյան
Աղբյուրը՝ aravot.am