2012 թվականի փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ “Բաց Կառավարման գործընկերություն” (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Աշխատանքային խմբի անդամները քննարկեցին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախնական տարբերակը: Ըստ պայմանավորվածության` խմբի անդամաները պատրաստակամություն հայտնեցին իրենց առաջարկները և փոփոխությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ հովակիմյանի առաջարկով` որոշվեց հաջորդ նիստին ամփոփել բոլորի առաջարկները և ամբողջական տեսքի բերել Գործողությունների ծրագիրը:
“Բաց կառավարման գործընկերության” նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Ներկայումս ծրագրին անդամակցում են ավելի քան 40 պետություններ: Հայաստանը նախաձեռնությանն անդամակցել է 2011 թ. հոկտեմբերին: