Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Կովկասյան ինստիտուտ հասարակական կազմակերպություններն իրականացնում են Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն: Փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց (tert.am, slaq.am, news.am, 1in.am, asekose.am. դրանք ամենաշատ այցելված առաջին հնգյակն են կազմում՝ ըստ circle.am եւ aleksa.com կայքերի): Այս ԶԼՄ-ում տեղ գտած հրապարակումները ներառվել են ներկայացվող մոնիթորինգում: Միջանկյալ հաշվետվությունն ընդգրկում է 2013 թվականի ապրիլի 7-ից ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածը:
Լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում
- Փորձագիտական խմբի կողմից ընտրված հինգ ԶԼՄ-ներում քարոզարշավը ներկայացվում էր նույնանման. ուշագրավ առանձնահատկություններ չեն գրանցվել,
- բոլոր հինգ ԶԼՄ-ներն այս կամ այլ կերպ քննադատում են իշխանություններին,
- ընտրակաշառքների և ընտրողների վրա իրականացվող ճնշումների մասին կոնկրետ տեղեկություններ, փաստեր ԶԼՄ-ները գրեթե չեն հրապարակում, այսինքն` լրագրողները ծախսում են նվազագույն ժամանակ և ջանքեր,
- ընդդիմության հասցեին արվող քննադատությունը սահմանափակ է:
Քաղաքական պայքար
- չորս կուսակցություններն իրենց ներկայացնում կամ ԶԼՄ-ների կողմից լուսաբանվում են որպես ընդդիմադիր: Այս չորսից ԲՀԿ-ն բացահայտ չի ընդունում, որ ընդդիմություն է, սակայն կոշտ քննադատություն է արտահայտում իշխանության հասցեին և, ի տարբերություն մյուսների, չի քննադատում այլ ընդդիմադիր կուսակցություններին` այս իմաստով իրեն դրսևորելով որպես ընդդիմության պոտենցիալ առաջնորդ:
- իր գագաթնակետին է հասել գաղափարական քաղաքականության ճգնաժամը: ՀՅԴ-ն ևս առաջին անգամ հրաժարվել է գաղափարախոսական քարոզարշավից,
- քարոզարշավի ընթացքում ավելացել է տարբեր ուժերի կողմից ընտրական տեխնոլոգիաների օգտագործումը, այդ թվում նաև ՕԵԿ-ի կողմից` բացահայտ ցածր մակարդակի պոպուլիզմ (մարզերից ժամանածների հանդեպ թշնամության շահագործում),
- քաղաքի և երկրի կոնկրետ խնդիրները լուսաբանվում են շատ չնչին. հիմնական թեմաներն են «ընտրությունները» և «ներքին քաղաքականությունը»,
- իշխող կուսակցությունն անում է ամեն ինչ ընտրությունների «ոչ քաղաքական» բնույթն ապացուցելու, մինչդեռ, չորս ընդդիմադիր կուսակցությունները` դրանք քաղաքականացնելու համար,
- քարոզարշավի հիմնաբառերն են` «քաղաքական մենաշնորհ», «միգրացիա», «համաչափ զարգացում»:
Մոնիթորինգի մեթոդաբանությունը
Այս մոնիթորինգում օգտագործվում է որակական հետազոտության մեթոդաբանությունը, որը հիմնված է դիսկուրս վերլուծության վրա: Քաղաքական դիսկուրսի վերլուծությունն իրականացնելու համար փորձագետներն ընթերցում են առցանց լրատվամիջոցների ամբողջ բովանդակություն: Ավագանու ընտրություններին, քարոզարշավին, թեկնածուներին կամ կուսակցություններին վերաբերող որևէ նյութ հայտնաբերլու դեպքում, վերլուծաբանը որոշում է, թե արդյոք`
- առկա է որևէ անձի (լրագրող, քաղաքական գործիչ և այլն) կողմից արտահայտված վերաբերմունք/կարծիք կուսակցության/թեկնածուի վերաբերյալ, կամ
- առկա է կուսակցության/թեկնածուի կողմից արտահայտված արժեք
- Եթե այդպիսիք առկա չեն, վերլուծաբանը շարունակում է ընթերցել, եթե առկա է վերաբերմունք, կարծիք կամ արժեք, ապա վերլուծաբանը համապատասխան գրառում է կատարում տեղեկատվական պահոցում` համաձայն հետևյալ ցուցանիշների.
- Նյութի մասին ընդհանուր տեղեկատվություն` ամսաթիվ, լրատվամիջոց, վերնագիր:
- Վերաբերմունք կամ արժեք արտահայտողը (լրագրող, թեկնածու, հասարակական գործիչ, քաղաքացի և այլն) կամ արժեքի աղբյուրը (կուսակցություն կամ թեկնածու):
- Նյութի թեման պարունակում է վերաբերմունք կամ արժեք (օր` ընտրություններ, առողջապահություն, բանակ, սոցիալական հարցեր, քաղաքաշինություն, արտաքին հարաբերություններ և այլն):
- Վերաբերմունքը կամ արժեքը պարունակող մեջբերումն ամբողջությամբ բնօրինակ լեզվով (հայերեն կամ ռուսերեն):
- Տեղեկատվական պահոցը լրացնելուն զուգահեռ փորձագետները վերլուծում են այն և ընդհանրացնում թեկնածուների, կուսակցությունների և այլ անձանց վերաբերմունքներն ու արժեքները` հետևյալ արդյունքները ստանալու նպատակով.
4. ԶԼՄ-ի կողմից ստեղծված թեկնածուի/կուսակցության պատկերը,
5. թեկնածուների/կուսակցությունների կողմից ներկայացվող արժեքային համակարգը (աշխարհայացք, քաղաքական ծրագրեր):