Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Զարթոնքի գյուղապետարանի դեմ 3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Զարթոնքի գյուղապետարանի դեմ 3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով

2012թ.-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի և գյուղապետի` ճանաչելով Զարթոնքի գյուղապետի գործողությունները ոչ իրավաչափ և պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

ԻԱԿ-ը տեղեկություններ չտրամադրելու համար Զարթոնքի գյուղապետարանի դեմ հայց էր ներկայացրել դատարան դեռևս 2009թ.-ի մարտի 20-ին: Գյուղապետարանը անպատասխան էր թողել ԻԱԿ-ի` 07.02.2009թ. գրավոր հարցումը, որով խնդրվել էր տրամադրել համայնքի 2008թ.-ի բյուջեն և 2008թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության պատճենը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարան էր դիմել 3 պահանջով` պարտավորեցնել գյուղապետարանին տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, Զարթոնքի գյուղապետին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել ու Զարթոնքի գյուղապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել:

Դատական գործի ընթացքում գյուղապետարանը տրամադրեց խնդրվող տեղեկությունները, ուստի ԻԱԿ-ը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու և Զարթոնքի գյուղապետին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներից` շարունակելով պնդել գյուղապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը:

Սակայն, 2009թ.-ի օգոստոսի 13-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մերժեց ԻԱԿ-ի այս հայցապահանջը: Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ ՀՀ վարչական դատարանը մերժել է տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը: ԻԱԿ-ի բազմաթիվ հայցեր` նշյալ պահանջով, բավարարվել են ՀՀ վարչական դատարանի կողմից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 15-ին վարչական դատարանի վճիռը բողոքարկեց ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը 22.04.2010թ. իր որոշմամբ ԻԱԿ-ի բողոքն ամբողջությամբ բավարարեց և գործն ուղարկեց նոր քննության: Գործը նորից քննություն անցավ վարչական դատարանում` տևելով բավական երկար: Արդյունքում, 2012թ. դեկտեմբերի 12-ին, երկրորդ անգամ քննելով ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի, գյուղապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ` ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջները:

Skip to content