Արդեն 9 տարի է՝ գործում է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը: Ընդունվելով 2003թ.-ին՝ այս օրենքը համակողմանիորեն կարգավորեց տեղեկատվության ազատության ոլորտը Հայաստանում, սահմանեց տեղեկատվության ազատության ոլորտում առաջացող հիմնական իրավահարաբերությունները` անդրադառնալով տեղեկատվության ազատության ապահովման սկզբունքներին, տեղեկություն տնօրինողներին, տեղեկություններ փնտրելու և ստանալու համար սահմանված ժամկետներին, տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերին և կարգին և այլն: “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը տեղեկատվություն տնօրինող մարմիններ համարեց նաև տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ինչպիսի՞ն է ՏԱ օրենքի կիրառման պրակտիկան ՏԻՄ-երում։ Նախ դիտարկենք ՏԱ պասիվ կողմը, այսինքն, թե ինչպես են ՏԻՄ-երը պատասխանում մարդկանց տեղեկություն ստանալու հարցումներին և տրամադրում տեղեկատվություն։
Տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրավունքի վիճակը՝ ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մոնիտորինգների:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ին ընդհանուր մոնիտորինգ իրականացրեց՝ գնահատելով Հայաստանում տեղեկատվության ազատության վիճակը: Այդ մոնիտորինգում ներառված էին նաև 10 քաղաքապետարան և 10 գյուղապետարան, որոնցից յուրաքանչյուրին ուղարկվել է տեղեկություն ստանալու 5-ական հարցում՝ ընդհանուր առմամբ 100 հարցում: ԻԱԿ-ի դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքապետարաններին ուղարկված 50 հարցումներից 11-ը (22%) մնացել են անպատասխան: Գյուղապետարանների դեպքում անպատասխան են մնացել ուղարկված 50 հարցումներից 21-ը (42%): Արդյունքում, ՏԻՄ-երին ուղարկված 100 հարցումից անպատասխան է մնացել 32-ը (32%):
Նշենք նաև, որ քաղաքապետարանները լիարժեք են պատասխանել իրենց ուղղված 50 հարցումներից 35-ին (70%), որոնցից 23-ին (46%) ժամանակին, իսկ 12-ին (24%) ուշացումով: 3 (6%) հարցման քաղաքապետարանները տվել են անհիմն պատասխան, 1 (2%) հարցում էլ հնարավոր չի եղել հասցնել քաղաքապետարանին (բանավոր հարցում, երբ հնարավոր չի եղել հեռախոսով կապվել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյայի հետ): Գյուղապետարանները լիարժեք են պատասխանել իրենց ուղարկված 50 հարցումներից 24-ին (48%), որոնցից 18-ին (36%) ժամանակին, իսկ 6-ին (12%)՝ ուշացումով: 1 (2%) հարցման տրամադրվել է թերի պատասխան, 1 (2%) հարցում էլ անհիմն մերժվել է: 3 (6%) հարցում էլ հնարավոր չի եղել հասցնել գյուղապետարանին: Արդյունքում, ՏԻՄ-երին ուղարկված 100 հարցումից լիարժեք պատասխան ստացել է 59 (59%) հարցում, որոնցից 41-ը (41%)՝ ժամանակին, 18-ը (18%)՝ ուշացած, 3 (3%) հարցում ստացել է անհիմն պատասխան, 1 (1%) հարցում՝ թերի պատասխան, 1 (1%) հարցում՝ անհիմն մերժում և 4 (4%) հարցում հնարավոր չի եղել հասցնել ՏԻՄ-ին:
2012թ. կատարած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մեկ այլ վերլուծության շրջանակում տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկվեցին 48 քաղաքապետարանների: Այս 48 հարցումներից անպատասխան են մնացել 8-ը (16.5%): ևս 6 հարցման տրամադրվել է թերի պատասխան (12.5%), իսկ 1 հարցում (2%) ստացել է անհիմն պատասխան: Թերի և անհիմն պատասխաններ տրամադրած, ինչպես նաև հարցումներն անպատասխան թողած 15 քաղաքապետարաններին ուղարկվել են կրկնակի հարցումներ, որոնցից 6-ը (կրկնակի հարցումների 40%) կրկին պատասխան չեն ստացել: Այսպիսով, 64 հարցումներից անպատասխան են մնացել 14-ը (22%): Եթե համեմատենք 2011թ.-ի մոնիտորինգի արդյունքների հետ, ապա անպատասխան մնացած հարցումների ցուցանիշը շատ քիչ է փոխվել 2011-ին՝ 100 հարցման 32%-ը, 2012-ին՝ 64 հարցման 22%-ը: Սա մտահոգիչ ցուցանիշ է:
Ինչպես նշվեց՝ քաղաքապետարաններին ուղարկվել է 64 հարցում, որոնց արդյունքում պատասխան ստացել է 50-ը (78%): Նշենք նաև, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի քաղաքապետարաններին ուղարկված և պատասխան ստացած 50 հարցումներից միայն 34-ին (պատասխան ստացած հարցումների 68%) է տրամադրվել ժամանակին պատասխան, իսկ 16-ի (պատասխան ստացած հարցումների 32%) դեպքում օրենքով սահմանված ժամկետները խախտվել են:
Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոլորտում առկա հիմնական խնդիրներն են լուռ մերժումները (անպատասխան մնացած հարցումները), հարցումներին պատասխանելու ժամկետները և լիարժեք պատասխանների ապահովումը:
2008թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ իրականացնում է քաղաքացիական և համայնքային ծառայողների վերապատրաստում: Միայն 2011-2012թթ. Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնում 400 համայնքային ծառայող է գիտելիք ստացել տեղեկատվության ազատության վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող՝ համայնքային ծառայողների վերապատրաստման այս դասընթացների ժամանակ հենց համայնքային ծառայողների կողմից մի շարք օրինակներ են ներկայացվել, որոնք ցույց են տալիս ՏԱ իրավունքի և գյուղական կյանքի հնարավոր հակասությունները:
Այսպես, երբ վերապատրաստման ընթացքում ԻԱԿ փորձագետը ներկայացնում էր, որ հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում չի պահպանվում տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, պատասխանները տրամադրվում են ուշացումով, վերապատրաստման մասնակից համայնքային ծառայողներից մեկը հակաճառել է՝ ասելով, որ իրենց մարզում գյուղ կա, որտեղ “երբ հերթը հասնում է գյուղապետին, նա է անասուններին տանում սար, արոտի” և կարող է 1 շաբաթ բացակայել գյուղից: Բնականաբար, նման կենցաղ ունեցող գյուղում դժվար թե գործի այնպիսի վարչական համակարգ, որ գյուղապետը անասուններին արոտ տանելուց առաջ իրեն ժամանակավոր փոխարինող նշանակի:
Մեկ այլ դեպքում էլ, կրկին ժամկետների մասին խոսելիս, վերապատրաստման մեկ այլ մասնակից նշել է, որ իրենց մարզում գյուղապետ ունեին, որը պաշտոնավարման ընթացքում գնացել էր արտագնա աշխատանքի՝ “խոպան”: Այս դեպքում արդեն խոսքը գնում է ոչ թե գյուղից 1 շաբաթ, այլ մի քանի շաբաթ և անգամ ամիս բացակայելու մասին: Նմանատիպ մի դեպք վերապատրաստման մեկ այլ մասնակից է հիշել, երբ գյուղապետը մի կամ մի քանի շաբաթով գնում է գյուղից՝ այլ բնակավայրում տրակտորիստ աշխատելու համար:
Ըստ ԻԱԿ-ի կազմակերպած վերապատրաստումների մասնակիցների՝ առանձին խնդիր է նաև այն, որ ոչ բոլոր գյուղական համայնքներում կան փոստային բաժանմունքներ, և նամակ ուղարկելու համար պետք է հարևան բնակավայր գնալ: Ոստի, փաստացի այն իրավիճակում, երբ նման փոքր գյուղերում գրագրություն չկա, տեղեկություն ստանալու հարցման պատասխանը կարող է նաև լրացուցիչ մի քանի օր “սպասել”, մինչև մի քանի նամակ հավաքվի հարևան բնակավայր գնալու համար կամ գյուղացիներից որևէ մեկը հարևան բնակավայրում այցելելու լինի: Նմանատիպ փոքր բարձրադիր գյուղերում խնդիրն ավելի է սրվում ձմռանը, երբ գյուղի ճանապարհները կարող են տևական ժամանակ տեղումների պատճառով փակ մնալ:
Նշենք, որ գյուղական համայնքներ կան, որոնց տարեկան բյուջեն չի գերազանցում 7մլն դրամը: Սա նույնպես մարզպետարաններում և քաղաքապետարաններում աշխատող քաղաքացիական և համայնքային աշխատողների ներկայացրած օրինակներից է: Որպես օրինակ նշենք մի դեպք, երբ համայնքային ծառայողներից վերապատրաստման ժամանակ պատմել է, թե իրենց մարզի մի գյուղում ձմռանը բոլոր բնակիչները “փակում են գյուղը” և իջնում հարևան գյուղ՝ ձմեռն անցկացնելու:
Թեև ներկայացված օրինակները յուրահատուկ էին և մասնավոր, սակայն փոքր Հայաստանում 10-20 առկա նման օրինակները, համակցվելով ՏԻՄ-երում ՏԱ ընդհանուր խնդիրների հետ, արդեն բավական են, որպեսզի բացասաբար ազդեն ՏԱ դրական վիճակագրության վրա:
Այժմ մասնավորից կրկին անցում կատարենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պրակտիկայում վերհանված ընդհանուր խնդիրներին: ԻԱԿ-ի պրակտիկան ցույց է տվել, որ մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, իրական խնդիր է համացանցի առկայությունը: “Շատ գյուղապետարաններում անգամ հասարակ համակարգիչ չկա, էլ ի՞նչ խոսենք ինտերնետի մասին”՝ այսպիսի արտահայտությամբ բազմիցս են համայնքային ծառայողները ներկայացրել գյուղերում տիրող իրավիճակը:
Այսպիսով, նաև խիստ դժվարանում է ՏԻՄ-երի կողմից տեղեկատվության պրոակտիվ հրապարակման գործընթացը։ Սա տեղեկատվության ազատության առավել կարևոր բաղադրիչն է, երբ մարմինը սեփական նախաձեռնությամբ է հրապարակում իր տնօրինման տակ գտնվող տեղեկությունները։
Այս դեպքում առավելագույնը գյուղապետարանի պատին փակցված տեղեկությունն է՝ հասանելի միայն գյուղի բնակչին: Թեև տեղեկատվական տեխնոլոգիաների վիճակը քաղաքապետարաններում գյուղական համայնքների համեմատ ավելի բարվոք է, սակայն այստեղ նույնպես իրավիճակը հեռու է բավարարից: Ինտերնետային կայքէջ իրենց թույլ են տալիս քաղաքները, սակայն սպասարկել այդ ինտերնետային կայքն այն մակարդակով, որ դառնա տեղեկատվության լիարժեք աղբյուր՝ էլ ավելի քչերը հնարավորություն ունեն: Շատ քաղաքապետարաններ անգամ ներքին ցանց չունեն՝ աշխատակիցների աշխատանքն առավել արդյունավետ և արագ դարձնելու համար:
Ներկայացնենք մի քանի տվյալ ՏԻՄ-երում պաշտոնական կայքէջէրի առկայության վերաբերյալ: “Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի տվյալներով՝ այսօր Հայաստանում կայքէջ ունեն մոտ 80 տեղական ինքնակառավարման մարմիններ 900-ից: Ընդ որում, մեծամասնությունը քաղաքային համայնքներն են: Այս կայքերի մեծ մասը ստեղծվել է հենց “Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի կողմից: Սա վկայում է, որ սեփական նախաձեռնությամբ ՏԻՄ-երն իրենց համար կայքէջեր չեն ստեղծում, ինչի պատճառով էլ այսօր հրապարակայնության ապահովման ինտերնետի ընձեռած հնարավորությունները դուրս են մնացել ՏԻՄ-երի տեսադաշտից և օգտագործվում են բացառապես ՀԿ-ների նախաձեռնությամբ, նրանց ակտիվության շնորհիվ՝ պետական կառավարման և/կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:
Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմիններում էլեկտրոնային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրն արձանագրվել է նաև “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրում: Ըստ այդ ծրագրի՝ 2012-2014 թթ-ին նախատեսվում է ՀՀ բոլոր 48 քաղաքային համայնքներում ներդնել “Mulberry” համակարգը https://foi.am/archives/2950/, որը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է և արդեն կիրառվում է ՀՀ նախարարություններում և մարզպետարաններում:
Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման հարցը գոնե մասամբ լուծելու, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ տեղեկատվության հրապարակումը խթանելու համար՝ ԻԱԿ-ը համայնքներին՝ գյուղական և քաղաքային, տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ՝ համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար: 2007թ. մինչ օրս ԻԱԿ-ը ՀՀ 57 համայնքներում տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ, որոնց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հրապարակեն իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկատվությունը: Այս տեղեկատվական ցուցատախտակները տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար և արդյունավետ միջոց են:
ՏԱ ոլորտի թերևս ամենալուրջ խնդիրը՝ հրապարակայնության մշակույթի բացակայությունն է: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի վերապատրաստումները և ուսուցումները գալիս են վկայելու, որ դեռևս շատ գյուղապետեր, համայնքային ծառայողներ իրենց գյուղի կամ քաղաքի բյուջեն, համայնքի ղեկավարի որոշումները կամ ՏԻՄ-ի վերաբերյալ այլ տեղեկություններ համարում են միայն իրենցը, իրենց սեփականությունը և պատրաստ չեն դա տրամադրել այլ բնակավայրի բնակչի: Մի մասն էլ պատրաստ է տրամադրել, եթե այլ բնակավայրի բնակիչը հիմնավորի, թե “ի՞նչին է պետք ուրիշի համայնքի տեղեկությունը”: Դեռևս շատ դժվար է ձևավորվում այն մտածելակերպը, որ տեղեկությունները ձևավորվում են հասարակության համար և պատկանում են հասարակության յուրաքանչյուր անդամի՝ անկախ նրանից, թե որտեղի բնակիչ է, իսկ գյուղապետը ի պաշտոնե գյուղի սեփականատերը չէ:
Հարկ է ամեն դեպքում նշել, որ չնայած տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոչ այնքան դրական վիճակագրությանը՝ ամեն դեպքում վերջին 3-4 տարիների ընթացքում ՏԱ վիճակն էականորեն փոխվել է ՏԻՄ-երում դեպի լավը: Շատ քաղաքապետարաններ և գյուղապետարաններ սկսել են աշխատել հրապարակային, տեղեկատվության ազատության իրավունքի սկզբունքների համաձայն: Այդ է վկայում 2011թ.-ին ԻԱԿ-ի իրականացրած մոնիտորինգը, որի արդյունքում Օշականի գյուղապետարանը լիարժեք և ժամանակին պատասխան էր տրամադրել իրեն հասցեագրված բոլոր 5 հարցումներին: Նշենք, որ Օշականի գյուղապետը լավագույնն էր ոչ միայն ՏԻՄ-երի շրջանում, այլ մոնիտորինգի ենթարկված բոլոր 50 պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային նշանակության մարմինների մեջ: Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններում թեև դեռևս վաղ է ՏԱ վիճակը գնահատել բավարար, սակայն կարելի է ընդհանուր առմամբ համարել դրականորեն զարգացող:
Միջոցառումներ՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը:
Իր 11-ամյա գործունեության ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել՝ ուղղված հենց տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրավունքի իրականացմանը:
Նախ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացնում է իրավական խորհրդատվություն քաղաքացիների համար տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ: Շատ դեպքերում հենց մարզերի բնակիչներն են դիմում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի օգնությանը՝ հեռախոսով ստանալով խորհրդատվություն, ինչպես նաև, անգամ հեռախոսային խորհրդատվության արդյունքում, մարզի բնակչի խնդրանքով ԻԱԿ-ը կարող է կազմել հարցում այդ բնակչի համար:
ԻԱԿ-ը նաև իրականացնում է ռազմավարական դատավարություններ՝ պաշտպանելով տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով (https://foi.am/տեղեկատվության-ազատություն): ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Դատական գործեր նախաձեռնելիս նույնպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Այսպես, ԻԱԿ-ի նախաձեռնած 37 դատական գործերից 13-ը գյուղապետարանների և քաղաքապետարանների դեմ են, ինչպես նաև 3 գործ մարզպետարանների դեմ: Նշենք, որ դատական գործեր նախաձեռնելուց հետո էլ ԻԱԿ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պատասխանող կողմ հանդիսացող գյուղապետարանին կամ քաղաքապետարանին: Պրակտիկան ցույց է տալիս, որ որպես կանոն այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք դատարանում են հայտնվում ՏԱ իրավունքը խախտելու համար, այդուհետ տեղեկատվության ազատության ոլորտում կտրուկ դեպի դրականն են փոխում իրենց աշխատանքը:
Այս ենթատեքստում անհրաժեշտ է նշել ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետի դատական գործը, որը բացառիկ էր: 2009թ.-ին տեղի ունեցած այս գործով ՀՀ վարչական դատարանը դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը պարտավորեցվեց 50.000 ՀՀ դրամ տուգանք մուծել` պահանջվող տեղեկատվությունը ԻԱԿ-ին ժամանակին չտրամադրելու համար: Ի դեպ, սա Հայաստանում առաջին դատական նախադեպն էր, որով պաշտոնյան ենթարկվեց վարչական տուգանքի` պարտավորվելով վճարել սեփական գրպանից:
Ինչպես արդեն նշվեց, ԻԱԿ-ը խթանում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական նախաձենությամբ տեղեկատվության հրապարակումը, որն իրականացվում է ՏԻՄ-երում տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրելու միջոցով (մանրամասն՝ տես վերևում):
Տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման խթանման համար կարևոր նշանակություն ունի նաև բացասականի արձանագրումը և դրականի գնահատումը: Այդ նպատակով ԻԱԿ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԱ ոլորտում ունեցած դրական և բացասական քայլերը: Մասնավորապես, ԻԱԿ-ը շարունակաբար տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում տեղական ինքնակառավարման մարմիններին, պատասխանների բովանդակության և տրամադրման ժամկետների հիման վրա իրականացնում է վերլուծություններ և հրապարակում դրանք՝ մատնանշելով ՏԱ ոլորտում աշխատանքի լավագույն և վատագույն արդյունքներն արձանագրած ՏԻՄ-երին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՏԱ ոլորտում ՏԻՄ-երի աշխատանքի գնահատականը տալիս է նաև այդ ՏԻՄ-երի ղեկավարներին` եռամսյակային և´ տարեկան սև, և´ սպիտակ ցուցակներում ներառելով: Սև ցուցակում ներառվում են այն պաշտոնյաները, ովքեր խախտում են ՏԱ իրավունքը, իսկ սպիտակ ցուցակում այն պաշտոնյաները՝ ովքեր սև ցուցակում հայտնվելուց հետո վերանայում են իրենց գործելաոճը, վերացնում ՏԱ իրավունքի խախտումները և աշխատում բաց և հրապարակային: 2012թ.-ի անցած 3 եռամսյակների ընթացքում ԻԱԿ-ի սև ցուցակում հայտնվել են Վարդենիսի և Վանաձորի քաղաքապետերը: ՏԱ ոլորտում ՏԻՄ-երի դրական կամ բացասական աշխատանքն ԻԱԿ-ն արձանագրում է նաև ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում: Պատահական չէ, որ 10 անգամ անցկացվել է ՏԱ մրցանակաբաշխություն, որոնց ժամանակ 3 քաղաքապետարան համարվել են ամենափակ և գաղտնի գերատեսչություն, ևս 3 քաղաքապետարան և 1 գյուղապետարան ճանաչվել են որպես տարվա ամենաբաց գերատեսչություն: