Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԲՀԿ-ն “շտապել” է պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը, սակայն շուրջ 4 ամիս ուշացումով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԲՀԿ-ն “շտապել” է պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը, սակայն շուրջ 4 ամիս ուշացումով

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից պահանջվեց 4 ամիս ժամանակ և դատական ծանուցագիր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը պատասխանելու համար:

2012թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, 4 ամիս ուշացումով, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից ստացավ դեռևս 2012թ.-ի ապրիլի 25-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցման պատասխանը: ԻԱԿ-ը ԲՀԿ-ից փորձում էր ճշտել տեղեկություններ կուսակցության նախընտրական քարոզարշավի վրա ծախսած գումարների վերաբերյալ:

Նշենք, որ ապրիլի 25-ի հարցմանը պատասխան չստանալով՝ ԻԱԿ-ը 2012թ.-ի մայիսի 16-ին կրկնակի հարցում էր ուղարկել ԲՀԿ-ին, որը նույնպես մնացել էր անպատասխան: Ուստի, 2012թ.-ի հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՀԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Դատական առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին: Սակայն, մինչև դատական նիստը, ԲՀԿ-ն շտապել է պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին՝ 2012թ.-ի սեպտեմբերի 4-ին (կրկնակի հարցումն ուղարկելուց 3 ամիս 19 օր, իսկ 1-ին հարցումն ուղարկելուց ավելի քան 4 ամիս անց)` տրամադրելով լիարժեք պատասխան: Պատասխան գրությանը կից ԲՀԿ-ն տրամադրել էր նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ուղարկված հայցադիմումի պատասխանի պատճենը, որում նշել էր, որ 2012թ.-ի սեպտեմբերի 4-ին ԲՀԿ-ն կատարել է ԻԱԿ-ի պահանջը: Արդյունքում, ԻԱԿ-ի հայցը կարող է կարճվել այն հիմքով, որ հայցապահանջն արդեն կատարվել է:

Ստացվում է, որ խախտելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը, շուրջ 4 ամիս չտրամադրելով խնդրվող անհրաժեշտ տեղեկությունները, հարկադրելով դիմել դատարան՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը խախտած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կարող է հեշտությամբ ազատվել պատասխանատվությունից:

ԻԱԿ-ի հարցմանը,  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության տրամադրած պատասխան և կից գրություններին կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքում:

Skip to content