Հուլիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել “զրպարտություն” հոդվածը ՌԴ Քրեական օրենսգիրք վերադարձնելու մասին:
Մինչ այս զրպարտությունը համարվում էր վարչական իրավախախտում: Քննարկման փուլում օրինագիծը բացասական արձագանք է առաջացրել լրագրողական հասարակության մի շարք ներկայացուցիչների մոտ, ովքեր փաստաթղթում խոսքի ազատությունը, մասնավորապես՝ իշխանությանը քննադատելու իրավունքը սահմանափակելու միտում են տեսել:
ՌԻԱ “Նովոստի”-ն հաղորդում է, որ հուլիսի 19-ին Պուտինը հայտարարել է, որ զրպարտության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի նորմերն ավելորդ չի համարում, սակայն չի բացառում, որ երբևէ ապագայում դրանք կարող են վերացվել:
Զրպարտության համար քրեական պատասխանատվությունը վերացվել էր անցած տարվա դեկտեմբերին Դմիտրի Մեդվեդևի կողմից, ով այն ժամանակ զբաղեցնում էր երկրի ղեկավարի պաշտոնը: Այժմ, օրենքի համաձայն՝ ուրիշի պատիվը և արժանապատվությունն արատավորող ակնհայտ սուտ տվյալներ տարածելու համար սահմանված է տուգանք կամ պարտադիր աշխատանք: “Ընդ որում, առավելագույն խիստ պատիժը` տուգանքի տեսքով` 5 մլն ՌԴ ռուբլի կամ մինչև 480 ժամ պարտադիր աշխատանք, նախատեսված է զրպարտության համար, որն իրականացվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով”, – նշվում է բացատրական ծանոթությունում:
Աղբյուրը՝ Голос России /Ռուսաստանի ձայնը/