Հունիսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող “Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար” ծրագրի շրջանակում Հայաստանի 4 համայնքներում՝ Արմավիրի մարզի Էջմիածին և Մեծամոր քաղաքաներում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում և Ճամբարակ քաղաքում տեղադրեց 24 տեղեկատվական ցուցատախտակ:
Այսպիսով, Հայաստանի 57 քաղաքային և գյուղական համայնքներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007-2012թթ.. տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ՝ ապահովելով այդ համայնքներում հրապարակայնությունն ու տեղեկատվության մատչելիությունը:
Տեղեկատվության ազատության տեսանկյունից շատ կարևոր է, որ պետական մարմիններն իրենց սեփական նախաձեռնությամբ հրապարակեն հանրության համար կարևոր տեղեկությունները: Այս նպատակով ԻԱԿ-ը` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, գյուղական և քաղաքային համայնքներին տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ` համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար: Այս տեղեկատվական ցուցատախտակները տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար և արդյունավետ միջոց են:
Տեղեկատվական ցուցատախտակների վրա փակցվող տեղեկատվությունը բաղկացած է երկու մասից` փոփոխվող և անփոփոխ: Անփոփոխ մասում ներկայացված են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի հիմնական դրույթները, տեղեկություններ, թե ինչպես կարող է քաղաքացին իրականացնել իր` տեղեկություն ստանալու իրավունքը, ինչպես նաև տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը:
Ցուցատախտակի փոփոխվող մասում ներկայացվում են այնպիսի անհրաժեշտ տեղեկություններ, ինչպիսիք են համայնքի բյուջեն, բյուջեի կատարման հաշվետվությունը, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների պատճենները, համայնքի ավագանու նիստերի վերաբերյալ տեղեկատվություն և այլն: Ցուցատախտակի այս հատվածը պարբերաբար պետք է թարմացվի համայնքի ղեկավարության կողմից:
Գործընթացի շրջանակներում ԻԱԿ նախագահի և համայնքների ղեկավարների միջև կնքվում է հուշագիր, որով համայնքի ղեկավարները պարտավորվում են պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) թարմացնել ցուցատախտակներում հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովել համայնքի բնակիչների տեղեկացվածությունը ցուցատախտակների մասին: Համայնքի ղեկավարները պարտավորվել են ապահովել ցուցատախտակների օգտագործումը բացառապես հանրային նպատակներով, այսինքն՝ պետք է իսպառ բացառվի գովազդի տեղադրումը դրանց վրա: