Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

“Սև ցուցակին” ավելացել է “Սպիտակ ցուցակը”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Սև ցուցակին” ավելացել է “Սպիտակ ցուցակը”

Սպիտակ ցուցակ 2011

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սև ցուցակին զուգահեռ հրապարակում է նաև տարեկան Սպիտակ ցուցակ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը և բարեփոխումներ կիրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլևս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սև ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:

  • Հարություն Քուշկյան – ՀՀ Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը հայտնվել էր Սև ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Սակայն Սև ցուցակի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սև ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաև նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետևողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունը անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի: ԻԱԿ-ի հետագա ուսումնասիրույթունները ցույց տվեցին, որ իսկապես այս նախարարությունում իրավիճակը ՏԱ ոլորտոմ բարեփոխվել է։

  • Սարգիս Ղարաքեշիշյան – Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավանի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ:

2011թ 1-ին եռամսյակային Սև ցուցակում ընդգրկվելուց անմիջապես հետո Ստեփանավանի քաղաքապետարանի ավագանին իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչեց ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Ստեփանավանի քաղաքապետարանը նաև ԻԱԿ-ի հարցմանը տրամադրեց լիարժեք պատասխան:

Սև Ցուցակ 2011

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. ընթացքում` 

  •  Արմեն Երիցյան-ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի հարցմանը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել նաև ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները՝ նամակին կցելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը:

  • Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար

Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել և ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան:

  • Արթուր Գևորգյան – Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երևան քաղաքում և 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել և ճշտել է, որ հարցումը ստացել են:

  • Սասուն Սաֆարյան-Այգեձորի գյուղապետ

ԻԱԿ-ը 2011թ.-ի մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին և խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ.-ի նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ.-ի սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

  • Ստեփան Ասլանյան – “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ի տնօրեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ.-ին դիմել էր “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

  • Տիգրան Վարդանյան – “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի տնօրեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ.-ին դիմել էր “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան:

  • Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր

Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաև Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը:

  • Արման Խաչատուրյան – “ՀայՓոստ” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն(արդեն նախկին)

“Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը և ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը ևս մնացել է անպատասխան:

  • Արմեն Թադեւոսյան -“Համալսարանականներ” համատիրության նախագահ

Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաև ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին կրկին գրավոր հարցմամբ դիմել է “Համալսարանականներ” համատիրությանը` խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաև խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

  • Արման Մեսրոպյան – “Եռյակ” համատիրության նախագահ

ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ “Եռյակ” համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

  • Վարդուշ Կինկլաձե – “Հ և Հ” համատիրության նախագահ

ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել “Հ և Հ” համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

  • Կարինե Խաչատրյան – “Ավան” համատիրության նախագահ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է “Ավան” համատիրությանը և խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

Ի դեպ, ԻԱԿ-ի տարեկան Սև ցուցակում հայտնված պաշտոնյաներից չորսից ԻԱԿ-ը տեղեկատվություն կստանա դատական կարգով: Ներկայումս ՀՀ դատարաններում քննվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին 4 դատական հայց՝ ընդդեմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, “Համալսարանականներ” համատիրության,  “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ի և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի:

Skip to content