Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2 ամիս շարունակ փորձում էր Աշտարակ-կաթ» եւ «Դուստր –Մարիաննա» ընկերություններից ճշտել, թե իրենց կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց: Նաեւ ցանկանում էր ստանալ ցանկը, թե այդ ընկերությունների կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ, եւ/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Սակայն բոլոր հարցումները անպատասխան են մնացել: 2011թ. դեկտեմբերի 16-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշումից պարզ դարձավ, թե ինչու ԻԱԿ-ի հայցած տեղեկատվությունը չէր տրամադրվում։
Դեկտեմբերի 16-ին Աշտարակ-կաթ» եւ «Դուստր –Մարիաննա» ընկերությունները տուգանվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից՝ կաթնամթերքում արգելված հավելանյութ օգտագործելու եւ սխալ մակնշման համար: Հանձնաժողովի ներկայացմամբ՝ այս ընկերություններն իրենց կաթնամթերքում օգտագործել են կոկոսի յուղ, ինչը մասնագետների հավաստմամբ՝ կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Բացի այդ, ապրանքների տուփերի վրա եղած մակնշումները խեղաթյուրված են ներկայացված:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռեւս 2011թ. նոյեմբերին էր սկսել այս հարցերով հետաքրքրվել, Աշտարակ-կաթ» եւ «Դուստր –Մարիաննա» ընկերությունների ուղարկել էր իրենց արտադրանքի բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցումներ: Սակայն հարցումները մնացել էին անպատասխան: Նույն ճակատագրին էին արժանացել նաեւ ԻԱԿ-ի կրկնակի հարցումները: Դեկտեմբերի 14-ին Աշտարակ կաթ ընկերությունից կենտրոնին տեղեկացրին, որ իրենք իբր ուղարկել են հարցման պատասխանը եւ խոստացան նույնն ուղարկել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Սակայն մոտ մեկ շաբաթ տեւած բանակցությունների արդյունքում խոստացված պատասխանն այդպես էլ չստացվեց:
Ինչ վերաբերում է Դուստր Մարիանա ընկերությանը, ապա ՏԱ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, հեռախոսով հիշեցնելուց հետո միայն դեկտեմբերի 16-ին “ԴուստրՄարիաննա” ՍՊԸ-ի տնօրեն Տ. Վարդանյանի կողմից ստացվեց պատասխան գրություն էլ փոստով՝ հետեւյալ բովանդակությամբ. «…Կաթնամթերքի բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը պարտադիր մակնշված է “ԴուստրՄարիաննա” ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքների յուրաքանչյուր տուփի վրա: Այլ տեղեկություններ հետաքրքրելու դեպքում կարող եք օգտվել մեր ընկերության կայքից`www.mariannadairy.com»:
Սակայն “Դուստր Մարիաննա” ընկերության պաշտոնական կայքում չկար որեւէ տեղեկատվություն կաթնամթերքի բաղադրության մասին:
Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումից էլ պարզ դարձավ, որ կաթնամթերքի տուփերի վրայի մակնշումները չեն համապատասխանում իրականությանը:
Հավելենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնելու Աշտարակ կաթ եւ Դուստր Մարիանա ընկերություններին պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին, նաեւ տեղեկատվություն չտրամադրելու համար նշյալ ընկերությունների տնօրեններին ենթարկելու վարչական պատասխանատվության: