Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում   Մոնիտորինգ 2011

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում Մոնիտորինգ 2011

2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին “Հայելի” ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.” մոնիտորինգը և դրա արդյունքներն ամփոփող գիրքը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը, ով կարևորեց տեղեկատվության մատչելիությունը արդյունավետ կառավարման, իշխանություններին հաշվետու պահելու համար:

“Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում” ծրագրի ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը հավելեց, որ “”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը գործում է շուրջ 8 տարի: Վերջին տարիներին ՏԱ օրենսդրության կիրառման պրակտիկայում բավականին շատ փոփոխություններ և դրական արդյունքներ են գրանցվել, և ներկայումս անհարժեշտություն է առաջացել պարզելու, թե ինչպես են տեղեկատվություն տնօրինողները կատարում Օրենքի պահանջները”:

Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ մոնիտորինգը ԻԱԿ-ին հնարավորություն տվեց պարզել տեղեկատվության ազատության առկա վիճակը Հայաստանում, վեր հանել առկա խնդիրները։

Այսպես, մոնիտորինգի շրջանակում 2011թ.-ի մայիս-հունիս ամիսներին 10 դիմողների կողմից ուղարկվել է 250 հարցում 50 տեղեկատվություն տնօրինող մարմնի` 10 պետական կառավարման կենտրոնական մարմին, 10 մարզպետարան, 10 քաղաքապետարան, 10 գյուղապետարան և 10 հանրային նշանակության կազմակերպություն:

250 հարցումների մեծամասնությունը` 173 հարցում, ուղարկվել է գրավոր, փոստային առաքմամբ: 37 հարցում ուղարկվել է էլեկտրոնային տարբերակով` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներով և 40 հարցում ներկայացվել է բանավոր` հեռախոսազանգերի միջոցով: Տեղեկատվություն տնօրինող յուրաքանչյուր մարմնի ուղարկվել է տեղեկություն ստանալու 5 հարցում:

250 հարցումների 56 տոկոսին տրվել է լիարժեք պատասխան։ Սակայն, մյուս կողմից, մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ դեռևս լուրջ խնդիր են մնում անպատասխան մնացած հարցումները, որոնք կազմել են ընդհանուր հարցումների 30 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ մերժումների ընդհանուր թիվը կազմել է ընդամենը 8-ը, որից միայն մեկն է եղել օրինական։ Ստացվում է, որ այն բոլոր դեպքերում, երբ մարմինը չի ցանկացել տրամադրել տեղեկատվություն, նախընտրել է ոչ թե գրավոր մերժել դիմողին, այլ պարզապես անպատասխան թողնել հարցումը։

Մոնիտորինգում ընդգրկված 50 տեղեկատվություն տնօրինողներից լավագույն արդյունքը ստացվել է Օշականի գյուղապետարանից, որն իրեն հղած 4 գրավոր և 1 բանավոր հարցմանը տվել է ժամանակին լիարժեք պատասխան (տես` http://www.givemeinfo.am/hy/entity/85/):

Իսկ բացասական արդյունքները ստացվել են Այգեձորի գյուղապետարանից, “Կլինիկական հիվանդանոց” ՓԲԸ-ից և “Քեթրին գրուպ” ՍՊԸ-ից: Այս մարմիններն իրենց ուղղված բոլոր 5-ական հարցումները թողել են անպատասխան:

50 մարմիններից լավագույն արդյունքը ցույց են տվել մարզպետարանները, իսկ վատագույնը` հանրային նշանակության կազմակերպությունները: Մարզպետարաններն իրեց ուղղված 50 հարցումների 74%-ին են տվել լիարժեք պատասխան, իսկ հանրային նշանակության կազմակերպություններն իրենց հասցեագրված 50 հարցումների միայն 44%-ին են լիարժեք պատասխան տրամադրել, նույնքանն էլ թողել անպատասխան:

Հարկ է նշել, որ մարզպետարանների արձանագրած լավ ցուցանիշը պայմանավորված է նաև այն փաստով, որ մարզպետարանների ներկայացուցիչները բազմիցս մասնակցել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած ՏԱ ուսուցումներին:

Այս մոնիտորինգը հնարավորություն տվեց փաստելու, որ տեղեկատվության ազատության ոլորտում առկա հիմնախնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Հիմնախնդիրներից առաջինը կարելի է նշել պաշտոնյաներից շատերի մոտ բաց աշխատելու մշակույթի բացակայությունը: Նրանց մեծ մասը դեռևս սովոր չէ պարտադիր արձագանքել հասարակության պահանջներին և տեղեկատվություն տալը չի ընկալում որպես իր հիմնական պարտականություններից մեկը:

Թեև անհիմն մերժումերը համեմատաբար մեծ թիվ չեն կազմում, սակայն դեռևս որպես մերժման հիմք է ծառայում կառավարության կողմից տեղեկություն տրամադրելու կարգը չընդունելը, ինչը շահարկվում է այն պաշտոնյաների կողմից, ովքեր չեն ցանկանում տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Այդպես, այս մոնիտորինգի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մերժել էր պատասխանել իրավաբանի գրավոր հարցմանը: Որպես մերժման հիմք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն նշել էր, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը, ուստի, կոմիտեն չի կարող տրամադրել խնդրված տեղեկությունները:

Խոչընդոտ է շարունակում մնալ նաեւ հարցումներին ժամանակին պատասխանելու հարցը։ Մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ պատասխան ստացած 161 հարցումներից 70.2%-է (113 պատասխան) միայն պատասխան ստացել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետում, իսկ 29.8%-ին (46 պատասխան) պատասխանվել է ուշացումով: Հարցումների վերլուծությունը ցույց տվեց, որ տեղեկությունների տրամադրման համար օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը իրատեսական է, և ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է պատասխան տալ հենց այս ժամկետում: Եվ հակառակը. եթե մարմինը և դրա ղեկավարությունը չունեն քաղաքական կամք և համապատասխան գիտելիք, միևնույն է տեղեկությունների տրամադրումն առանց հիմնավորման ուշանում է, պատասխանները լինում են թերի, կամ պարզապես հարցումներն անտեսվում են` դրանց պատասխանելը համարելով ոչ թե պարտականություն, այլ` հավելյալ աշխատանք:

Մոնիտորինգի արդյունքներին կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am և www.foi.am կայքերի “ՏԱ վերլուծություններ” բաժնում:

Ներկայացվող գիրքը հրապարակվել է ԻԱԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ:

Skip to content