Շնորհանդեսին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. “Ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը”:
“Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը. պատիվ ունեինք այդ կարեւոր հարցում օժանդակելու մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին եւ մասնավորապես ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան միանման կայքերի մշակմանը”,-նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը:
Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը նշեց, որ` “Արդիականացված կայքերը, բնականաբար, կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը եւ հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը: Կայքերը լավագույնս կնպաստեն պետական կառավարման համակարգի եւ հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը”:
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն փաստը, որ այս արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարաններին կատարել իրենց պարտավորությունը, որն է՝ սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները”:
Կայքերում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն: Կայքում օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաեւ առցանց հետեւել իրենց հարցումներին, նամակ-դիմումներին:
Կայքը մշակել եւ պատրաստել է “Հելիքս կոնսալտինգ” ընկերությունը: