Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ԵԱՀԿ երևանյան գրասեյակի և ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Տեղեկատվության ազատություն -2011» միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2011թ. մայիս-հունիս ամիսներին ԻԱԿ-ի կողմից իրականացված «Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում» լայնածավալ մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև` ՀՀ-ում ՏԱ ոլորտի վիճակագրական ամբողջական պատկերը ներկայացնող նոր վեբ-նախագիծը` GiveMeInfo.am:Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր բացման խոսքում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ից մեկնարկել է տեղեկատվության ազատության շաբաթը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 28-ը: Դոյդոյանը նկատեց, որ մինչ այս Հայաստանում նշվում էր միայն սեպտեմբերի 28-ը` որպես տեղեկատվության ազատության միջազգային օր: Դոյդոյանի խոսքերով` հաշվի առնելով տեղեկատվության ազատության կարևորությունը և այդ հարցի արդիականությունը` իրենք որոշել են մի ամբողջ շաբաթ նվիրել այդ հարցին:
Նա տեղեկացրեց, որ այդ շաբաթվա ընթացքում լինելու են մի շարք միջոցառումներ, և այսօրվա միջոցառումն էլ այդ շարքին է պատկանում: Դոյդոյանը նշեց, որ վերջին անգամ տեղեկատվության ազատության վերաբերյալ մոնիթորինգ իրականացվել է յոթ տարի առաջ` 2004 թ. և այժմ չափազանց հետաքրքիր է տեսնել, թե այս տարիների ընթացքում ինչպիսի արդյունքներ են գրանցվել:
Խոսելով GiveMeInfo.am («Տվեք ինձ տեղեկատվություն») կայքի մասին` Դոյդոյանը տեղեկացրեց, որ այն ծառայելու է ՀՀ քաղաքացիներին, և այս կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն հետևել, թե պետական գերատեսչություններն ինչպես և ինչ մակարդակով են բավարարում ժողովրդի` տեղեկատվություն ստանալու իրավունքը:
«Այս ծրագրի ամբողջ գաղտնիքն անվան մեջ է` «Տվեք ինձ տեղեկատվություն»: Սրանով յուրաքանչուր քաղաքացի տեսնելու է, թե քաղաքացիները ինչ հարցում են ուղարկում պետական կառույցներին և ինչ ճակատագրի են արժանանում այդ հարցումները»,- մանրամասնեց Դոյդոյանը:
Աղբյուրը` 1in.am