Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակա-բաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։
Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.
- Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ. ամենահրապարակային գործող մարմին,
- ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին` www.egov.am-ին` որպես 2010թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
- «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը` որպես 2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
- Արամ Զաքարյանին («Առավոտ» օրաթերթ)`որպես 2010թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
- «Խոսքի իրավունք» հաղորդաշարին (հ2 հեռուստաընկերություն)` որպես 2010թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում,
- Հակոբ Թովմասյանին` որպես 2010թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ Ստեփանավանի համայնքապետարանին (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես 2010թ. “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:
«Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակբաշխությունը հզորացնում է հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա, նրանց ստիպում է առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։ Շատ մարմինների համար սա լավ խթան է՝ կատարելագործելու իրենց աշխատանքը, վերանայելու թերությունները եւ շտկելու դրանք։ -Նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը,- Միեւնույն ժամանակ, այս միջոցառումը խրախուսում եւ քաջալերում է քաղաքացիներին, լրագրողներին եւ ՀԿ-ներին դառնալ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպան եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ակտիվ օգտագործող»։
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:
Հրապարակային եւ փակ գերատեսչություններն ընտրվել են հետեւյալ չափանիշները հաշվի առնելով.
- Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջների կատարում:
- Տեղեկություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել):
- Պարբերաբար հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները` համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, եւ այլն):
- ԶԼՄ-ների հետ համագործակցություն` հանրությանը ժամանակին եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։