Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի գործով վճիռը: Դատարանը մերժեց հայցը, քանի որ Լոռու մարզպետարանը վճռի հրապարակումից 1 օր առաջ “Առավոտ” օրաթերթին տրամադրել էր հայցվող ողջ տեղեկատվությունը: Նաեւ դատարանը գտավ, որ «Առավոտ» օրաթերթի կողմից ՀՀ Լոռու մարզպետին ուղարկված մարզպետարանի ոչ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով էլեկտրոնային տարբերակով ուղարկված հարցմանը չպատասխանելը չի կարող գնահատվել ոչ իրավաչափ:
Նշենք, որ մարզպետարանի ներկայացուցիչը դատարանում ընդունել էր, որ իրենք ստացել են թերթից հարցում: Դատարանում Լոռու մարզպետարանի էլեկտրոնային հասցեն գնահատվել է ոչ պաշտոնական, քանի որ հարցումն ուղարկվել է մարզպետարանի հին հասցեով: Միեւնույն ժամանակ դատարանը ընդունել է, որ թերթի լրագրողը կարող էր եւ չիմանալ մարզպետարանի էլ. հասցեի փոփոխության մասին: Հավելենք, որ հարցումն ուղարկվել է այն հասցեով, որը տվյալ պահին տեղադրված է եղել մարզպետարանի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթը դատարանից խնդրել էին ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի անգործությունը, որն արտահայտվել է հարցված տեղեկատվությունը չտրամադրելով եւ պարտավորեցնել 5-օրյա ժամկետում սպառիչ տեղեկատվություն տալու այն մասին, թե ինչ նպատակներով են ծախսվել «Այլ նպատակներ բյուջեից» տողով Լոռու մարզպետարանին 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին հատկացված գումարները, ամեն տարի քանի որոշում է կայացվել, ինչքան գումար է ծախսվել ամեն որոշմամբ:
Հավելենք, որ ԻԱԿ-ն ու «Առավոտ» օրաթերթը ՀՀ վարչական դատարանի վճիռը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում:
Այս թեմայով այլ նյութեր`
ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Լոռու մարզպետի
Լոռու մարզպետարանը, այնուամենայնիվ, ստացել է հարցումը