2010 թվականի ապրիլի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով վճիռը:
ԻԱԿ-ի կողմից դատարան հայց ներկայացնելու առիթը ԻԱԿ-ի` 2009 թվականի հունիսի 10-ի տեղեկատվություն ստանալու հարցումն էր` Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը ստանալու, այդ դեղերի ցանկը տրամադրելու վերաբերյալ: Տեղեկատվություն ստանալու հարցմանը որեւէ պատասխան չստանալով` ԻԱԿ-ը հայց ներկայացրեց դատարան` խնդրելով “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին պարտավորեցնել տրամադրել պահանջված տեղեկությունը եւ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: 2009 թվականի դեկտեմբերի 2-ին սկսված դատավարության ընթացքում “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ն տրամադրեց ԻԱԿ-ի հարցման պատասխանը:
Ապրիլի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց ԻԱԿ-ի երկրորդ պահանջը “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: