Նաեւ Մ. Հարությունյանը ներկայացրեց այս կառույցի կողմից մշակված “Միասնական տեղեկատվական հարթակը”: Այս միասնական էլեկտրոնային համակարգում ընդգրկված են բոլոր նախարարությունները եւ կառավարությանն առընթեր մարմինները, Կենտրոնական բանկը եւ պետական կառավարման այլ մարմիններ: Նախատեսվում է այս համակարգում ընդգրկել նաեւ բոլոր մարզպետարաններին: Հարթակն ամենօրյա կապ է ապահովում պետական բոլոր մարմինների հասարակայնության հետ կապերի վարչությունների եւ մամլո քարտուղարների միջեւ՝ տեղեկատվության փոխանակման եւ տեղեկատվության ապահովման նպատակով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնց մի մասը բաց է բոլոր գրանցված անձանց համար, մի մասը հասանելի է միայն համակարգողներին: Նաեւ բաժիններից երկուսը՝ նախատեսվող իրադարձություններ եւ մամլո հաղորդագրություններ, նախատեսվում է հասանելի դարձնել նաեւ մամուլի համար, որտեղից լրագրողները կտեղեկանան նախատեսվող իրադարձությունների մասին:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը եւս կարեւորեց մեկ միասնական էլեկտրոնային համակարգի մշակման գաղափարը՝ պետական մարմինների կողմից հանրությանը ամբողջական եւ ժամանակին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով։ Քննարկմանը ներկա մասնակիցները առաջ քաշեցին նաեւ խնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են համակարգի արդյունավետ գործունեության հետ: Մասնավորապես, հարթակն ունի մոնիտորինգ բաժին, որը ենթադրում է տարբեր ԶԼՄ-ների ամենօրյա մոնիտորինգի անցակցում: Սակայն մի շարք մարզպետարանների հասարակայնության հետ կապերի վարչություններ չունեն հեռուստացույց, բավականաչափ քանակությամբ թերթ բաժանորդագրվելու հնարավորություն, եւ վերջապես` մարդկային ռեսուրսների պակասը: Օրինակ, Վայոց Ձորի մարզպետարանի հասարակայնության եւ տեղեկատվության վարչությունում միայն մի աշխատակից է` վարչության պետը, իսկ Արարատի մարզպետարանում էլ հասարակայնության հետ կապերի վարչության պետի վրա դրված են մի շարք հավելյալ պարտականություններ, որոնք ներառված չեն նրա պաշտոնի անձնագրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի “Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը խոստացավ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ քննարկել վերհանված բոլոր խնդիրները եւ փորձել լուծում գտնել:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: