Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) վճռեց ամբողջությամբ բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով հնգօրյա ժամկետում տրամադրել մերժած ողջ տեղեկատվությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչեւ 2009 թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:
ՊՈԱԿ-ից ստացվել էր կես էջանոց պատասխան գրություն` առաջարկելով պահանջված տեղեկությունները ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Պատճառաբանությունն այն էր, թե համաձայն ՀՀ ԱԻ նախարարի հրամանի` ՀՀ ԱԻՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով: Փաստորեն, ՊՈԱԿ-ն ըստ էության չէր պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը: Եվ 2009թ. սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի դեմ հայց ներկայացրեց դատարան:
Դատաքննության ընթացքում “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը պնդում էր իրենց մերժման օրինականությունը որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում տեղեկությունների տրամադրումը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն սա ըստ էության տեղեկատվության տրամադրման ներքին կարգ սահմանող հանձնարարական էր: