2009թ.-ի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի:
Նախորդ դատական նիստի ժամանակ եւս ՀԱԿ ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարան գրավոր պատասխան էին ուղարկել, որում մասնավորապես նշել էին, որ ՀԱԿ-ը իրավաբանական անձ, սուբյեկտ, այսինքն` տեղեկատվություն տնօրինող չէ, հետեւապես իրենք չէին կարող պատասխանել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցմանը:
ՀԱԿ-ը, ըստ դատական կարգի, պետք է գրավոր պատասխանի մի օրինակն էլ ուղարկեր ԻԱԿ-ին, ինչը, սակայն, չէր արել: Այդ իսկ պատճառով էլ դատավոր Ա. Սուքոյանը հետաձգեց դատական նիստի քննությունը` ԻԱԿ-ին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ՀԱԿ-ի գրավոր պատասխանին: