Օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը թեմայով աշխատանքային քննարկում էր կազմակերպել Շիրակի մարզում` մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքապետերի համար:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին ներկայացրեց ՏԱ օրենքի այն սկզբունքները, որոնց առկայության դեպքում նրանք կկարողանան աշխատել իրավական հիմքի վրա, կլինեն քիչ խոցելի եւ պաշտպանված:
“Օրենքը պետք է դառնա արդյունավետ աշխատանքի գործիք եւ արդյունքը լինի բնակչության իրազեկվածությունը համայնքային գործունեությանը եւ մասնակցությունը համայնքի կյանքին, ինչպես նաեւ` մարդը պետք է պաշտպանված լինի եւ զգա, որ իշխանությունների հարաբերություններն իր հետ իրավական հիմքի վրա են”:
Մանրամասն խոսվեց հարցումներին տրվող պատասխանների ձեւաչափերի, հատկապես` մարժման հիմքերի, հղումների եւ ձեւակերպումների շուրջ:
Հանդիպումն ընթացավ հարցերի փոխանակման եւ թեժ քննարկումների մթնոլորտում, որին ակամայից իրենց մասնակցությունը բերեցին նաեւ լուսաբանման համար ներկա գտնվող Շիրակի մարզի լրագրողները:
Պաշտոնյաները կարծում են, որ իրենց ուղղված տեղեկություն ստանալու հարցումները հիմնականում օրենքի մասին իրենց տիրապետման մակարդակի ստուգման համար են արվում, այլ ոչ թե` տվյալ բնագավառի կամ փաստաթղթի շուրջ եղած հարցերի արդյունավետությունը ստուգելու նպատակով: “Մենք մեծ սիրով տրամադրում ենք, օրենքին շատ լավ տեղյակ ենք, չարչարվում ենք հարցումների պատասխանները պատրաստելիս, մեծ ծավալով նյութեր ենք պատճենահանում կամ տպում, տրամադրում ենք, բայց երբեք հետադարձ կապի արդյունք չենք տեսել: Որեւէ առաջարկ կամ վերլուծություն տվյալ փաստաթղթի հետ կապված չենք տեսել: Շատ կուզենայինք, որ մեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը հանգեցնի կոնկրետ հարցերի առավել արդյունավետ լուծմանը: Այսինքն` հարցում ուղարկած մարդն իրեն զգա մասնակից, այլ ոչ` պահանջատեր”:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաջորդ հանդիպումը տվյալ մարզի երիտասարդների հետ էր:
ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը բացատրեց, թե ինչպես պետք է օգտագործեն ՏԱ օրենքը, ինչ կարգով հարցումներ ուղարկեն, ինչ ժամկետներում պատասխան ակնկալեն եւ այլն:
“Քննարկվող թեման հնարավորություն կտա լինել նախաձեռնող եւ մասնակից պետական եւ համայնքային գործընթացներին: Օրենքի մասին իրազեկումը եւ դրանից օգտվելու մեխանիզմների իմացությունը նաեւ կբարձրացնի երիտասարդների պաշտպանվածությունը եւ քաղաքացիական գիտակցությունը”,-հավաքվածների կոչ արեց Մ. Հակոբյանը:
Միջոցառումներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: