2009թ.-ի հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ՀՀ Վարչական դատարանում` դատավոր Ա. Ծատուրյանի նախագահությամբ, քննվելու է “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի վերաբերյալ:
Նշենք, որ դեռեւս 2008թ. դեկտեմբերին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում: ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Փարաքարի գյուղապետին, որի մեջ ներառել էր գյուղի բնակիչների պատասխան չստացված հարցերը, որոնք են.
1. Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող 250-260քմ հողամասը ներառվա՞ծ է արդյոք ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
2. Եթե այո, խնդրում եմ հայտնել, թե ինչ հիմքով եւ պատճառով,
3. Եթե ոչ, խնդրում եմ հայտնել այդ մասին:
2009թ. հունվարի 10-ին գյուղապետից ստացված պատասխանը թերի էր: Հետեւաբար, ԻԱԿ-ը դիմել էր դատարան, որպեսզի դատական կարգով ամբողջական եւ սպառիչ պատասխան ստանա համայնքապետից: