Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսի 24-ին Արմավիրի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգը ներդնելու նպատակով։ Այս տեխնիկական աջակցությունը ցուցաբերվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:
“Նախատեսվում է, որ այս տարվա արդեն սեպտեմբեր ամսին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Արմավիրի մարզպետարանում կներդնի “Mulberry” համակարգը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում կկազմակերպի` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով:
Փաստաթղթաշրջանառության “Mulberry” էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի զգալիորեն կրճատել նամակ-դիմումներին պատասխանելու ժամկետները, կխնայվեն մարդկային եւ նյութական ռեսուրսներ, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը”,-նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Ներկա 50-ից ավելի համայնքապետերը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման առավելությունների մասին լսելով՝ բավականին ոգեւորվեցին եւ հետաքրքրվեցին, թե իրենց համայքներում եւս ներդրվելո՞ւ է այս համակարգը: ԻԱԿ նախագահը պատասխանեց, որ մինչ տարեվերջ հանրապետության 23 համայնքներում նախատեսվում է ներդնել փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգ:
Ինչպես նաեւ ԻԱԿ-ը Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների եւ Արմավիրի մարզի համայքնապետերի համար կազմակերպել էր “Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցում:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը խոսեց տեղեկատվության տրամադրման, դասակարգման, մշակման եւ պահպանման մասին: Ներկաներին մարմամասնեց, թե ինչ բնույթի տեղեկատվություն են իրենք պարտավոր պարբերաբար հրապարակել:
Առատաշենի համայնքապետը հետաքրքրվեց, թե “գյուղապետարանի շենքում որոշումների փակցնելը համարվո՞ւմ է հրապարակայնություն”: Մ. Հակոբյանը պատասխանեց, որ` այո, համարվում է, սակայն միեւնույն ժամանակ մանրամասնեց, որ “հրապարակայնությունը պետք է համարժեք լինի մատչելիությանը”:
Համայնքապետերից մեկն էլ նշեց, որ եթե տվյալ անձը ամեն օր մի որոշում է ուզում, ինքը պարտավո՞ր է այդ տեղեկատվությունը տալու: “Ես այդքան որոշում ո՞նց տամ, ամեն ինչ հո չե՞մ տալու”,- վրդովված արձագանքնեց նշյալ գյուղապետը:
ԻԱԿ նախագահ Շ. Դոյդոյանն էլ պատասխանեց, որ “եթե տվյալ մարդը ամեն անգամ ուզում է տարբեր որոշումներ, ապա համայնքնապետը պարտավոր է տալու պահանջվող տեղեկությունը”:
Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին, թե որ դեպքերում կարող են մերժել տեղեկություն ստանալու հարցումները: ԻԱԿ փորձագետը նշեց այն 3 դեպքերը, որոնք կարող են մերժման հիմք հանդիսանալ` եթե տվյալ տեղեկատվություն գաղտնիք է, եթե այդ տեղեկությունը հեղինակային իրավունք է եւ եթե տվյալ անձնավորությունը տեղեկատվություն տնօրինող չէ:
Ներկա համայնքապետերն ու մարզպետարանի աշխատակիցները հանդիպման վերջում նշեցին, որ բավականին շատ ինֆորմացիա ստացան տեղեկատվության ազատության վերաբերյալ, ինչպես նաեւ հույս հայտնեցին, որ նմանօրինակ հանդիպումներ հետագայում եւս կկազմակերպվեն, “քանի որ կուտակված շատ հարցեր իրենց պատասխանները ստանում են նմանատիպ քննարկումների ժամանակ”:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: