Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը որոշել է վճռաբեկ բողոքի օգնությամբ ի վերջո լուծել տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ վարչական դատարանում քննված ԻԱԿ-ի կողմից հարուցված տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքի 4 գործի դեպքում դատարանը մերժել է տեղեկատվություն չտրամադրած պաշտոնյային վարչական տուգանքի ենթարկելու պահանջը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սույն թվականի ապրիլի 16-ին նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան` ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի, Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի (վարչական գործ թիվ ՎԴ/6279/05/08 23.03.2009թ. վճիռ):

Հիշեցնենեք, որ ՀՀ վարչական դատարանը քննել է վարչական գործն ըստ հայցի ՙԻնֆորմացիայի ազատության կենտրոն՚ հասարակական կազմակերպության ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

ՀՀ Վարչական դատարանը 23.03.2009թ-ին վճռել է. “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի հայցը բավարարել մասնակի` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով:
    “Ոչ իրավաչափ ճանաչել Կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվության տրամադրման մերժելուն ուղղված Համայնքի ղեկավարի գործողությունները:
    Հայցը` Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասով մերժել”:

ՀՀ վարչական դատարանը ԻԱԿ-ի պահանջը մասնակի մերժել է` պատճառաբանությամբ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասի պատասխանատվությունը սահմանված է տեղեկատվությունն ապօրինի չտրամադրելու համար, մինչդեռ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավարի կողմից նշված տեղեկատվությունը` չնայած ուշացումով, այնուամենայնիվ տրամադրվել է հայցվորին: Դատարանը գտել է, որ բացակայում է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Սակայն ԻԱԿ-ը գտնում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասը, որի համաձայն.
    ՙOրենքով նախատեuված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանuավորվող կազմակերպությունների, ինչպեu նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապoրինաբար չտրամադրելը`
    առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկից մինչեւ հիuնապատիկի չափով՚:

Դատարանը թեեւ գտել է, որ այս դեպքում դատաքննության ընթացքում պահանջվող տեղեկատվությունը տրամադրելը բացառում է տեղեկատվությունը չտրամադրելու համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքը: Այնուամենայնիվ, նման մեկնաբանությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 27, 27.1, “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասի պահանջներից, քանի որ վերը նշված դրույթների մեկնաբանությունից բխում է, որ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելը, դա օրենքով սահմանված ժամկետում` տվյալ դեպքում` 30-օրյա ժամկետում չտրամադրելն է, որի խախտումն էլ հենց տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելն է:

Դա նշանակում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 198.7 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմը ավարտված է համարվում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված ժամկետներում (5-օրյա կամ 30-օրյա) պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում:

Հակառակ մոտեցման դեպքում, կստացվի, որ որեւէ մեկի համար ՀՀ Սահմանադրության 27, 27.1 հոդվածներով ու “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9 հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով երաշխավորված իրավունքը հնարավոր չի լինի արդյունավետորեն իրականացնել ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես օրենքով սահմանված ժամկետում չեն տրամադրի տեղեկատվությունը եւ, եթե որեւէ մեկը դիմի իր իրավունքի դատական պաշտպանության, ապա դրանից հետո միայն կտրամադրվի պահանջվող տեղեկատվությունը:

Skip to content