Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Իրավունքի խախտման փաստը ճանաչվեց, բայց տեղեկատվություն չտրամադրվեց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրավունքի խախտման փաստը ճանաչվեց, բայց տեղեկատվություն չտրամադրվեց

ՀՀ վարչական դատարանը սույն թվականի հունվարի 8-ին կայացրած վճռով ճանաչել է քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, սակայն մերժել է տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը:

2008թ. օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքացի Արտակ Զեյնալյանը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին` խնդրելով տալ տեղեկատվություն հետեւյալի մասին`
1.    Հայաստանի օրենսդրության համաձայն ես եւ/կամ վստահորդներս ներկայումս ունե՞նք արդյոք մեր գործերի վարույթների երկարատեւությունը բողոքարկելու մատչելի պաշտպանության միջոցներ.
2.    եթե այո, ապա “արդյունավետ” են դրանք` այն իմաստով, որ
3.    հնարավոր լինի կանխել ենթադրյալ խախտումը, կամ
4.    դրա շարունակումը, կամ
5.    պատշաճորեն վերականգնել արդեն խախտված իրավունքը,
6.    եթե առկա են պաշտպանության միջոցներ, ինձ տրամադրել (կամ կոնկրետ մատնանշել, թե որտեղից կարող եմ դրանք գտնել) ներպետական իրավակիրառական պրակտիկայից օրինակներ` ցույց տալու համար, որ օգտագործելով խնդրո առարկա միջոցները` այլ անձանց համար հնարավոր եղել է հատուցում ստանալ եւ/կամ կանխել ենթադրյալ խախտումը եւ/կամ դրա շարունակումը:

Հարցմանը ԱԳՆ-ի կողմից որեւէ պատասխան չի տրվել:

Եվ Ա. Զեյնալյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան`ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության`  տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելու պահանջների մասին:

Պատասխանող կողմը` ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ա. Կարապետյանը, սակայն, դատաքննության ժամանակ անհիմն համարեց Ա. Զեյնալյանի հայցադիմումը` համարելով խնդրո առարկա հարցումը` Ա. Զեյնալյանի կողմից ուղարկված, “անհասկանալի բովանդակության”:
Նաեւ պատասխանող կողմը տեղեկացրեց, որ իրենք ցանկացել են մանրամասնել հարցման բովանդակությունը, սակայն տեղեկատվություն ստանալու հարցման մեջ նշված չի եղել հեռախոսահամար, արդյունքում` հնարավոր չի եղել հստակեցնել պահանջվող տեղեկությունները: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն Ա. Զեյնալյանի տվել է պատասխան, որն ուղարկել է սեպտեմբերի 9-ին` խախտելով տեղեկատվության տրամադրման համար սահմանված 5-օրյա ժամկետը:

Նաեւ ԱԳՆ ներկայացուցիչը դատավարության ընթացքում տեղեկացրեց, որ հայցվորը` Ա. Զեյնալյանը տեղեկություն ստանալու հարցումն ուղարկել է ՏԱ օրենքի խախտմամբ: Այսինքն` գրավոր հարցման մեջ չի նշել  իր քաղաքացիությունը, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը:

ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի) սույն թվականի հունվարի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ կայացրած վճռով որոշեց Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի: Այսինքն` ճանաչել Ա. Զեյնալյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը` միեւնույն ժամանակ մերժելով ՀՀ ԱԳՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջը:

Վճիռը բավականին անհասկանալի է, քանի որ, եթե խախտված իրավունք կա, ապա հնարավորության սահմաններում պետք է այն վերականգնել, ինչը, սակայն, դատարանը չարեց: Այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով`Ա. Զեյնալյանը որոշել է ՀՀ վարչական դատարանի 08.01.09թ. կայացրած վճիռը բողոքարկել:

Skip to content