Պարզվում է` որոշ դատավորներ բավականին ուշադիր են հետեւում իրենց մասին մամուլի հրապարակումներին, նաեւ` հետեւելուց բացի օգտակար հետեւություններ են անում: Այդ դատավորների թվին է պատկանում ՀՀ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը: Եվ փետրվարի 6-ի դատական նիստը սկսվեց հատուկ լրագրողների համար կազմակերպված ֆոտոսեսիայով: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը նիստին ներկա լրագրողներին թույլ չէր տվել լուսանկարելու դատական նիստը՝ սահմանափակելով դատական նիստի հրապարակայնության սկզբունքը: Եվ թերթերն անդրադարձել էին այդ փաստին:Փետրվարի 6-ին ՀՀ վարչական դատարանում (դատավոր` Աշոտ Սարգսյան) շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի հայցի նախնական քննությունը:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը դատարանից պահանջել էր Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնել եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկել:
Պատասխանող կողմին` Նոր Նորքի թաղապետարանի ներկայացուցչին, պատճաշ կերպով ծանուցվել էր դատի մասին, սակայն պատասխանող կողմը չէր ներկայացել նախնական դատական նիստին: Հետեւաբար, դատը սկսվեց առանց պատասխանող կողմի: Եվ որքան էլ դատավորը դեռ նախորդ նախնական դատական նիստի ժամանակ ջանք էր թափում հաշտեցնելու կողմերին, անգամ հուշումներ էր անում պատասխանող կողմին, այնումանեայնիվ, հաշտություն այդպես էլ տեղի չէր ունեցել:
Դատավորը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված, գործի քննությունը նշանակեց 2009թ. մարտի 6-ին, ժամը 15:30-ին` չմոռանալով կրկին անգամ հույս հայտնել, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է հաշտություն կնքվի ԻԱԿ-ի եւ Նոր Նորքի թաղապետարանի միջեւ:
Այս թեմայով այլ նյութեր`