“Մենք արդեն ավելի իրազեկ ենք եւ վստահ կարող ենք ցանկացած դուռ թակել` տեղեկատվություն ստանալու համար”,– այսպիսի ինքնավստահություն ներշնչեց Գեղարքունիքի մարզի երիտասարդներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ մայիսի 8-ին կազմակերպած «Ինչպես օգտագործել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որին մասնակցում էր մարզի քաղաքացիական հասարակության 36 ակտիվ ներկայացուցիչ։
Հանդիպման ընթացքում փորձագետ Մ. Հակոբյանը երիտասարդներին տեղեկացրեց, որ իրավունքի իրականացումը սկսվում է տեղեկատվություն ունենալուց: Նաեւ մանրամասնեց, թե ինչ է տեղեկատվության ազատությունը, ինչպես պետք է օգտվել այդ ազատությունից եւ իրավունքից, ինչպես նաեւ տեղեկատվություն տանալու կարգը, ժամկետները, մերժման հիմքերը եւ այլն:
Բանախոսը երիտասարդներին ներկայացրեց տեղեկատվություն ուսումը եւ աշխատանքը համատեղելու, մասնագիտական աշխատանքի տեղավորման հնարավորությունների, ուսանողների եւ ուսումնական հաստատության այլ սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ եւ այլն: Երիտասարդներին ավելի շատ հետաքրքրում էր կրթության եւ աշխատանքի հետ կապված տեղեկատվության ազատության խնդիրները:
նույն օրը ԻԱԿ-ը կազմակերպեց մեկ այլ քննարկում եւս Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ներկայացուցիչների համար՝ Ինչպես կիրառել ՏԱ մասին օրենսդրությունը թեմայով։ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց ՏԱ օրենքը. տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցումների մերժումների ցանկը եւ այլն:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Գեղարքունիքի փոխմարզպետ Արթուր Ղուկասյանը: Փոխմարզպետը կարեւորեց նման հանդիպումը` տեղեկացնելով, որ “մարզպետարան դիմող քաղաքացիների բողոքների 80 տոկոսը տեղեկատվության պակասի արդյունք է”: Եվ ՏԱ օրենքի իմացությունը, համայնքապետերի գործունեության կառուցումը տեղեկատվության ազատության չափանիշներին համապատասխան կնպաստի ամբողջ մարզի բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Ի տարբերություն ԻԱԿ-ի այցելած մյուս մարզերի, Գեղարքունիքի մարզում հանդիպումը ՏԻՄ ներկայացուցիչների հետ ընթացավ շատ պասիվ մթնոլորտում, կամ համայնքապետերը լավատեղյակ էին ՏԱ օրենքին, կամ փոխմարզպետի ներկայությունն էր նրանց կաշկանդում, կամ էլ…
“Տեղեկատվության տրամադրումը չպետք է լինի ըստ ցանկության, այլ այն օրենքի հստակ պահանջ է”,- ներկաներին մեկ անգամ եւս հիշեցրեց փոխմարզպետ Ա. Ղուկասյանը:
ԻԱԿ փորձագետն էլ հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ “հրապարակման ենթակա տեղեկատվությունը յուրաքանչյուրինն է` անկախ նրանից, թե այդ անձը բնակվում է տվյալ համայնքում, թե ոչ”:
Միջոցառումներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: