“Տեղեկատվության ազատությունը դա հրապարակայնությունն է, թափանցիկությունը եւ մատչելիությունը”,- այս 3 առանցքային հարցերի շուրջ էլ ծավալվեց «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որը փետրվարի 17-ին Կոտայքի մարզում կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` նշյալ մարզի քաղաքացիական հասարակության 27 ներկայացուցչի համար:ԻԱԿ ծրագրերի համակարգող Անահիտ Քոչարյանը ներկաներին տեղեկացրեց ԻԱԿ-ի գործունեության մասին, ԻԱԿ-ի կողմից իրականացվող տեղեկատվության ազատության խախտված իրավունքի դատական պաշտպանության մասին, նաեւ նշեց, թե որքան կարեւոր է յուրաքանչյուրի համար ծանոթ լինել եւ իր կյանքում կիրառել ՏԱ օրենքը:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ մանրամասնեց ՏԱ օրենքը. տեղեկատվության դասակարգման, մշակման, պահպանման կարգը, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, տեղեկատվություն ստանալու հարցման մերժումների ցանկը եւ այլն:
Մասնակիցներին հետաքրքրում էր տեղեկատվություն ստանալու համար սահմանված վճարի կարգը: Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ ՏԱ օրենքի համաձայն մինչեւ 10 էջը տրամադրվում է անվճար, իսկ 10 էջից սկսած կարող է որոշակի գումար սահմանվել, սակայն “տեղեկատվության տնօրինումը չպետք է եկամտի աղբյուր դառնա: Տեղեկատվության տրամադրման համար ավագանու որոշմամբ որոշակի գումար է սահմանվում, որի արժեքը, սակայն, չպետք է գերազանցի տեղեկատվության տրամադրման իրական արժեքին”:
“Տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկողը որքանով որ չպետք է հիմնավորի իր հարցման նպատակը, այնքանով տեղեկատվություն տնօրինողը պետք է հիմնավորի իր մերժումը”,-ուսուցման մասնակիցներին տեղեկացրեց ԻԱԿ փորձագետը:
Քննարկման մասնակիցները բավականին մեծ զարմանք արտահայտեցին, երբ իմացան, թե ինչքան շատ հարցերում պետք է համայնքի բնակիչների առջեւ հաշվետու լինեն համայնքի ղեկավարն ու ավագանին: Նաեւ խոստացան, որ ՏԱ օրենքի վերաբերյալ իրենց գիտելիքները կկիրառեն եւ կփորձեն իրենց համայնքների աշխատանքը ավելի թափանցիկ դարձնել:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: