Մարտի 14-15-ին Ծաղկաձորում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնագիտական վերապատրաստում` “Դատախազության գործունեության լիազորությունները դատաիրավական բարեփոխումների արդի փուլում եւ տեղեկատվության ազատության հիմնահարցերը” թեմայով:Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն էր իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ քննարկել դատախազության աշխատանքների առանձնահատկությունները, դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, տրամադրվող տեղեկատվության հրապարակայնության սահմանները եւ այլն:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` իր խոսքում հատուկ ընդգծելով դատախազական մարմինների աշխատանքների մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը: “Դատախազությունը չի կարող դառնալ“սեւ արկղ” տեղեկատվության համար, այն տեղեկատվությունը, որը չի վնասում նախաքննությանը, մեր կողմից տրամադրվում է հանրությանը”,-նկատեց ՀՀ գլխավոր դատախազը: Նաեւ Աղվան Հովսեփյանը ներկաներին ներկայացրեց դեպքեր, երբ հրապարակայնությունը վնասել է հանցագործության բացահայտմանը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը խոսեց քրեական գործերով դատախազության հսկողության եւ դատավարական ղեկավարման առանձնահատկությունների մասին:
ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ Արտակ Հարությունյանը իր ելույթում անդրադարձավ դատախազության կառուցվածքի, լիազորությունների եւ դրանց իրականացման կառուցակարգերին: “Մենք հասանք նրան, որ եթե նախկինում դիմում էինք վճռաբեկ դատարան, մերժում էին` առանց պատճառաբանության, այժմ բոլոր մերժումները հստակ պատճառաբանված են”:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը հիմնականում խոսեց դատախազության դերի մասին` օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանցագործների հանձման եւ տեղեկատվության փոխանակման գործում:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց ՏԱ օրենքը, մերժման, վճարման կարգերը, տրամադրվող տեղեկատվության սահմանափակումները եւ այլն: “Դատական պրակտիկայում հրապարակայնությունը երկու ձեւով է հանդես գալիս. գործում է անձին ուղված հրապարակայնության սկզբունքը, որը ուղղակիորեն անձին ուղված իրազեկման գործառույթն է եւ հանրության իրազեկում` լրատվամիջոցների միջոցով”: Լրագրողներին հետաքրքրում էին անձնական կյանքի եւ ընտանեկան գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվության սահմանները, նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների իրավական բացատրությունը եւ այլն: Ներկաները փորձագետից հետաքրքրվեցին, թե արդյոք անձնական սեփականություն հանդիսացող տարածքներում (խանութներ եւ այլն) կարելի՞ է նկարահանումներ անել: Մ. Հակոբյանը պատասխանեց, որ այո, քանի որ նկարահանվում են այնտեղի ապրանքները, որոնք անձնական սեփականություն չեն:
“Դատախազության դպրոց” ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող Տիգրան Պողոսյանն էլ խոսեց խոսքի ազատության եւ զրպարտության, վիրավորանքի սահմանազատման չափորոշիչների մասին: Մանրամասն ներկայացրեց միջազգային փորձը, նշյալ հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի կողմից կայացրած վճիռները եւ այլն:
Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: