“Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տարիներ շարունակ ջանք է թափում՝ մեր պետական կառույցներին “դաստիարակելու”, որ հասարակության և մամուլի հետ աշխատեն բաց և թափանցիկ, և եթե լրագրողը, օրինակ, հարցում է ուղարկում որևէ պետական մարմնի, բարի լինեն օրենքով սահմանված հնգորյա ժամկետում բարեխղճորեն և պատշաճ կերպով պատասխանեն հարցմանը։
Բայց մեր պետական կառույցներին ԻԱԿ-ի դաստիարակչական մեթոդները, կարծես թե, այնքան էլ չեն ազդում։ Նրանք էլի շարունակում են աշխատել այնպես, ինչպես իրենց “քեֆն է տալիս”։
Դրա համար կենտրոնը որոշել է մշակել և գործարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության մասին ինդեքս, որը նախատեսված կլինի տվյալ մարմինների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը գնահատելու համար։
ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց, որ ամենամյա ինդեքսը կազմվելու է հիսունից ավելի չափորոշիչների հիման վրա, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացում, հրապարակայնության/մատչելիության ապահովում տեղեկություն տնօրինողի սեփական նախաձեռնությամբ և տեղեկություն տնօրինող ի աշխատակազմ և աշխատաոճ, թե որքանով են տեղեկություն տնօրինող մարմինները պատշաճ կատարում հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու իրենց պարտականությունը։ Տեղեկություն տնօրինողների գնահատումն իրականացվելու է տարեկան մեկ անգամ և իրականացվելու է երեք փուլից։
Կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանն էլ նշեց, որ համակարգը կգործի էլեկտրոնային տարբերակով, իրենք հարցում կուղարկեն բոլոր մարմիններին և իրենց պատասխանները համադրելով կենտրոնում ունեցած իրենց բազայի հետ, որից հետո կպարզեն՝ տվյալ մարմինը որքանով է ճիշտ պատասխանել իրենց հարցերին կամ որքանով է եղել թափանցիկ։ Բացի այդ, համակարգը կգործի բաց և թափանցիկ, կգործի ԻԱԿ-ի կայքում, և հատուկ տեղ կհատկացվի մեկնաբանությունների համար, որ լրագրողներ ու քաղաքացիները մտնեն, տեղնեն արդյուքններն ու եթե հակադարձելու որևէ բան կուեննան, մեկնաբանություններում արտահայտեն իրենց կարծիքը։
Լիանա Դոյդոյանը նշեց նաև, որ եթե նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությանը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողնում տեղեկատվություն ստանալու հարցումը, ապա այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ թության պատասխան։
Վահե Մակարյան